Բաժիններ՝

Հայացքը միշտ դեպի հայրենիք ուղղած գրողը. Ավետիք Իսահակյանի 150-ամյակը կնշվի Հայաստանում և արտերկրում

Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը, համագործակցելով տարբեր կառույցների հետ, գրողի 150-ամյա հոբելյանի առթիվ նախաձեռնել է մի շարք միջոցառումներ, որոնք նորովի կբացահայտեն Իսահակյան մարդուն, ստեղծագործողին, մտածողին, հայրենասերին, հնարավորություն կտան առավել լավ հասկանալ նրա ստեղծած արժեքների խորությունն ու էությունը։

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում տուն-թանգարանի տնօրեն Արմինե Ավետիսյանը հավաստիացնում է՝ անելու են ամեն բան, որ Իսահակյանի հոբելյանը դառնա համահայկական և միջազգային տոն։Տուն-թանգարանը նոր ցուցադրության է պատրաստվում։

«Ցանկանում ենք Իսահակյանին ներկայացնել ամբողջական կերպարով, որպեսզի հանրությունն իրական մեծությանը ճանաչի։ Կարծում եմ՝ այդ առումով որոշակի բաց կա։ Մենք լավ չգիտենք, թե ով էր մարդ Իսահակյանն իր հույզերով, զգացմունքներով, պատկերացումներով, թե ով էր ազգային գործիչ Իսահակյանը, ով էր Եվրոպայի քաղաքացի Իսահակյանը։ Նա այն քիչ գրողներից է, որ այդ տարիներին երկար ապրել է եվրոպական երկրներում և ոչ միայն ապրել է, այլև մեծ ներդրում ունեցել Եվրոպայի մշակութային կյանքում, շատ հարազատ ընկերներ է ձեռք բերել,  շփվել  է եվրոպացի ականավոր մտավորականների հետ և այդ ամենը փորձել է բերել հայրենիք։ Իսահակյանը որտեղ էլ հայտնվեր՝ աքսորում, աշխարհի տարբեր ծայրերում, ուներ վերադարձի մեկ ճանապարհ՝ հայրենիք։ Որտեղ էլ եղել է, հայացքը դեպի հայրենիք է ուղղել»,-պատմում է Ավետիսյանը։

Նոր ցուցադրության մեջ հենց դա են ներկայացնելու՝ Իսահակյանի ոդիսականը, որն ավարտվում է հայրենիքում։ Ավետիք Իսահակյանը 18 տարեկանից մասնակցել է ազգային ազատագրական գործի կազմակերպմանը, ձերբակալվել է, անընդհատ հարցաքննությունների ենթարկվել, հետո ստիպված հայրենիքից հեռացել է, քանի որ նորից կաքսորեին ու կձերբակալեին, սակայն անգամ տարբեր երկրներում ապրելիս իր քայլերն ու գործն ուղղել է հայրենիքի բարօրությանը, նրա գրվածքները նվիրված են հայրենիքին։

«Գերմանիայում եղել է Գերմանա-հայկական ընկերության հիմնադիրներից մեկը գերմանացի հասարակական գործիչ Յոհաննես Լեփսիուսի հետ, «Մեսրոբ» ամսագրի խմբագիրն էր։ Ապրել է նաև Ֆրանսիայում, Իտալիայում, Վենետիկյան միաբանությունում, շատ ուսումնասիրությունների է ծանոթացել, նյութեր է պատրաստել՝ թարգմանություններ, գրավոր աղբյուրներ, Ֆրանսիայում Հայ օգնության կոմիտեի փոխնախագահն էր։ Առաջին ներգաղթն Արևելյան Հայաստան հենց Իսահակյանն է կազմակերպել։ Նրա կերպարը կրթող է, դաստիարակող է,  ոգևորող է։ Նա հավատացնում է, որ մենք ևս կարող ենք մեր հայրենիքի համար ինչ-որ բան անել»,-ընդգծում է տուն-թանգարանի տնօրենը։

Գերմանիայում սովորելու տարիներին Ավետիք Իսահակյանը, գիտակցելով, որ հայրենիքը զուրկ է հսկայական մշակույթից՝ Հայնեի, Գյոթեի և այլ մեծերի գրականությունից, իր հետ համաշխարհային գրականության նմուշներ է բերում Հայաստան, ինչն անելը բավականին համարձակ քայլ էր։ Յոթ հարյուրից ավելի նման գիրք է այժմ պահվում հեղինակի տուն-թանգարանում։

«Այդ գրքերը Հայաստանում պահպանելը բարդ էր, քանի որ ցարական կառավարությունն անընդհատ խուզարկում էր նրա տունը, գրքերը երբեմն բռնագրավել են։ Իսահակյանը նամակ է գրել ու խնդրել իրեն վերադարձնել գոնե գերմաներեն գրքերը՝ գիտակցելով, որ այդ նմուշները շատ կարևոր են հայ երիտասարդներին կրթելու համար։ Երբ բացվում է Վալերի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի գերմաներենի բաժինը, ուսանողները շատ գրքեր չունեին և Իսահակյանին էին խնդրում իրենց գրականություն տրամադրել։ Իսահակյանն անվերջ քարոզել է կարդալ, սովորել, սիրել սովորելը»,-պատմում է Ավետիսյանը։

Սպասվող ցուցադրությունը կլինի նոր մոտեցմամբ, ժամանակակից թանգարանագիտական պահանջներին համապատասխան։ Բավականին երկար ժամանակ է՝ տուն-թանգարանը համագործակցում է Հայաստանում Գյոթեի անվան ինստիտուտի հետ։ Այդ համագործակցության շրջանակում ինստիտուտի ղեկավարը թանգարան է հրավիրել Լայպցիգի քաղաքապետարանի աշխատակիցներից մեկին, որը հետաքրքրված է եղել հայ մշակույթով և Հայաստանի հետ հանրային կապեր հաստատելու ցանկությամբ։ Տուն-թանգարանում հյուրին ներկայացրել են Իսահակյանի փառահեղ գործունեությունը, անդրադարձել գրողի՝ Լայպցիգում անցկացրած տարիներին, ընդգծել Իսահակյան-Գերմանիա կապը։ Արդյունքում Լայպցիգի քաղաքապետարանն առաջարկել է հուշատախտակ բացել այն տան վրա, որտեղ ապրել է գրողը։ Առաջարկին աջակցել է նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։

«Ոչ միայն հուշատախտակ է տեղադրվելու, այլև Հայաստանը մեծ շուքով մասնակցելու է Լայպցիգի գրքի փառատոնին։ Ամեն բան իսահակյանական ոգով կլինի, նաև համերգ է կազմակերպվելու և հնչելու են Իսահակյանի խոսքերի հիման վրա գրված երգեր։ Լայպցիգի գրքի փառատոնի շրջանակում պատրաստել ենք երեք մեծ միջոցառում՝ «Աբու Լալա Մահարի» պոեմի հայերեն-գերմաներեն տարբերակի շնորհանդեսը, «Վարպետը» անիմացիոն ֆիլմի գերմաներեն թարգմանությամբ ցուցադրությունը և Իսահակյանի տարբեր ստեղծագործությունների գերմաներեն թարգմանությամբ գրքի շնորհանդեսը։ Հուշատախտակի բացումը նախատեսվում է մարտի 25-ին, նույն օրը կլինի համերգը, իսկ Գրքի փառատոնի մեկնարկը տրվելու է մարտի 27-ին։ Մեր պոստերների գլխավոր նկարի հեղինակը գերմանացի հայտնի նկարիչ Օտաման Բեգասն է։ Նա նկարել է Իսահակյանին, երբ սուրճ են ըմպել Գերմանիայի սրճարաններից մեկում։ Նկարն արժեքավոր է»,-ընդգծում է տնօրենն ու հավելում՝ վերջերս են նկարը գտել գրողի արխիվում։

Սեպտմբերին և հոկտեմբերին Ֆրանսիայում են հանդես գալու տարբեր նախաձեռնություններով։ Փարիզի համալսարաններից մեկում իսահակյանական միջոցառումներ են կազմակերպվելու, որոնց կմասնակցեն աշխարհի տարբեր երկրներից ուսանողներ։ Տեղի կունենա նաև «Աբու Լալա Մահարի» պոեմի ֆրանսերեն թարգմանության  շնորհանդեսը։ Թանգարանը նախատեսում է իրականացնել նաև փոքրերի համար աննախադեպ ու հետաքրքիր ծրագիր. ստեղծելու են խամաճիկների թատրոն։ Իսահակյանի հեքիաթների հիման վրա գրված սցենարներով ինտերակտիվ, հումորային, խաղային ներկայացումներ են բեմադրվելու. թատրոնը նաև շրջագայելու է, իսկ «Միայն սիրո լարը մնաց» ներկայացումը, որի առանցքում Իսահակյանի և Շուշանիկ Մատակյանի սիրային նամակներն են, կշրջի մարզային թանգարններում։ Հրատարակության են պատրաստել  Իսահակյանի մասին հուշերի գիրք, որը կտպագրվի միչև տարվա վերջ։ Մեկ այլ անակնկալ կլինի կրկին փոքրիկների համար. Իսահակյանի ստեղծագործություններից մեկը՝ «Մի մկան պատմությունը»-ը, դառնալու է անիմացիոն խաղ-գիրք, նկարելու համար գիրք և փազլ գիրք։ Այն հրատարակելու է GSM-ը։

«Իսահակյանի հեքիաթները երբեք նման ձևաչափով չեն ներկայացվել»,-նշում է Արմինե Ավետսյանն ու հավելում՝ այլ միջոցառումներ ևս սպասվում են, սակայն դեռ վաղ է բացել փակագծերը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս