Լրատվական դաշտը բևեռացված է, լրագրողները դարձել են քաղաքական ճնշումների թիրախ. Սաթիկ Սեյրանյան

Հայաստանում վերջին տարիներին ԶԼՄ-ների և առանձին լրագրողների հետ բարձրաստիճան պաշտոնյաների, պատգամավորների կողմից դրսևորվող սանձարձակ պահվածքի ինդուլգենցիան տվել է գործող քաղաքական ղեկավարությունը։ Այսօր Մամուլի ազատության օրվա առիթով հրավիրված «Հայաստանի ձայները» կոնֆերանսում ասաց Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը։

Նա տեղեկացրեց, որ միայն 2025թ․ ընթացքում ավելի քան 17 լրատվամիջոցի դեմ 37 հայցադիմում է ներկայացվել, վիրավորանք կամ զրպարտություն համարվող տեղեկությունները հերքելուց զատ նաև ահռելի գումարային պահանջ է ներկայացվել է ԶԼՄ-ներին։
«Այդ գործերով 17 լրատվամիջոցից պահանջում են ավելի քան 66 միլիոն 700 հազար դրամ փոխհատուցում, որը չի ներառում դատական ծախսերը»,- ասաց Հայաստանի ժուռնալիստների միության նախագահը։
Սեյրանյանի խոսքով՝ բազմաթիվ դեպքեր են գրանցվել, երբ պաշտոնյաներն անձամբ կամ իրենց թիկնապահների միջոցով բռնություն են գործադրել լրագրողների նկատմամբ, մի շարք լրագրողների ապօրինի կերպով արգելվել է լուսաբանել պետական հաստատությունների աշխատանքները՝ պաշտոնյաների կամայական որոշումներով դադարեցնելով նրանց հավատարմագրումը։

ՀԺՄ նախագահը վստահ է, որ այս ամենն իշխանությունների կողմից վարվող հետևողական արշավ է, քանի որ օրեցօր ավտորիտար դարձող քաղաքական իշխանությունը, փաստացի չունենալով հակակշիռ և զսպող որևէ կենսունակ մեխանիզմ, վտանգ է զգում միայն մամուլից։ Ըստ նրա՝ հաճախ հենց լրագրողների աշխատանքի շնորհիվ է հասարակությունը տեղեկանում իշխանությունների սանձարձակ քայլերի, ապօրինությունների և ամենաթողության մասին։ Սեյրանյանի ձևակերպմամբ՝ մամուլը դարձել է գործող իշխանության դասակարգային թշնամին։

Սեյրանյանը հավելեց, որ իշխանությունների նմանօրինակ գործողությունները հաճախ որևէ հակազդեցության չեն արժանանում միջազգային համապատասխան կազմակերպությունների կողմից։

Կարդացեք նաև

Վաղը՝ մայիսի 4-ին, Երևանում մեկնարկում է Հայաստան-ԵՄ անդրանիկ գագաթնաժողովը, որը ևս մի առիթ է եվրոպական պատվիրակությունների առջև խոսելու մեր երկրում ժողովրդավարության, քաղաքացիական ազատությունների և բոլոր այն արժեքների մասին, որոնք ընկած են այդ թվում եվրոպական քաղաքակրթական համակարգի հիմքում։
«Թեև ՀՀ-ում մամուլի և խոսքի ազատության ոլորտում խնդիրներ եղել են միշտ, որևէ տեղ և որևէ իշխանություն չի սիրում լրատվամիջոցներին և լրագրողներին, բայց հատկապես վերջին 8 տարիներին Հայաստանում ԶԼՄ-ները, մեծ թվով առանձին լրագրողներ ենթարկվում են իշխանությունների կողմից կազմակերպվող հետևողական, համակարգային հարձակումների»,- ասաց Սեյրանյանը։
Նրա խոսքով՝ վերջին տարիներին ԶԼՄ-ներն ու առանձին լրագրողներ ենթարկվում են տարատեսակ ճնշումների և հետապնդումների՝ սկսած շինծու քրեական գործերից ու ֆիզիկական սպառնալիքներից մինչև սոցցանցային հարձակումներ, բարոյահոգեբանական տեռոր, անձնական ու խոսքի ազատության սահմանափակումներից մինչև լրատվամիջոցների ու լրագրողների դեմ դատական հայցեր՝ ծանր ֆինանսական պարտավորությունների հետևանքներով։

«Կառավարող ուժի և նրա արբանյակ, սունկ-կայքերում գեներացվող ատելության խոսքից մինչև հրապարակային հայհոյանքներ և հասցեական վիրավորանքներ, խտրական վերաբերմունքից մինչև լրագրողների ընտանիքների անդամներին, անգամ անչափահաս երեխաներին ուղղված սպառնալիքներ, ուղիղ եթերում բռնության կիրառումից մինչև լրագրողի աշխատանքի խոչընդոտման այլ դրսևորումներ, բռնության գործադրմամբ կալանավորումներ, խուզարկություններ, գույքի առգրավումներ, գովազդատուների վերահսկողություն և ուղղորդում»,- նշեց Սեյրանյանը։

Ըստ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության 2026թ․ զեկույցի՝ հայաստանյան մեդիադաշտը մնում է ծայրահեղ բևեռացված, իսկ լրագրողները դառնում են ատելության խոսքի և քաղաքական ճնշումների թիրախ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031