Հայ-ամերիկյան հարաբերության «անտեսվող», բայց ճշգրիտ չափիչը
Հայաստանում շարունակվում է հունվարի 14-ին Վաշինգտոնում ստորագրված՝ հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության հանձնաժողովների կանոնադրության վերաբերյալ բուռն քննարկումը: Սակայն, մի կարևորագույն չափիչ ու բաղադրիչ դուրս է մնում այդ քննարկումներից, հայ-ամերիկյան օրակարգի, ինչպես նաև ընդհանրապես Հայաստանի արտաքին ու ներքին քաղաքականության օրակարգերի վերաբերյալ քննարկումներից, այն է՝ տնտեսությունը:
Մինչդեռ, հայ-ամերիկյան հարաբերությունն ունի դրա համար անհրաժեշտ կարևոր մի փաստաթղթային ելակետ, որը ստորագրվել է դեռևս 2015 թվականի մայիսի 7-ին, Վաշինգտոնում: Դա տեղի ունեցավ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցի շրջանակում: Հայաստանն ու ԱՄՆ-ը ստորագրեցին ներդրումների պաշտպանության հայ-ամերիկյան համաձայնագիր, որի նպատակը հայ-ամերիկյան տնտեսական կապի խորացումն էր, Հայաստանում ամերիկյան ներդրումների համար նպաստավոր միջավայրի ձևավորումը: 2016 թվականի հոկտեմբերին Հայաստանի կառավարության անդամների մասնակցությամբ Միացյալ Նահանգներում կազմակերպվեց ներդրումային համաժողով:
Ի՞նչ ունենք այս պահին չափելու այդ տեսանկյունից: Գործնականում՝ ոչինչ: Կամ, այն, ինչ ունենք, ոչ թե չափելու է, այլ թերևս՝ ամաչելու: Ունենք ամերիկյան խոշորագույն ներդրումային ծրագրի ձախողման պատմություն: Խոսքն Ամուլսարի ծրագրի մասին է, որը խոշորագույնն էր Հայաստանի անկախության շրջանի համար, բայց դարձավ նաև այդ անկախության շրջանի ներդրումային ձախողումների «խոշորագույն» օրինակ: Ընդ որում, այդ ծրագրի կարևորության մասին պարբերաբար խոսում էին Հայաստանում ԱՄՆ դեսպաններն ու Հայաստան ժամանող ամերիկացի այլ դիվանագետներ: Սակայն, 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից ու փոփոխություններից հետո այդ ծրագիրը մնաց կիսատ, ըստ էության՝ արգելափակվեց: Վերջին օրերին նշմարվում են ծրագրի իրականացման հեռանկարներ, բայց, փաստորեն, անցնող տարիներին ժամանակի, ռեսուրսների, նաև Հայաստանի ներդրումային իմիջի շոշափելի կորուստներից հետո:
Ինչպես ցանկացած միջպետական գործակցություն, այդ թվում՝ առավել ևս Հայաստան-ԱՄՆ գործընկերությունը պետք է չափվի տնտեսությամբ, ներդրումներով, այլ ոչ թե հնչեղ վերնագրերով, բարի ու պերճախոս մտադրություններով: Դրանք, իհարկե, ականջահաճո են, նաև ոչ անկարևոր, բայց, եթե ուղեկցվում են միջպետական հարաբերությունների «ցեմենտով»՝ տնտեսությամբ, ներդրումներով:
«Մեխանիկան» այստեղ շատ պարզ է: Հարաբերությունների ամենից զգայուն սեգմենտը տնտեսությունն է: Կապիտալի կրողներն են ամենաբծախնդիր և զգայուն սուբյեկտները միջազգային հարաբերությունների բազմաշերտ գործընթացում: Հետևաբար՝ նրանց վարքագիծն է առավելագույն «ճշգրտությամբ» ցուցիչը: Եթե ներդրողները գործնականորեն արձագանքում են պետությունների քաղաքական կառավարիչների միջև համաձայնություններին ու փաստաթղթերին, ուրեմն հավատում կամ վստահում են դրանց: Դրանով էլ ամրանում են այդ փաստաթղթերը, որովհետև ներդրողների շահագրգռությունը, հետաքրքրությունը դառնում է որոշակի զրահ այդօրինակ միջպետական համաձայնությունների համար:
Եթե դրանց ներքո չկա բիզնես, չկան խոշոր տնտեսական գործարքներ, ներդրումային ծրագրեր, ուրեմն հարաբերություններում ամեն ինչ կարգին է միայն թղթերով, ոչ ավելի:
Ընդ որում, սա էապես առնչվում է նաև անվտանգությանը: Տնտեսությունը, օտարերկրյա ներդրողների խոշոր ներկայությունն ապահովում է արտաքին դաշնակիցների յուրօրինակ մի շերտ: Խոշոր կապիտալը, ներդրողներն իրենց երկրներում այդպիսով դառնում են մեր պետության անվտանգության խոշոր լոբբիստներ, քանի որ նրանք ունեն տնտեսական շահեր, ներդրված ռեսուրսներ, հաշվարկներ, և այդ ամենը պաշտպանելու, դրա շուրջ կայունություն և կանխատեսելիություն ապահովելու ուժեղ մոտիվացիա:
Ընդ որում, դե ֆակտո լոբբիստներ, որոնց ոչ թե մենք ենք վճարում, այլ որոնք մեր լոբբինգով զբաղվում են իրենց հաշվին, եթե մենք կարողանում ենք որպես պետություն՝ գրավել նրանց և նրանց հետ համաձայնության գալ մեր երկրում փոխադարձ շահեկան նախագծերի շուրջ:
Այդ մեխանիկայի ամենաթարմ օրինակներից մեկը, թերևս, բոլորովին օրեր առաջ Մոսկվայում ստորագրված ռուս-իրանական ռազմավարական գործընկերության համապարփակ պայմանագիրն է: Այդ պայմանագրի առյուծի բաժինը տնտեսությունն է, տնտեսական հարաբերությունը համակողմանի խորացնելու պայմանավորվածությունը:
Տնտեսական ընդհանուր կոոպերացիայի, փոխադարձ ներդրումային համաձայնությունների շուրջ է ձևավորվում անվտանգության միջավայրը:
Սա «ունիվերսալ» չափիչ է, որ պետք է կիրառելի լինի ոչ միայն հայ-ամերիկյան, այլ գործնականում արտաքին հարաբերությունների բոլոր ուղղությունների համար, և արտաքին քաղաքականության համար ընդհանրապես:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ