Պատրա՞ստ ենք եկամուտների համընդհանուր հայտարարագրմանը, ի՞նչ պետք է սովորել միջազգային փորձից․ պարզաբանում են մասնագետները

2024 թվականից մեկնարկել է Ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի երկրորդ փուլը, որի շրջանակում 2024 թվականի հաշվետու տարվա համար հայտարարագրերը պետք է ներկայացվեն մինչև 2025 թվականի մայիսի 1-ը ներառյալ։

Այս փուլում արդեն հայտարարագիր ներկայացնող քաղաքացիների շրջանակն ընդլայնվել է՝ ներառելով նաև 2024 թվականի ընթացքում վարձու աշխատող համարված ՀՀ քաղաքացիներին, քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում հարկվող եկամուտ ստացածներին, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված պետական և համայնքային ծառայողներին, հանրային պաշտոններ զբաղեցնողներին, 2023 թվականի արդյունքներով 1 մլրդ դրամ և ավելի համախառն եկամուտ հայտարարագրած ՀՀ ռեզիդենտ առևտրային կազմակերպությունների՝ 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ մասնակից (բաժնետեր, փայատեր, անդամ) հանդիսացողներին, «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով իրական շահառու համարվող ՀՀ քաղաքացիներին, 2024 թվականի ընթացքում 20 մլն դրամ և ավելի փոխառություն ստացած ՀՀ քաղաքացիներին։

Տնտեսագետներն այս համակարգի ներդրման անհրաժեշտությունը հիմնականում չեն հերքում, սակայն շեշտում են՝ պետությունն անպատրաստ է գնում այս մասշտաբային համակարգի ներդրմանը։

ՀՀ առաջին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը 168am-ի հետ զրույցում նշեց՝ միջազգային պրակտիկան ցույց է տալիս, որ դա անհրաժեշտություն է, բայց ամբողջ հարցն այն է, թե ինչպես են դա անում։

Կարդացեք նաև

«Օրինակ, ԱՄՆ-ում, եթե գնաք որևէ քաղաք, հազարավոր գրասենյակներ կան, որտեղ քաղաքացին մտնում է, և պետության հաշվին կատարվում է պրոցեսը, լրացվում են անհրաժեշտ տեղեկությունները։ Հայաստանում նման որևէ ծառայություն գոյություն չունի, ավելին՝ մարդը թողնված է ՊԵԿ-ի քմահաճույքին․ ինչ-որ կիսատ-պռատ աշխատող էլեկտրոնային համակարգեր են, որոնք պարզ չեն։ Սա հիմքեր է ստեղծելու հետագայում դատական գործընթացների,- ասաց Հրանտ Բագրատյանը՝ արձանագրմամբ, որ համակարգը թերի է,- Մեր հիմնարկ-ձեռնարկությունները՝ շուրջ 70 հազար սուբյեկտ (չհաշված գյուղացիական տնտեսությունները), տնտեսական գործունեություն են ծավալում, որոնցից 50 հազարը՝ ակտիվ, բայց այդտեղ չկա հաշվապահություն, որը պատրաստի տեղեկանքը կտա աշխատողին՝ լրացնելու։

Կարող եմ վստահաբար ասել՝ նախնական աշխատանքներ չեն արվել, չեն եղել հիմնարկների հաշվապահների որակավորման բարձրացման կուրսեր։ Այնպես որ՝ սա բերելու է քաշքշուկների, դատերի, որովհետև հերթական անգամ գնում ենք գործընթացի՝ պատրաստ չլինելով։ Լեհաստանում, երբ անցան այս համակարգին, 4 տարի պատրաստվում էին, 4 տարի փորձնական կերպով ներդրեցին»։

Քանի որ եկամուտների համընդհանուր հայտարարագրման նպատակներից մեկը ստվերի կրճատումն է, տնտեսագետն ուշադրություն հրավիրեց հանգամանքի վրա, որ տարիներ գործող այս համակարգն այդպես էլ չի նպաստել ստվերի կրճատմանը։

«Ուրեմն դա շնորհքով չի արվում»,- նկատեց Հրանտ Բագրատյանը։

Տնտեսագետ Լիլիա Ամիրխանյանը ևս դրական համարեց այս ինստիտուտի կիրարկումը, սակայն դարձյալ կարևորեց հենքը, ինչի վրա պետությունը գնում է այս մասշտաբային գործընթացին։

«Եկամուտների համընդհանուր հայտարարագրումը ենթադրում է պետության, պատկան մարմինների կողմից քաղաքացու եկամուտների վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն, որն օրինակելի պարագայում հնարավորություն է տալու արդյունավետ գնահատել սեփական հանրության եկամուտները, ու, հետևաբար, նաև արդյունավետ հարկային, սոցիալական քաղաքականություն իրականացնել,- նշեց տնտեսագետը՝ այս համատեքստում հիշեցնելով, որ այս ինստիտուտի կիրառումն իր հերթին բերելու է ստվերի կրճատմանը, անօրինական շարժերի, ֆինանսական հանցավորությունների բացահայտմանը,- Ընդհանուր առմամբ, այս ինստիտուտի միջազգային փորձը դրական է, և ընդհանուր առմամբ պետությունները վաղ թե ուշ պետք է իրականացնեն այդ համակարգերի ներդրումը, այլ է խնդիրը, թե կոնկրետ մեզ համար որքանո՞վ է պետությունը պատրաստ այդ մասշտաբային նման համակարգի ներդրմանը»։

Լիլիա Ամիրխանյանն այս դրվագում շեշտեց՝ ինչպես տեխնիկական հագեցվածության հարցը, այնպես էլ՝ հանրության կողմից տեղեկացվածությանը, ֆինանսական գրագիտությանն ու մշակույթին առնչվող հարցերը։

Միջազգային պրակտիկայի մի քանի օրինակներով նա պարզաբանեց, թե իրականում ինչ պետք է ենթադրի այդ ինստիտուտի ներդրումը․ «Եկամուտների համընդհանուր հայտարարագրմանն անցնելու պրոցեսները տարբեր տևողություն ունեն տարբեր երկրներում։ Ամենահաջողված փորձերից է ԱՄՆ փորձը․ այնտեղ անգամ այն դեպքում, երբ համակարգը ներդրված է, կայացած է, այնուամենայնիվ, տարեկան կտրվածքով թողարկվում են ավելի քան 100 բրոշյուրներ, որոնք պարունակում են օժանդակություն, խորհրդատվություն՝ վերաբերող հայտարարագրման գործընթացներին։

Բացի այդ՝ ԱՄՆ-ում հայտարարագրման գործընթացներն իրականացվում են հարկային մարմինների ներքո գործող միասնական հայտարարագրման մարմնի կողմից, որը հնարավորություն է տալիս յուրաքանչյուր քաղաքացու ունենալ սեփական հարկային ներկայացուցիչը, միջնորդը, որն ապահովում է խորհրդատվությունների իրականացումը, ինչպես նաև՝ հնարավոր անհամաձայնությունների դեպքում՝ միջնորդ է դառնում քաղաքացու և պետության միջև»։

Ըստ նրա՝ այսօր մեր պետությունն օբյեկտիվորեն չունի նման հնարավորություններ, և անգամ 2023թ․ ներդրված նոր համակարգն է բախվել տեխնիկական հագեցվածության խնդիրների՝ այն դեպքում, երբ խոսքն այդ ժամանակահատվածում վերաբերել է դեռևս հայտարարագիր ներկայացնող 4 կատեգորիայի անձանց։

Տնտեսագետը նաև եվրոպական փորձից օրինակներ հիշեցրեց․ «Օրինակ, Գեմանիայում հայտարարատուն պարտադիր հայտարարագրում պետք է իրականացնի, եթե հիմնական աշխատավարձային եկամուտներից բացի՝ այլ եկամուտները գերազանցում են 410 եվրոն»։

Անդրադառնալով այս ինստիտուտի ներդրման արդյունքում ստվերի հնարավոր կրճատման մասին արձանագրումներին՝ Լիլիա Ամիրխանյանը պարզաբանեց, որ սա, այդ թվում՝ նշանակում է նաև հարկային բեռի ավելացում։

«Դա, իհարկե, չի ենթադրում, որ բոլոր հայտարարագրվող եկամուտները պետք է հարկվեն, բայց նաև չի ենթադրում, թե հարկման ենթակա եկամուտները չպետք է հարկվեն։ Բայց հասարակությունը պետք է ունենա վստահությունը, որ օբյեկտիվորեն հարկվելու են այն եկամուտները, որոնք հարկման ենթակա են»,- հավելեց մասնագետը՝ խնդրահարույց համարելով նվիրատվությունների հարցը, դրանց շեմը։

Ամփոփելով՝ Լիլիա Ամիրխանյանը վստահեցրեց՝ համընդհանուր հայտարարագրման ինստիտուտի ներդրումը բացասական չէ, ու չկա այդ համակարգի ներդրման բոյկոտի նպատակ, սակայն շատ կարևոր է, որ նմանօրինակ համակարգերի ներդրման համար լինի համապատասխան հենք ու պատրաստվածություն՝ սկասծ տեխնիկականից։

Տեսանյութեր

Լրահոս