Կկարողանա՞նք տնտեսի նման կրճատել մեր բեռը. Տնտեսի կիրակի
Մեծ Պահքի չորրորդ կիրակին կոչվում է Տնտեսի՝ ըստ այդ օրվա խորհուրդը բացատրող «Անիրավ տնտեսի առակ»-ի: Ի՞նչ խորհուրդ ունի այս կիրակին, ներկայացնում է Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու խորհրդակատար Տեր Շահե քահանա Հայրապետյանը:
Պատրաստ լինենք, որովհետև հաշիվ պիտի տանք
«Երբ մարդը մեղք գործեց, դուրս մնաց դրախտից, և մեղքը հետապնդեց նրան, բայց Աստված չմոռացավ մարդուն: Նա Իր Որդուն ուղարկեց, որպեսզի մեզ ցույց տա ճշմարտությունը: Եվ երբ հասնում են մարդու կյանքի վերջին օրերը, Աստված հաշիվ է պահանջում նրանից:
Նույնկերպ այս առակում կա տնտես, որը վատնում է տիրոջ ունեցվածքը: Տերը, օրերից մի օր, նրանից հաշիվ է պահանջում: Տնտեսը, ի վերջո, հասկանում է, որ սխալ է արել, փորձում է բարեկամներ շահել, որից հետո տերը գովում է նրան։ Մենք պետք է պատրաստ լինենք, որովհետև հաշիվ պիտի տանք: Եթե կա զղջում, խոստովանություն, այդ ժամանակ Աստված գովում է մարդուն: Հիշենք ավետարանական խոսքը. եթե զղջանք, կփրկվենք։ Սա է լուծումը»։
Խոստովանենք և մեր առաջ կբացվի ճանապարհը
«Այս առակի բանալին ամենավերջում է. «Այս աշխարհի որդիներն իրենց սերնդի մեջ ավելի հնարամիտ են, քան լույսի որդիները»: Լույսի որդիները հրեշտակներն են, աշխարհի որդիները՝ մարդիկ՝ հողեղեն: Լույսի որդիներից մեկը մեղք գործեց և ընկավ հավիտենապես, իսկ մարդիկ փառքից զրկվելուց և Աստծուն օտարանալուց հետո, հնար գտան ապաշխարությամբ փնտրելու Նրան: Մեծ Պահքի ընթացքը մեզ ապաշխարության հնարավորություն է տալիս։ Մտածենք մեր գործած մեղքերի մասին, ապաշխարենք, խոստովանենք, արտասվենք, և մեր առաջ կբացվի ճանապարհը: Սա է բանալին. ով կզղջա, կարտասվի, կապաշխարի»։
Շարժվենք Աստծո պատվիրաններով և կլինենք լավ տնտես
«Հիշեք, որ մեր ունեցած շնորհները մերը չեն, այլ տրվել են մեզ Տիրոջ կողմից: Հասկանանք՝ արդյո՞ք կարողացանք ծառայեցնել նպատակին Սուրբ Հոգու շնորհները, կատարեցի՞նք Տիրոջ պատվիրանները, թե՞ ոչ։ Բարդ է, մենք մարդ ենք և շարունակ գործում ենք սխալներ, բայց հիշեք՝ թակեք դռները, և կբացվի ձեր առաջ: Աստծո պատվիրանները եթե կարողանանք իրագործել, կլինենք լավ տնտես: Մարմինը ցանկությունների, ցասումի, զգացմունքների գերին է։ Պետք է շարժվել Աստծո պատվիրաններով, Նրա սրբությունը փորձել միախառնել մեր էությանը, օգտվել տիեզերական հզորությունից: Երկրային ժամանակահատվածը մեզ տրված է քննության համար։ Ի վերջո պետք է հասկանանք՝ կարողացա՞նք քննությունն անցնել, թե՞ ոչ։ Պետք է հասկանանք, որ պատասխան պիտի տանք, կկարողանա՞նք տնտեսի նման կրճատել մեր բեռը»։
Եթե վերադառնանք, ամեն բան կփոխվի
«Մարդիկ հեռու են Աստծո պաշտամունքից, այդ պատճառով աշխարհն այսպիսին է՝ լի պատերազմներով, պղծություններով, խելագարությամբ: Եթե մենք վերադառնանք դեպի Տերը, ամեն բան կփոխվի: Ասվում է՝ սիրիր Աստծուն ամբողջ զորությամբ նաև նշվում է սիրիր քո ընկերոջը, ինչպես քո անձը: Մարդ-մարդ հարաբերությունը շատ կարևոր է, որովհետև այդտեղ գործում է Աստված»:
Պատրաստեց Անի Ավագյանը



