«Փաշինյանն ինքը հրաժարվեց Լեռնային Ղարաբաղից. ո՞վ չէր օգտվի այդ նվերից. Փաշինյանը կոչնչացնի Հայաստանը, հանգստացրեք նրան, նա վտանգավորագույն խաղ է սկսել․ Լուկաշենկո

«Փաշինյանը վտանգավորագույն խաղ է սկել, նա կոչնչացնի Հայաստանը»,-այս մասին այսօր Բելառուսում ընթացող նախագահական ընտրությունների առիթով կազմակերպված մամուլի ասուլիսի ընթացքում, անդրադառնալով ՀՀ գործող իշխանությունների արտաքին քաղաքականությանը, ինչպես նաև Փաշինյան-Լուկաշենկո տարաձայնություններին, հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։

Լուկաշենկոն հայտարարել է, որ ՀՀ իշխանություններն իրենից վիրավորված են, քանի որ ինքն Ադրբեջանին է աջակցել։

«Աստված ձեզ հետ, ես միշտ սատարել եմ ողջախոհությունը, ես կողմ եմ եղել, որ պատերազմ չլինի, մենք իրար հետ չկռվենք և այն ժամանակ Իլհամ Ալիևը պրագմատիկ դիրքորոշում էր ստանձնել»,- ասել է նա։

Կարդացեք նաև

Լուկաշենկոն հայտարարել է, թե ժամանակին ինքը միջնորդական գործառույթ է իրականացրել Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ Իլհամ Ալիևի և Սերժ Սարգսյանի միջև՝ փորձելով նպաստել հակամարտության խաղաղ կարգավորմանը.

«Ալիևն անգամ Հայաստանի հետ կռվելու նպատակ չուներ։ Նա քարտեզը դրեց սեղանին և ասաց՝ ահա, 5 շրջանները Ղարաբաղի շուրջ։ Ես ասացի՝ իսկ ի՞նչ կա այնտեղ, ոչինչ, անապատ է։ Բայց հասկանալի է, չէ՞, թե ինչ ասել է հողեր Հայաստանի ու Ադրբեջանի համար, դա Բելառուսը չէ, առավել ևս՝ Ռուսաստանը։ Հողերը արժեքավոր ռեսուրս են։

Եվ ահա այդ 5 շրջանները… Եվ նրանք ընդունում են, որ դրանք ադրբեջանական են։ Ուրեմն պետք է վերադարձնել։ Նավթը թանկացել է, կվաճառենք, ներդրումներ կանենք այնտեղ, կվերականգնենք այդ շրջանները, միլիոնից ավելի փախստական՝ Ադրբեջանի տարածքում։ Եվ ահա, ասում է, երկու շրջան էլ՝ մասնակի, այսինքն՝ 5+2 մասնակի օկուպացված է։ Ալիևն այդ ամենը ինձ պատմեց, ցույց տվեց։ Ես նրան ասացի, որ այս կեղտոտ քաղաքականության մեջ ամեն բան իր գինն ունի, նա ինձ կես բառից հասկացավ»,- պատմել է Լուկաշենկոն տարիներ առաջ իր ու Ալիևի միջև տեղի ունեցած խոսակցությունը՝ կրկին անգամ շարադրելով Ալիևի կողմից 5 մլրդ դոլարի առաջարկի հայտնի աղմկահարույց պատմությունը։

Նա հիշեցրել է, որ այդ մասին հրապարակային է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին առաջարկել.

«Սերժը նեղացավ ինձնից` ասելով, որ դա մեր գործը չէ։ Լավ, մեր գործը չէ, մեր գործը չէ։ Սկսեցին պատերազմել, ես ի՞նչ մեղավոր եմ, մեզ հազարավոր կիլոմետրեր են բաժանում, ե՞ս եմ սկսել այդ պատերազը»,-հայտարարել է Լուկաշենկոն։

Հիշեցնենք, որ Լուկաշենկոն առաջին անգամ չէ այս դրվագը պատմում: Ավելին, փաշինյանական քարոզչական տելեգրամային ալիքներից մեկը 2020 թվականին տարածել էր ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի զրույցի ձայնագրությունը։ Զրուցակիցներն այդ ձայնագրության մեջ խոսում էին Արցախի հարցի մասին։

Ներկայացնենք այդ ձայնագրության` Ալեքսանդր Լուկաշենկոյի և Սերժ Սարգսյանի զրույցի սղագրությունը.

«-Լուկաշենկո․ «Տո՛ւր Ալիևին Ղարաբաղի 7 շրջանները, նա քեզ 5 միլիարդ կվճարի առաջին փուլի համար»:

-Սերժ Սարգսյան. «Ես նրան կտամ 6 միլիարդ. Թող նա հրաժարվի 7 շրջաններից»։

Ս.Ս.-Մենք ուզում ենք ապրել անդորրի ու խաղաղության մեջ։ Բայց ցավոք, մեր ցանկությունը բավարար չէ։

Ա.Լ.-Տես, դու ասում ես` մենք շրջանները կտանք, իսկ հետո նրանք կսկսեն կռվել։ Իսկ եթե չսկսե՞ն…

Ս.Ս.-Ինչպե՞ս չեն սկսի…150000 բնակչություն ենք թողնում այնտեղ։

Ա.Լ.-Ես էլ դա եմ ասում։ Եթե մենք կազմակերպություն ենք (ՀԱՊԿ,-168.am), ուրեմն եկեք պաշտպանենք, այնպես անենք, որ պատերազմ չլինի։

Ս.Ս.-Իսկ ինչպե՞ս կանեք։

Ա.Լ.-Օրինակ, մենք պետք է Լեռնային Ղարաբաղ որոշակի խաղաղապահ ուժեր ուղարկենք։ Չէ՞ որ մենք այնտեղ կռվելու չենք գալիս, այլ պայմանավորվածություններին հետևելու։ Այստեղ քո դիրքերն, ինձ թվում է, թույլոտ են։

Ս.Ս.-Ի՞մ դիրքերն են թույլոտ։ Ինչո՞ւ։

Ա.Լ.-Դե դու ասում ես` չեմ տա 7 շրջանները, որովհետև հետո դու կսկսես իմ դեմ կռվել։

Ս.Ս.-Իսկ ինչո՞ւ պետք է հենց այնպես հանձնեմ։

Ա.Լ.-Ինչո՞ւ հենց այնպես։ Նա (Ալիևը,-168.am) կվճարի։ Եթե հիշում ես, նա առաջին փուլի համար քեզ 5 միլիարդ էր առաջարկել։

Ս.Ս.-Ես նրան 6 միլիարդ եմ տալիս, թող նա հրաժարվի։

Ա.Լ.-Ինչի՞ց։ 7 շրջանների՞ց։ Ի՞նչ ես խոսում։ Տես եթե դու տաս այդ շրջանները, կարող ես ասել գնացեք ու Ռուսաստանի հետ մի 20000 հոգի տարեք, թող հարցը լուծեն, բայց դու չես ուզում զիջել։

Ս.Ս.-Լսիր, Ալեքսանդր, ես չեմ կարող դա անել, որովհետև այդ 7 շրջանները նվաճվել են այնտեղ զոհված 5000 կյանքերի միջոցով։

Ա.Լ.- Հետո ի՞նչ։

Ս.Ս.-Դե եթե դա քեզ համար ոչինչ է, ինձ համար ոչինչ չէ…»:

Ի դեպ, երբ այդ ձայնագրությունը տարածվեց, նշվում էր, որ ամենայն հավանականությամբ այն տեղի էր ունեցել 2016 թվականի հոկտեմբերին Երևանում ՀԱՊԿ գագաթնաժողովի ժամանակ։

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը տարբեր առիթներով տարիներ առաջ անդրադարձել է Լուկաշենկոյի պատմած և այս դրվագին, որն այն ժամանակ տարածվում էր նաև վերոնշյալ ձայնագրության տեսքով։

Հիշեցնենք նաև, որ ժամանակին «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հանգամանալից անդրադարձել էր այդ թեմային, նշելով, թե չի բացառում, որ «5 մլրդ դոլարի առաջարկը արվել է նաև կապիտուլյանտին»` Նիկոլ Փաշինյանին։

«Իրադարձությունների զարգացումը իրավունք է տալիս ողջամիտ կասկածներ ունենալու»,- նշել էր ՀՀ երրորդ նախագահը։

«Այսպես ասած՝ այդ թեզը, այդ մեղադրանքը տարածողները, կարծում եմ իրենք էլ շատ լավ հասկանում էին, թե ես ինչ եմ ուզում ասել. երբ ես հակադարձում էի Լուկաշենկոյին, ավելի ճիշտ՝ Լուկաշենկոյի միջոցով Ալիևին, ի դեպ, պետք է ասեմ, որ դա առաջին խոսակցությունը չէր, նախկինում էլ ես ունեցել եմ այդպիսի խոսակցություն Ալիևի հետ»,-ասել էր Սերժ Սարգսյանը։

Սերժ Սարգսյանն ընդգծել էր, որ անձնապես իրեն կամ պետությանը գումարի առաջարկ չի արվել։

«Ես ուղղակի ասում էի հետևյալը՝ Ղարաբաղը չի սակարկվում, մենք չենք կարող սակարկության հանել մեր հայրենիքը, սակարկության ենթակա չեն այն բոլոր մարդիկ , ովքեր իրենց կյանքը տվել են, որպեսզի Արցախը լինի ազատ, անկախ: Դուք արդյոք կասկածո՞ւմ եք, որ եթե հանկարծ մի հրաշքով Ալիևը դրան համաձայներ, ի՞նչ է, մենք ունա՞կ չէինք այդ վեց միլիարդը հավաքելու: Ես վստահ եմ, որ շատ կարճ ժամանակում կհավաքեինք, ես վստահ եմ, որ բոլոր մեծահարուստ հայերը, և ոչ միայն մեծահարուստները, այդ հարցով իմ թիկունքին կանգնած կլինեին: Ուղղակի, իմ պատասխանը, ոչ թե կատակային էր, այլ չոր էր, որ եթե դու ուզում ես սակարկել, ես պատրաստ եմ ավելի մեծ գումար վճարել, եթե քո չափանիշները չափվում են փողով, ես ավելի բարձր գին եմ տալիս»,-ընդգծել էր Սերժ Սարգսյանը:

Այսօրվա ասուլիսում Բելառուսի նախագահը անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի գործողություններին: Լուկաշենկոյի որակմամբ, այն, ինչ տեղի ունեցավ, Հայաստանի ղեկավարության մեղքն է։

«Նույնիսկ պատերազմում պարտությունից հետո ասացին, որ ճանաչում են այն, ինչ եղել է ԽՍՀՄ-ում։ Ես և Պուտինն ապշած էինք, երբ պատերազմում պարտվելուց հետո Փաշինյանը հայտարարեց, թե Ստեփանակերտն ու ամբողջ Ղարաբաղը փաստացի Ադրբեջանի տարածքն են։ Զանգեցի Պուտինին, ասացի՝ լսեցի՞ր ինչ է ասել: Պատասխանեց՝ լսեցի, բայց ո՞վ էր նրա լեզվից քաշում, որ նման բան ասի: Ես հարցրի՝ դո՞ւ ես դրդել, որ նման բան ասի: Պատասխանեց՝ ո՛չ, առհասարակ չեմ միջամտել, զարմացած է։ Փաշինյանն ինքը հրաժարվեց Լեռնային Ղարաբաղից։ Թեև այդ պահին Իլհամը պատրաստ էր համաձայնել, որ սա տարածք է, որտեղ Հայաստանը լուրջ ազդեցություն կունենա։ Բայց ահա այսպիսի նվեր։ Ո՞վ չէր օգտվի դրանից»,– այսօր հայտարարել է Լուկաշենկոն։

Անդրադառնալով ՀՀ արտաքին քաղաքական ներկայիս իրադարձություններին, Լուկաշենկոն նշել է, որ Փաշինյանի իշխանությունը հիմա էլ խաղեր է սկսել ԵՄ-ի հետ։

Նա դա որակել է որպես վտանգավորագույն խաղ.

«Փաշինյանը կոչնչացնի Հայաստանը, հանգստացրեք նրան այդտեղ, նա կոչնչացնի Հայաստանը, նա մի կողմից խնդիր ունի Արևելքի հետ, Արևմուտքի հետ, հիմա էլ Ռուսաստանին է տրամադրում իր դեմ։ Բնակչությունը հսկայական չէ, ու նա շրջապատել է իրեն թշնամիներով։ Հիմա ԵՄ-ն պետք է իրեն օգնի՞, ի՞նչ է՝ իր համար հասկանալի չէ՞՝ ինչ տեղի ունեցավ Ուկրաինայում, լավ, Վրաստանը հարևանությամբ է…Նա կոչնչացնի երկիրը, ես դա գիտեմ իմ փորձից, չի կարելի թույլ տալ պատերազմ Կովկասում։ Ինչո՞ւ թույլ տալ, Հայաստանը հիանալի ժողովուրդ, խելացի, կիրթ, հողերը լավն են, գիտեն՝ ինչպես աշխատել ու ապրել։ Ուզում եք գնալ Ամերիկա՞, գնացեք, բայց սա մի կորցրեք, չէ՞ որ հիմարություն է դա։ Ուկրաինան ու Վրաստանը Ձեզ ցույց են տալիս, թե ինչ կարող է լինել»,-իրեն բնորոշ տոնայնությամբ հայտարարել է այսօր Բելառուսի ղեկավարը։

Նա նաև հիշեցրել է, որ երբ Փաշինյանը դարձավ վարչապետ, իր և Փաշինյանի միջև դաժան բախումներ են եղել։

«Իհարկե, ես այն ժամանակ կոպիտ վարվեցի, այստեղ չեմ բացահայտի, նրան անվանեցի սորոսական, նրան ասացի, որ Հայաստանը կհանգեցնի պատերազմի։ Այդպես էլ եղավ։ Հիմա էլ ինքն ինձնից նեղանում է։ Ի՞նչ ես նեղանում ինձնից, ես Ադրբեջանի կողմից չեմ պատերազմել, սպառազինություն է գնել մեզնից, բայց մենք բաց ենք եղել նաև Հայաստանի համար։ Եթե մենք ինչ-որ բան ունենք, գնե’ք։ Ով վճարել է, նա էլ ապրանք է ստացել։ Ոչինչ չունենք հայ ժողովրդի դեմ, բազմաթիվ հայ ընկերներ ունեմ՝ և հարուստ, և աղքատ, ես հարգում եմ հայերին, շատ խելացի ժողովուրդ է»,-հայտարարել է Լուկաշենկոն։

Տեսանյութեր

Լրահոս