Մերցը չի մասնակցի Երևանի գագաթնաժողովին․ Գերմանիան կներկայացնի Մակրոնը

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը չի մասնակցի Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) 8-րդ գագաթնաժողովին։ Նրա փոխարեն այնտեղ Գերմանիան կներկայացնի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Փարիզը ստացել է Գերմանիայի փոխարեն քվեարկելու իրավունք, կիրակի՝ մայիսի 3-ին հաղորդել է dpa գործակալությունը՝ հղում անելով Գերմանիայի կառավարության ներկայացուցչին:

«Սա համաձայնեցված որոշում էր, և մենք դա գնահատում ենք, ինչպես, ակնհայտորեն, նաև ֆրանսիական կողմը»,- հայտարարել է նա։ Այսպիսով, սա կլինի ԵՔՀ առաջին գագաթնաժողովը առանց Գերմանիայի կառավարության ղեկավարի մասնակցության։ Կանցլերի չմասնակցելու պատճառ է նշվել «այլ պարտավորությունների» առկայությունը։ dpa-ն հիշեցնում է, որ կանցլերի և Քրիստոնեա-դեմոկրատական միության առաջնորդի միակ հրապարակային միջոցառումը Բեռլինում կուսակցության նախագահության նիստին մասնակցությունն է։

«Դաշնային կանցլերն արդեն մասնակցել է ԵՔՀ երկու հանդիպումների և ակտիվ կապեր է պահպանում բազմաթիվ մասնակիցների հետ»,- նշվում է հաղորդագրությունում։ ԵՔՀ առաջին գագաթնաժողովը տեղի է ունեցել Պրահայում, որին հաջորդել են ևս վեցը։

Դրանցից հինգին մասնակցել է Գերմանիայի նախկին կանցլեր Օլաֆ Շոլցը, իսկ Մերցը մասնակցել է Ալբանիայում և Դանիայում կայացած հանդիպումներին։ Այն պրակտիկան, ըստ որի Ֆրանսիայի նախագահը և Գերմանիայի կանցլերը փոխադարձաբար ներկայացնում են միմյանց, արդեն կիրառվել է նաև ԵՄ գագաթնաժողովներում։

Հիշեցնենք՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը անցկացվում է տարին երկու անգամ, և դրան մասնակցում են եվրոպական երկրների առաջնորդները՝ քննարկելու համագործակցությունը ընդհանուր առաջնահերթությունների շուրջ, ներառյալ՝ ժողովրդավարության ամրապնդումը, տնտեսական և էներգետիկ անվտանգությունը, նորարարությունների և նոր տեխնոլոգիաների զարգացումը, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրների լուծումը։ ԵՔՀ կազմում են ԵՄ 27 երկրներ և 20 գործընկեր պետություններ, որոնց թվում են Ուկրաինան, Ադրբեջանը, Հայաստանը, Վրաստանը և Մոլդովան։ Կազմակերպությունը ստեղծվել է 2022 թվականին Մակրոնի նախաձեռնությամբ՝ ի պատասխան Ռուսաստանի լայնածավալ ագրեսիայի Ուկրաինայի դեմ և նպատակ ունի խորացնել ԵՄ-ի և եվրոպական այլ երկրների համագործակցությունը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031