Հուլիսի 1-ից Վրաստանում կարգելվի պլաստիկ շշով ըմպելիքների վաճառքը
Այս տարվա հուլիսի 1-ից հանրային սննդի օբյեկտներին արգելվում է սպառողներին ըմպելիք վաճառել պլաստիկ շշերով, իսկ հաջորդ տարվա փետրվարի 1-ից կարգելվի նաև ըմպելիքների պլաստիկ շշերով արտադրությունը։ Այս մասին գրում է aliq.ge-ն։
Այս որոշումն ընդունվել է մարտի 12-ին կառավարության նիստում։ Խոսքը «Սննդի հետ շփման համար նախատեսված պլաստիկից պատրաստված որոշակի արտադրանքի արտադրության, ներկրման և շուկայում տեղադրման արգելքի մասին» որոշման մասին է։
Տեղեկությունը տարածել է Շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարարությունը։
Ի՞նչ է արգելվում
Ըստ նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության.
- 2026 թվականի հուլիսի 1-ից կարգելվի «հանրային սննդի օբյեկտների միջոցով սպառողին պլաստիկ շշերով ըմպելիքի մատուցումը»;
- 2027 թվականի փետրվարի 1-ից կարգելվի «ըմպելիքների պլաստիկ շշերով արտադրությունը (բացառությամբ արտահանման նպատակով), ներկրումն ու շուկայում տեղադրումը»;
- Ըմպելիքների պլաստիկ շշերով արտադրությունը թույլատրելի է միայն այն դեպքում, եթե արտադրողը դա վաճառելու է երկրի սահմաններից դուրս,
- Դրանց ներկրումն արտերկրից արգելվում է։
Ապակե շշերով ըմպելիքները, որոնք, ամենայն հավանականությամբ, կփոխարինեն պլաստիկ շշերի զանգվածային սպառմանը, սովորաբար ավելի թանկ են։ Հետևաբար, արգելքների ուժի մեջ մտնելուց հետո հավանական է, որ նույն ծավալի ըմպելիքները կթանկանան։
Ներկայումս խորհրդարանական հանձնաժողովն արդեն երկրորդ ամիսն է փորձում է պարզել, թե ինչու են վրացական սուպերմարկետներում ապրանքներն ավելի թանկ, քան եվրոպական շուկայում է, որքան է կազմում ընկերությունների շահույթը, և արդյոք գոյություն ունեն կարտելային համաձայնություններ։



