Հայաստանը՝ սոցիալական բունտի շեմին

Հայաստանում համատարած դժգոհություններ են։ Վարչախմբի իրականացրած քաղաքականությունը երկիրը կանգնեցրել  է ոչ միայն անվտանգային, տնտեսական ու ֆինանսական ճգնաժամի, այլև սոցիալական բունտի շեմին։

Մինչ իշխանություններն ինքնագոհ վայելում են իշխանական բարիքները՝ սոցիալական խնդիրներն ամենուրեք խորանում են։ Ինչ անում են՝ վերջում տուժողը ժողովուրդն է դուրս գալիս, կուժն ու կուլան ժողովրդի գլխին է կոտրվում։ Մարդիկ կրակն են ընկել իշխանությունների ձեռքը։

Եղածի տակից չեն կարողանում դուրս գալ, նոր ծախսեր են ավելացնում, նոր հոգսերի տակ են դնում։ Անտեսում ու արհամարհում են բարձրացրած խնդիրները։ Մատը մատին չեն տալիս՝ քաղաքացիների եկամուտներն ավելացնելու համար, փոխարենը՝ միայն ծախսերի բեռն են ավելացնում։

Ժողովրդին հարկերով, վարկերով, թանկացումներով խեղդում են, ասում են՝ ձեզ համար ենք անում։

Կարդացեք նաև

Տարեսկզբից բազմաթիվ ոլորտներում ավելացրին հարկային բեռն ու թողեցին քաղաքացիների վրա։

Ավելացնելուց էլ քչով չեն բավարարվում, անգամներով են ավելացնում։

Հարկերը բարձրացնում են՝ ապրանքները թանկանում են, ծառայությունները թանկանում են, վերջում ժողովուրդն է տուժում։ Հարկային բեռի ավելացումը ժողովրդի վզին է մնում։ Թանկացումների տեսքով՝ ժողովուրդն է սեփական գրպանից վճարում բարձրացրած հարկերը։ Վճարում է, որ իշխանություններն ավելի շատ ծախսեն իրենց քմահաճույքների համար։ Սրա մասին չեն խոսում, բայց ժողովուրդը տեսնում է, թե ինչպես է ինքն աղքատանում, ճռռում հարկերի բարձրացումների ու թանկացումների ծանրության տակ, իսկ իշխանությունները գոհ ու երջանիկ վայելում են, հարստություն են կուտակում, բիզնեսների ու փողի տեր դառնում։

Տնտեսության հարկերը բարձրացնելով ու թանկացումներով չեն բավարարվում, քաղաքացիների հարկերն էլ են ավելացնում։ Գույքահարկն այնքան են բարձրացրել, որ մարդիկ արդեն անգամներով ավելի շատ են վճարում։ Եթե նախկինում վճարում էին կադաստրային արժեքով, հիմա վճարում են շուկայական արժեքով։ Ու այնպես է ստացվում, որ չհաշված մյուս բոլոր ծախսերի ավելացումները, միայն գույքահարկի մասով քաղաքացին ահռելի ֆինանսական բեռի տակ է հայտնվում։

Երևանի առանձին հատվածներում 1 սենյականոց բնակարանի գույքահարկն արդեն այս տարի կհասնի 200-250 հազար դրամի, 2-3 սենյականոցինը՝ 300-400 հազարի։

Ծայրամասերում էլ 1 սենյականոցի գույքահարկը քաղաքացիների վրա կնստի 30-40 հազար դրամ։

Անգամներով ավելի շատ կվճարեն, քան վճարում էին նախկինում։ Բոլորը չէ, որ կարողանալու են դուրս գալ սրա տակից։ Պատկերացրեք, ինչ պետք է անի Կենտրոնում ապրող այն թոշակառուն, որի թոշակը վերջին երկու տարում չի բարձրացել, իսկ գույքահարկն աստղաբաշխական աճ է ունեցել։

Ու սա միայն թոշակառուին չի վերաբերում։ Բազմաթիվ քաղաքացիներ, աշխատող-չաշխատող, կանգնելու են նույն խնդրի առաջ։

Պարզ է, որ 150 հազար դրամ աշխատավարձ ստացող քաղաքացին չի կարող իրեն թույլ տալ 200-250 հազար դրամ, առավել ևս՝ 300-400 հազար դրամ գույքահարկ վճարել։ Իսկ դա իշխանություններին չի էլ մտահոգում։ Ասում են՝ չեն կարողանում վճարել, թող վաճառեն իրենց բնակարանները։ Եթե չվճարեն՝ դատարանով ու հարկադիրով կբռնագանձեն, տունը կհանեն վաճառքի, կխլեն ձեռքներից, որպեսզի հղփացած երիտհեղափոխականները քաղաքի կենտրոնում հարմարավետ տեղավորվեն։

Միայն գույքահարկի բարձրացման միջոցով քաղաքային իշխանությունները քաղաքացիներից միլիարդավոր դրամներ են գանձում։ Գույքահարկի մուտքերը 5 միլիարդից հասել են գրեթե 24-25 մլրդ դրամի։ Բայց դրանով չեն բավարարվում՝ այլ հարկերն ու տուրքերն էլ են ավելացնում։

Առանց հիմնավորումների, հաշվարկների՝ տրանսպորտի ուղեվարձն են կրկնակի-եռակի թանկացնում։ Թանկացնելուց էլ այնքան են թանկացնում, որ եվրոպականին են հասցնում։

Տարածաշրջանի ոչ մի երկրում քաղաքային տրանսպորտի ուղեվարձերն այնքան բարձր չեն, ինչքան ուզում են Երևանում բարձրացնել։ Մարդիկ համատարած դժգոհում են, բողոքում են, որ հնարավորություն չունեն այդքան վճարել տրանսպորտի համար, իսկ իշխանությունների պետքն էլ չէ՝ արդարացնում են թանկացումները՝ արհամարհելով ժողովրդի դժգոհությունները։

Այն պարագայում, որ տրանսպորտի թանկացումը լուրջ ֆինանսական բեռ ու սոցիալական խնդիր է դառնալու բազմաթիվ ընտանիքների համար։ Հատկապես, երբ ընտանիքում մեկն է աշխատում, իսկ տրանսպորտից մի քանիսն են օգտվում։

Չնայած անցած տարվա վերջին դատարանն անվավեր ճանաչեց «կարմիր գծերի» վճարները 13 անգամով բարձրացրած իշխանության որոշումը, այս տարվա համար նորից նույնը արեցին։ Թքած, որ ոչ միայն դատարանն է նախկին որոշումն անվավեր ճանաչել, այլև դա իր նպատակին չի ծառայել, ոչնչով չի նպաստել Երևանի կենտրոնի բեռնաթափմանը։ Կենտրոնում խցանումները նույնիսկ ավելացել են։ Բայց միևնույն է, կրկին որոշեցին 13 անգամով ավելի շատ գումար գանձել ավտոկայանատեղիների համար, քան նախկինում էր։

Միակ բանը, որ այս մարդկանց հետաքրքրում է՝ փողն է։ Փողն էլ որտեղի՞ց պիտի գա, եթե ոչ՝ քաղաքացիների գրպանից։ Քաղաքացիների գրպանները դատարկում են, իրենցը լցնելու համար։

Այնտեղ են հասել, որ արդեն աբսուրդի հասնող որոշումներ են ընդունում. Աղբի գոյացումը կապում են ոչ թե մարդու, այլ բնակարանի մակերեսի հետ։ Բնակարանում, որտեղ 10 հոգի են ապրում, կարող են ավելի քիչ աղբահանության վճար վճարել, քան բնակարանում, որտեղ ոչ մեկը չի ապրում։

Ու այսպիսի անմիտ որոշման արդյունքում բազմաթիվ քաղաքացիների աղբահանության վճարներն այս տարի կրկնապատկվում-եռապատկվում են։

Պարտադրում են եկամուտների հայտարարագիր ներկայացնել՝ ոչ մի նորմալ պայման չստեղծելով դրա համար։ Քիչ է՝ մարդիկ հազար ու մի քաշքշուկների միջով պիտի անցնեն, մի բան էլ գումարներ պիտի ծախսեն դրա վրա։ Խնդիրը նույնիսկ գումարը չէ կամ եկամուտների հայտարարագրումը, խնդիրն այն թափթփվածությունն ու անկազմակերպվածությունն է, որի միջով պարտադրում են անցնել հարյուր-հազարավոր քաղաքացիների։

Ամեն ինչ ի վնաս քաղաքացու են անում. Գներն են բարձրացնում, հարկերն են ավելացնում, թանկացումներ են անում ու բեռը դնում քաղաքացու վրա։ Դրա համար էլ քաղաքացու սոցիալական վիճակը լավանալու փոխարեն, անընդհատ վատանում է։

Այս ամենը չի կարող անհետևանք մնալ։ Քաղաքացիների շրջանում խուլ դժգոհություններ են հասունանում։ Հեռու չէ այն օրը, երբ այդ դժգոհությունները պայթելու են իշխանությունների գլխին։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս