«Փաշինյանի նպատակն իր իշխանությունը պահպանելն է, ոչ թե երկրի ինքնիշխանությունը». Հակոբ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ արդարացրել է Արցախի 44-օրյա պատերազմում իր կրած պարտությունը։ Այսպիսով՝ երեկ Վաշինգտոնում հայ համայնքի հետ հանդիպմանը նա հայտարարել է, թե իր գնահատմամբ՝ 44-օրյա պատերազմի պարտության միջով անցնելով՝ ձեռք է բերվել անկախ, ինքնիշխան պետություն ունենալու հնարավորություն:
«Ես երկար եմ մտածել և եկել եմ այն եզրահանգման, որ զոհողությունները ոչ թե ոչնչի, այլ Հայաստանի ինքնիշխանության համար են եղել։ Մենք հիմա պարզապես պետք է կենտրոնանանք այդ զոհողության հնարավորությունն օգտագործելու վրա»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։
Արցախի Հանրապետության «Արդարություն» կուսակցության համահիմնադիր Հակոբ Հակոբյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ փորձում է պարտության պատասխանատվությունը հեռացնել իրենից։
«Նիկոլ Փաշինյանը փորձում է իր գործողությունները ցույց տալ այն լույսի ներքո, թե ամեն ինչ արվել է ի փառս Հայաստանի։ Նա մոռանում է շատ հանգամանքներ, որ իր ասած Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, ինքնիշխանությունը ամրապնդելու փոխարեն, կորցրեց հայրենիքի զգալի մասը։ Դրա արդյունքում այսօր ադրբեջանական զորքերը գտնվում է ՀՀ սուվերեն տարածքում, Թուրքիան պահանջում է մոռանալ Հայոց ցեղասպանությունը։ Այս շարքը կարող ենք օրերով թվարկել, ուստի Նիկոլ Փաշինյանի նպատակը ոչ թե ինքնիշխանություն ունենալն է կամ այդ ինքնիշխանությունը պահպանելը, այլ ուղղակի իր իշխանությունը պահպանելն է»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Հակոբ Հակոբյանը։
Ըստ նրա, Փաշինյանի հայտարարությունները, գործողությունները ոչ այլ ինչ են, քան հայ հասարակությանը հերթական անգամ մանիպուլացնելու, իսկ թշնամուն ցույց տալու, որ ընդունել է կապիտուլյացիոն պահանջները և պատրաստ է անել այն ամենը, ինչը կպահանջի թշնամին։
«Ցանկացած մանիպուլյացիոն գործողություն, հատկապես, եթե այն կատարվում է իշխանության կողմից, բնականաբար, հասարակության որոշ զանգվածների վրա ազդելու է։ Այստեղ մեծ նշանակություն ունի, թե այդ ամենին ինչ հակազդեցություն կդրսևորի մտավորականությունը, ընդդիմությունը և առհասարակ այն մարդիկ, որոնք այս տարիների ընթացքում պատմություն են կերտել։ Պետք է նրանք ազդեն հասարակության վրա, որպեսզի հասարակությունը չտրվի այդ մանիպուլյացիաներին։ Փաշինյանը 2018 թվականից հասարակության դեմ օգտագործում է այդ գործիքակազմը՝ հանրությանը մանիպուլացնելու, հակազդեցություն է պետք»,- շեշտեց Հ. Հակոբյանը։
Նրա բնորոշմամբ՝ Փաշինյանի խոսակցությունները չպետք է շատ լրջացնել, որովհետև Նիկոլ Փաշինյանը հասկանում է, թե ինքնիշխանությունն այն է, որ ով ինչ պահանջի՝ ինքը պետք է անի, միայն թե մնա իշխանության ղեկին։
«Նիկոլ Փաշինյանին ինչ թելադրում են, այն էլ կատարում է և դրա անունը դնում է ինքնիշխանություն»,- ընդգծեց Հակոբ Հակոբյանը։