Ադրբեջանը սրում է Հայաստանի վրա քարոզչական-հոգեբանական ճնշումը՝ վախեցնելով Թուրքիայով. Որքանո՞վ կարող են իրավական լինել թուրքական տարածքային պահանջները
Ադրբեջանական քարոզչական լրատվամիջոցները, այսպես ասած՝ «Զանգեզուրի միջանցքի» համատեքստում սկսել են արդեն Հայաստանին սպառնալ, թե Թուրքիան ևս տարածքային պահանջներ կներկայացնի, Ալեքսանդրապոլի պայմանագիր և այլն: Այսինքն, Հայաստանը ստիպված կլինի Թուրքիայի հետ ևս «սահմաններ ճշգրտել»:
Այլ հարց է, որ ադրբեջանական համապատասխան հոդվածում Հայաստանին ներկայացվող սպառնալիքները զուրկ են իրավական հենքից, մյուս կողմից, 44-օրյա պատերազմից հետո ՀՀ ինքնիշխան տարածքների կորուստները ևս իրավական հենք չեն ունեցել, ըստ էության, այդ թվում՝ 2024 թվականին Տավուշում սահմանազատման և սահմանագծման պիլոտային գործընթացը:
168.am-ի հետ զրույցում պատմաբան, ռազմական վերլուծաբան Արթուր Եղիազարյանը նախ հարկ համարեց շեշտել, որ Ալեքսանդրապոլի պայմանագիրը ոչ վավեր փաստաթուղթ է:
«Այն իրավական ուժ չունի, որովհետև այդ փաստաթուղթը ստորագրելուց առաջ, Հայաստանի Առաջին Հանրապետության իշխանությունը Երևանում հանձնել էին բոլշևիկներին: Եվ այդ ժամանակ ընդամենն Առաջին Հանրապետության այն ղեկավարները, որոնք Գյումրիում, այն ժամանակ՝ Ալեքսանդրապոլում, ստորագրել էին դա՝ լավ հասկանալով, որ այն իրավական ուժ չունի, բայց դրանով փորձեցին զսպել թուրքական զորքերի ներխուժումը Հայաստանի Հանրապետության տարածք, որոնք արդեն մտել էին Շիրակի մարզ:
Եվ սրանով կանգնեցվեց զորքերի առաջընթացը, և տեսանք, որ հետո այդտեղից թուրքական զորքերը դուրս եկան, իսկ այդ հատվածն էլ ամբողջությամբ մնաց Հայաստանի Խորհրդային Հանրապետության կազմի մեջ: Ալեքսանդրապոլի պայմանագիրն իրավական ուժ չուներ նաև այլ առումով. 1920 թվականին ո՛չ Ադրբեջան գոյություն ուներ, ո՛չ էլ Թուրքիայի Հանրապետություն, վերջինը ձևավորվել է 1923 թվականի վերջին ամիսներին՝ աշնանը:
Առհասարակ, այդ ժամանակվա փաստաթղթերը վիճարկելի են, որովհետև գոյություն չուներ նաև Խորհրդային Միությունը՝ 1920-ին, կար Խորհրդային Ռուսաստան՝ որպես առանձին հանրապետություն, և Խորհրդային Միությունը ձևավորվել է 1922-ի դեկտեմբերի 30-ին, իսկ Թուրքիայի ներկայիս հանրապետությունը՝ 1923-ին:
Այսինքն, 1920 թվականի դրությամբ չէին կարող փաստաթղթերն ունենալ որևէ իրավական և իրական ուժ, ինչի մասին ադրբեջանական կողմը խոսում է: Սակայն այսօր աշխարհն այնպես է փոխվել, տեղի է ունենում նոր բաժանում, ուստի մյուս կողմից, ժամանակավրեպ է խոսելը՝ իրավական առումով ինչ կարող են և ինչ չեն կարող, քանի որ ուժն է թելադրում: Ըստ այդմ՝ չեմ կարող երաշխավորել, որ մեկ այլ պատրվակով կբացառվի ներխուժումը»,- մանրամասնեց պատմաբանը:
Անդրադառնալով, այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքին», Արթուր Եղիազարյանն ուշադրություն հրավիրեց հետևյալ հանգամանքի վրա.
««Զանգեզուրի միջանցք», նման հասկացություն երբևիցե չի եղել: Դա նույնպես կարելի է ասել՝ 1990-ականներին հորինվեց, որովհետև նույնիսկ 1920-ականներին նման թեմա գոյություն չուներ, որովհետև Նախիջևանը նույնիսկ Ադրբեջանի՝ 1918-1920 թվականների կեղծ անունով ձևավորված հանրապետության կազմում չէր: Եվ հետագայում այն խորհրդային իշխանությունների կողմից տրվեց Ադրբեջանին, բայց մի նրբություն. Ինչո՞ւ նա կոչվեց Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն, որովհետև Նախիջևանի այդ ժամանակվա բնակչության 40 տոկոսից ավելին հայեր էին, և դա կարծես հայկական ինքնավարություն էր Ադրբեջանի կազմում, որն ինչպես տեսանք, խորհրդային տարիներին ամբողջությամբ հայաթափվեց և 1988-ին վերջնականապես այն դարձավ ադրբեջանական: Իրականում Նախիջևանը երբեք Ադրբեջանի տարածք չի եղել, ուստի չէին կարող ինչ-որ միջանցքներ, կապող օղակներ…«Զանգեզուրի միջանցք» հասկացությունը դա պանթուրքիզմի տեսություններում է, որ Թուրքիան Նախիջևանի միջոցով կապվի թյուրքալեզու մյուս պետությունների՝ Ադրբեջանի, Միջին Ասիայի, Ռուսաստանի հարավի, Չինաստանի հյուսիս-արևելքի հետ:
Իսկ ներկայիս Հայաստանի Հանրապետության տարածքը ո՛չ Օսմանյան կայսրության մեջ է եղել, ո՛չ էլ Թուրքիայի Հանրապետության, հետևաբար՝ Հայաստանին Թուրքիան չի կարող տարածքային պահանջներ ներկայացնել, բայց, կրկնում եմ, ոչ թե պահանջի տեսքով, այլ ինչ-որ քայլեր արդարացնելու համար կարող է ներխուժել Հայաստան, չի բացառվում:
Չեմ ուզում վախեցնել, սակայն աշխարհը փոփոխվում է, տեսնում ենք տարածաշրջանային խնդիրներ, աշխարհի այլ կետերում հակամարտության օջախներ…այսինքն, կարող է միջազգային հանրության ուշադրությունը լինի այլ ուղղությամբ, և դրանից օգտվի Թուրքիան»:
Շարունակելով պատմական դրվագների ներկայացումը, Արթուր Եղիազարյանը մանրամասնեց.
«Ադրբեջան» պետություն չի եղել այս տարածաշրջանում, որտեղ ներկայիս Ադրբեջանն է: Այո, հայկական լեռնաշխարհից հարավ Ատրպատական նահանգ է եղել, որը դարերի ընթացքում անվանափոխվել է և դարձել Ազերբայջան կամ Ադրբեջան: Իսկ այս կեղծ պետությունն էլ ստեղծվեց՝ հավակնություն ունենալով «իրանական Ադրբեջանի» նկատմամբ, և անունը դրեցին Ադրբեջան, որպեսզի հետագայում արդարացնեն Իրանից այդ երկրամասի անջատումը և միացումը թյուրքական աշխարհին: Ինչ վերաբերում է այսօրվա Ադրբեջանի տարածքին, ապա այնտեղ մինչև 1918 թիվը երբեք, այսպես ասած, Ադրբեջան չի եղել:
Խորհրդային կարգերից հետո նաև Ադրբեջանի Խորհրդային Հանրապետություն առաջացավ, բայց հիշենք, որ մինչև 1918-ն այդ տարածքում ռուսական նահանգներ էին՝ Բաքվի և Ելիզավետպոլի:
Ցարական իշխանությունների քաղաքականության արդյունքում, որպեսզի Բաքվի կամ Ելիզավետպոլի նահանգներն ամբողջությամբ էթնիկ դիմագիծ չունենային, այնպես էին կառուցել, որ Ելիզավետպոլի նահանգը գերակշիռ մասով հայկական էր՝ Ուտիք-Արցախի տարածքների և Սյունիք նահանգի հիման վրա ձևավորված, սակայն սահմաններն այնպես էին գծել, որ նրա մեջ նաև այլ էթնոսներ էին՝ հատկապես թյուրքալեզու մուսուլմաններ, որոնք հետագայում կոչվեցին հավաքական ադրբեջանցիներ, և Բաքվի նահանգը, որտեղ էլ համախմբել էին կովկասյան, թյյուրալեզու, իրանալեզու ժողովուրդներին: Այսինքն, այնպես էին արել, որ երբ պետք լինի ազգամիջյան կռիվներ հրահրեն, չթողնեն, որ այդ նահանգները միատարր տեսք ունենան, ինչը տեսել ենք հայ-թաթարական բախումների ժամանակ վերը նշված այդ երկու նահանգներում»:
Իսկ թե ինչ վտանգներ սպասել այսօր, այդ թվում՝ պատմական որոշ իրողություններ հաշվի առնելով, ռազմական վերլուծաբանն անդրադարձավ արցախցի Ղարիբ Բաբայանի դեպքին, ով ադրբեջանցիների մասնակցությամբ տեսանյութ էր տարածել, որի համար նրան մեղադրանք է առաջադրվել:
«Արևելյան արտաքինով օտար տարրերի շատացումը Հայաստանում կարծես թե սկսում է սպառնալիք դառնալ: Առաջ Հայաստանը գրեթե մոնոէթնիկ էր, և ցանկացած օտարի դեմք գրեթե տարբերվում էր, այսօր Հայաստանում բնակվում են տասնյակ-հազարներով հնդկա-պակիստանա-իրանա-թուրքա-չգիտեմինչ արտաքինով մարդիկ, իհարկե, մեծ մասը հենց էմիգրանտներ են, արտագնա աշխատանքի եկածներ, բայցև չի բացառվում, որ այս էթնոսների, այդ արտաքինով մարդկանց տակ Հայաստան ներթափանցեն հատուկ խմբեր։
Հիշենք Հանրապետության հրապարակում տեղի ունեցած վերջին աղմկահարույց դեպքը, երբ ադրբեջանական «Ղարաբաղ» երգը երգելով՝ ինչ-որ խումբ ակնհայտ սադրում էր և կոնֆլիկտ հրահրում, ինչը չգիտակցեցինք: Իսկ այսօր մամուլում նաև կարդացի, որ Մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» և «Հանրապետության հրապարակ» կայարանների միջակայքում` բաց հատվածում, դիմակավորված անձինք, օտարերկրացիներ ներկ են փչել գնացքի վագոնների վրա: Այսինքն, այսօր ցրվում է այն մշուշը, թե Հայաստանն անվտանգ երկիր է, իսկ կանխարգելող միջոցառումներ չեմ տեսնում դեռ»,- եզրափակեց մեր զրուցակիցը: