
Թուրքերը մտավախություն ունեն, որ ռուս տուրիստները Թուրքիայի փոխարեն կնախընտրեն Ճապոնիան

2024-ին ռուսները բախվել են զբոսաշրջային այցերի թանկացմանը Թուրքիա, Եգիպտոս և ԱՄԷ ուղղություններում: Այդ իսկ պատճառով, ըստ ռուսական տուրօպերատորների, ռուս զբոսաշրջիկների համար նոր ուղղություն կարող է դառնալ Ճապոնիան: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ճապոնիան զգալի աճ ունի տուրիզմի ոլորտում: 2024 թվականի հունվար-հոկտեմբեր ժամանակահատվածում այնտեղ այցելել է 26.9 միլիոն օտարերկրացի, ինչը 55 տոկոսով ավելի է, քան 2023 թվականին։
Ռուսաստանի Դաշնությունից Ճապոնիա է մեկնել 63.900 զբոսաշրջիկ, ինչը 2.4 անգամ ավելի է 2023 թվականի ցուցանիշից։ Ավելին, «OneTwoTrip» ծառայությունը նշում է, որ Տոկիոն դարձել է գալիք գարնան տոմսերի ամրագրման առաջատարը՝ նրան բաժին է ընկնում ամրագրումների 13.5%-ը, ինչը հինգ անգամ գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը։
Որոշ մասնագետներ տուրիզմի աճը պայմանավորում են ճապոնական ազգային արժույթի՝ ինի անկման հետ, սակայն ի տարբերություն թուրքական լիրայի, նրա ինֆլյացիան այդքան մեծ չէ: Օրինակ, 2024-ին Ճապոնիայում ինֆլյացիան կազմել է 2.3-2.5 տոկոս: Եվ այս համատեքստում Ճապոնիան դառնում է ավելի հասանելի շատ օտարերկրացիների համար:
Ուշագրավ է, որ թուրքական մամուլն այս ամենի առնչությամբ մտահոգություն է հայտնել, քանի որ ռուս զբոսաշրջիկները Թուրքիայի զբոսաշրջային եկամուտների զգալի մասն էին ապահովում: