«Սերժ Սարգսյանի համար հայրենիքը սակարկման առարկա չի եղել». Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն այսօր «Եռաբլուրում» լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի վերջին հայտարարություններին, թե՝ «ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն իրենից նեղացել է, երբ ինքը Ալիևի կողմից միլիարդներ է առաջարկել՝ Արցախից հրաժարվելու համար»։
Տիգրան Աբրահամյանի խոսքով՝ Արցախը հայրենիքի մի հատվածն է։
«Այն, ինչը քոնն է, քո հայրենիքն է, քո համար սրբություն է, բնականաբար, դա որևէ գնով վաճառքի ենթակա չէ։
Պատահական չէ, որ այդ անձն իր խոսքում մի քանի անգամ նշել է, որ Սերժ Սարգսյանը նրան առաջարկել է 6 մլրդ փոխանցել Ադրբեջանի նախագահին, որովհետև, կրկնում եմ՝ մեզ համար հայրենիքը չի կարող սակարկման առարկա լինել։
Ցավոք, շատ դեպքերում հասարակության մեջ կան մարդիկ, ովքեր սկսում են որևէ իրադրություն գնահատել կամ վերագնահատել այն ժամանակ, երբ դրա մասին նաև դրսից են խոսում։ Մի բան, ինչը Սերժ Սարգսյանի ժամանակ՝ և նախագահի, և Պաշտպանության նախարարի կարգավիճակում, հստակ հնչել է։
Ինչ մոտեցում ու դիրքորոշում ունեցել է Սերժ Սարգսյանը մեր երկրի պաշտպանության կամ բանակցային գործընթացի առումով, այն, ինչ հնչեցրել է 6 տարի առաջ, նույնը հնչեցրել է 10, 15, 20 տարի առաջ և, ի տարբերություն այս իշխանության, ով հրապարակային խոստովանում է, որ շատ դեպքերում ստել է, հասարակությանը ճիշտ չի ասել։ Նույն թեմայի հետ կապված մեկ տարվա ընթացքում 2-3 շրջադարձ է կատարում։
Սերժ Սարգսյանն իր դիրքորոշումներում միշտ անփոփոխ է եղել, այն, ինչ դրվել է իր ասածի և արածի հիմքում, մշտապես առաջնորդվել է այդ ուղով»,- ընդգծեց Տիգրան Աբրահամյանը։
Հիշեցնենք, որ հունվարի 26-ին Բելառուսում տեղի ունեցած նախագահական ընտրությունների առիթով կազմակերպված մամուլի ասուլիսի ընթացքում Լուկաշենկոն հայտարարել է, թե ժամանակին ինքը միջնորդական գործառույթ է իրականացրել Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ Իլհամ Ալիևի և Սերժ Սարգսյանի միջև՝ փորձելով նպաստել հակամարտության խաղաղ կարգավորմանը.
«Ալիևն անգամ Հայաստանի հետ կռվելու նպատակ չուներ։ Նա քարտեզը դրեց սեղանին և ասաց՝ ահա, 5 շրջանները Ղարաբաղի շուրջ։ Ես ասացի՝ իսկ ի՞նչ կա այնտեղ, ոչինչ, անապատ է։ Բայց հասկանալի է, չէ՞, թե ինչ ասել է հողեր Հայաստանի ու Ադրբեջանի համար, դա Բելառուսը չէ, առավել ևս՝ Ռուսաստանը։ Հողերը արժեքավոր ռեսուրս են։
Եվ ահա այդ 5 շրջանները… Եվ նրանք ընդունում են, որ դրանք ադրբեջանական են։ Ուրեմն պետք է վերադարձնել։ Նավթը թանկացել է, կվաճառենք, ներդրումներ կանենք այնտեղ, կվերականգնենք այդ շրջանները, միլիոնից ավելի փախստական՝ Ադրբեջանի տարածքում։ Եվ ահա, ասում է, երկու շրջան էլ՝ մասնակի, այսինքն՝ 5+2 մասնակի օկուպացված է։ Ալիևն այդ ամենը ինձ պատմեց, ցույց տվեց։ Ես նրան ասացի, որ այս կեղտոտ քաղաքականության մեջ ամեն բան իր գինն ունի, նա ինձ կես բառից հասկացավ»,- պատմել է Լուկաշենկոն տարիներ առաջ իր ու Ալիևի միջև տեղի ունեցած խոսակցությունը՝ կրկին անգամ շարադրելով Ալիևի կողմից 5 մլրդ դոլարի առաջարկի հայտնի աղմկահարույց պատմությունը։
Նա նաև հիշեցրել է, որ այդ մասին հրապարակային է առաջարկել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին.
«Սերժը նեղացավ ինձնից` ասելով, որ դա մեր գործը չէ։ Լավ, մեր գործը չէ, մեր գործը չէ։ Սկսեցին պատերազմել, ես ի՞նչ մեղավոր եմ, մեզ հազարավոր կիլոմետրեր են բաժանում, ե՞ս եմ սկսել այդ պատերազմը»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում