Եվ առհասարակ ինչո՞ւ պիտի գոյություն ունենա այնպիսի մտայնություն, թե Արցախի պատմությանն առնչվող գիրքը սադրանք է. Հրաչ Մարտիրոսյան

Լեզվաբան Հրաչյա Մարտիրոսյանը գրում է. «Վարչապետը հաստատեց, որ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը պաշտոնանկ է արվել իր անմիջական հրահանգով, քանի որ նա Վենսին էր նվիրել հինգ գիրք, որոնցից մեկը ամերիկյան մամուլի արձագանքն է 1905-21 թթ. հայերի դեմ ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ։ Այսինքն՝ ընդամենը պատմական վկայությունների ժողովածու։

Բացարձակապես անհասկանալի է, թե պատմական վկայությունների ժողովածու նվիրելն ինչո՛ւ բնութագրվեց սադրանք։ Այն էլ՝ ընդգծված սուր տոնով ու արտասանությամբ։ Ի՞նչ է արել Գզոյանը։ Հո չի՞ բարձրաձայնել այն զտարյուն ճշմարտությունը, որ Ադրբեջանը ղախպատերություն է, մեր երդվյալ թշնամին է ու մեր հին ու նոր աղետների գլխավոր հեղինակներից մեկը։ Հո արյունոտ ռևանշիզմի ծրագիր չի՞ ներկայացրել։ Հո պատերազմի քարոզ չի՞ արել։ Էդ մարդը պատշաճ գիտնական է, ոչ թե գիտության կեղծարար. նվիրել է ակադեմիական գիրք, որ ընդամենը պատմական վկայությունների ժողովածու է և թեմատիկորեն էլ հենց ներդաշնակում է թե՛ իր գիտական գործին ու Ցեղասպանության թանգարանին, թե՛ Վենսի՝ մեր տարածաշրջանում գործունեության համատեքստին։ Մանավանդ որ այդ գիրքը հենց ամերիկյան մամուլի արձագանքն է. այսինքն՝ դրանով է՛լ է Վենսի թեմայի մեջ։

Թե բա՝ պրոտոկոլային խախտում ու սադրանք… Նախ՝ տարբեր ելույթներ ու քննարկումներ տեսա, և ոչ մի տեղ հստակ պարզ չեղավ, թե կոնկրետ ի՛նչ պրոտոկոլի մասին է խոսքը։ Նախապես հստակեցվել է՞ այդ ամենը։ Եթե չէ, ապա ինչի՞ էր պետք մարդուն այդպես պատժելը։ Ծայրահեղ դեպքում կարելի էր սահմանափակվել նկատողությամբ։

Եվ առհասարակ ինչո՞ւ պիտի գոյություն ունենա այնպիսի մտայնություն, թե Արցախի պատմությանն առնչվող գիրքը սադրանք է։ Արցախը մեր հայրենիքի մի տրորված հատվածն է՞, թե՞ բանդիտական կազմակերպություն, որի հիշատակն անգամ պղծություն է։ Գոյություն չի ունեցե՞լ Արցախը։ Միրաժ է եղե՞լ։ Ու հիմա չկա՞ Արցախի կործանման աղետի դատ ու դատաստանի կամ ուսումնասիրման խնդիր, չկա՞ նրա հայրենազրկված ու թևաթափ բնակչությունը, չքացել ե՞ն էդ մարդկանց իրավունքներն ու խնդիրները։ Լավ, եթե ապագայի իրավունքներ էլ չկան, բա պատմություն էլ չի եղե՞լ։ Դրա մասին գիրքը ո՞նց կարող է սադրանք համարվել։ Էդ ի՞նչ դիվանագիտություն է, որ ոչ թե խրախուսում, այլ արգելում ու պատժում է ամերիկյան պաշտոնյային Արցախի մասին գիրք նվիրելը։ Այն էլ, ընդգծեմ, ամերիկյան մամուլին առնչվող ժողովածու։

Նզովյալ դուշմանը պատերազմում հաղթելու գինն արդեն լիուլի ստացել է Արցախի ամբողջական հափշտակումով։ Հիմա էլ ի՞նչ հաղթողի ու պարտվողի անբարոյական խոսույթ։ Մեր դիվանագիտությունը բոլոր գալարափողերով ու տրոմբոններով ու ակորդեոններով պիտի շեփորի խաղաղության գործընթացի արդար ու հավասարակողմ հենակետ-սկզբունքների մասին։ Հո ռևանշ չե՞մ ասում, որ հիմա մեկնաբանություններում կարդամ «էդ ո՞ւմ արյան հետ եք խաղում» ու նման անմտություններ։

Երդվյալ դուշմանը խաղաղության հաստատվածության մասին ճամարտակելուն զուգընթաց ամեն առիթով շաղ է տալիս դժբարոյական բերանը, թե՝ Հայաստանին ծնկի բերեցի, երկաթե բռունցքս տեսավ… ու հիմա արդեն հավերժական խաղաղություն է… Ու զուգահեռաբար, ինքնիշխան Հայաստանի տարածքում հաստատած իր սմբակները հետ քաշելու մասին խոսելու փոխարեն, վայրահաչում է «Արևմտյան Ադրբեջան» կոչվող լկտիության մասին և պաշտոնական մակարդակով ավերում ու կեղծում է Արցախի հազարամյա հայկական ժառանգությունն ու պատմությունը։ Իսկ դուք ի՞նչ եք անում. ձեր հարազատ հայագետ գիտնականին մեջք ու թիկունք լինելու փոխարեն սադրիչ եք կոչում ու պատժում եք։ Սա տիեզերական ամոթ է։

Կառավարությանը խնդրում եմ՝ հիշեք, որ մենք բոլորս բարիկադների նույն կողմում ենք։ Ու որ, ոնց որ Ջիվանին կասեր, Մասիսի ու Արցախի հիշողության ու պատմության սայլը իրանց Խաղաղության կառքին վնաս չէ։

Հայհոյանքներն ու անհարգալից կամ դավադրապաշտական մեկնաբանությունները ջնջելու եմ։ Զայլա չկա։ Խնդրեմ՝ գիֆեր էլ մի դրեք։ Շնորհակալ եմ»

Տեսանյութեր

Լրահոս