ՔՊ-ն, Փաշինյանն անհանգիստ են. Ավինյանը դիստանցավորվում է. ընդդիմությունը հասկանում է՝ առանց ՀՀԿ ռեսուրսի անհնար է. Կարեն Քոչարյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղտեխնոլոգ, քաղաքական վերլուծաբան Կարեն Քոչարյանն է։
2025թ. հունվարին, Ֆեյսբուքի՝ «Meta»-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգն աղմկահարույց հայտարարություններ արեց: Նա հայտարարեց, որ ԱՄՆ արդեն նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմի պաշտոնյաները զանգում և գոռում, հայհոյում էին «Meta»-ի աշխատակիցների վրա՝ պահանջելով գրաքննություն այն գրառումների համար, որոնք քննարկում էին մարդկանց օրգանիզմի վրա Covid պատվաստանյութերի կողմնակի ազդեցությունները: Ըստ Ցուկերբերգի, Ֆեյսբուքում և «Մետա»-ի այլ հարթակներում արտահայտվելու ազատության պահպանումը դժվար է եղել, քանի որ Բայդենի վարչակազմը ճնշում է գործադրել Covid-ի համաճարակի պայմաններում: Նա խոսել է նաև ԱՄՆ կառավարության կողմից այլ գրաքննությունների մասին՝ նշելով, որ տեղի ունեցած կոնֆլիկտների մանրամասները հրապարակվել են Կոնգրեսի հետաքննության փաստաթղթերում:
2024թ. Թրամփը նաև հայտարարել էր, որ Facebook-ը համարում է ամերիկացիների՝ ժողովրդի «թշնամի». «Կարծում եմ՝ Facebook-ը ժողովրդի թշնամին է, շատ վատ ազդեցություն ունի մեր երկրի վրա, հատկապես, երբ խոսքն ընտրությունների մասին է»։ Նա իր «Փրկել Ամերիկան» գրքում և քարոզարշավի ընթացքում Ցուկերբերգին մեղադրում էր 2020թ. ընտրությունների կեղծիքների մեջ։ Թրամփը Ցուկերբերգին սպառնաց բանտարկությամբ. «Մենք ուշադիր հետևում ենք նրան, և եթե նա այս անգամ ինչ-որ անօրինական բան անի, ապա իր կյանքի մնացած մասը կանցկացնի բանտում»,- գրել էր Թրամփը:
Այդ նույն Ֆեյսբուքը և այլ սոցիալական ցանցեր Արևմուտքն օգտագործեց Հայաստանում 2018թ. հեղափոխություն կոչվածի, այնուհետև՝ Փաշինյանի և ՔՊ-ի կառավարման ողջ ընթացքում, Քովիդի, 44-օրյա պատերազմի օրերին՝ քարոզչական կեղծիք տարածելով և հասարակությանը մոլորեցնելով…
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.
- Սոցցանցերը 2018թ. հեղափոխության ժամանակ եղել են լուրջ գործիք։ Հիմա առանձին վերցրած սոցիալական կոնկրետ ցանցի՝ Ֆեյսբուքի ազդեցությունը նվազում է։ Նաև սոցցանցերի դիվերսիֆիկացիայի արդյունքում. շատերը վաղուց փորձում են մտնել Tiktok։
- Կար ժամանակ, երբ հարյուր-հազարավոր դիտումներ ուներ Փաշինյանը, և այն ժամանակ դա հասկանալի էր: Բայց երբ, օրինակ, ցույց էր տրվում, թե իբր Տիգրան Խզմալյանի հարցազրույցները նայում է, ասենք, 200 000 մարդ, հասկանալի էր դառնում, որ ընդամենը գնված բոտերով դիտումներ են ավելացնում։ Թեկուզ 2 միլիոն դիտում ցույց տան, դրանից Խզմալյանի կամ Արամ Զավենի Սարգսյանի էլեկտորալ վարկանիշը, միևնույն է, չի բարձրանում։
- Ցավոք, Հայաստանը վաղուց արդեն սուբյեկտ չէ, դարձել է օբյեկտ, և Հայաստանը երեկվանից՝ Թրամփի՝ ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո նոր աշխարհակարգի կանոններով պետք է շարժվի։ Մեզ համար կարևոր կարող է լինել Թրամփի այն որոշումը, ըստ որի՝ 90 օրով կասեցվում են որևէ երկրի արտաքին օգնությունները։ Իհարկե, սա առաջին հերթին վերաբերում է Ուկրաինային, բայց Հայաստանն էլ ինչ-որ փաթեթի մեջ է մտնելու։ Հարցն այն է, թե Հայաստանը որ փաթեթի մեջ է լինելու։
- ՔՊ-ն ներքին անհանգստություններ ունի։ Նիկոլ Փաշինյանը սոցցանցերում ակտիվ վիդեոներ է գցում՝ ֆեյսբուքներում, Tik-Tok-ներում, Ալեն Սիմոնյանը հարցազրույց է ուզում տալ, անտառահատումների խնդիրներ են բացահայտվում ՔՊ-ի ներսում, որի պատճառով բախումներ են սկսվում ՔՊ-ի ներսում, ԲԴԽ նախագահի իրենց թեկնածուն «փայլուն» ընդունելության է արժանանում ԱԺ-ում։ Այն ՀԿ-ների ցանկը, որը երեկ ստորագրել էր ԲԴԽ նախագահի ՔՊ-ի թեկնածու Ալեքսանդր Սիրունյանի թեկնածությունը հետ կանչելու համար, բավական խորը ստորգետնյա խմորումների մասին է խոսում։ Իշխանության ներսում լուրջ պրոցեսներ են ընթանում։
- ՔՊ-ական կարկառուն պաշտոնյա՝ Պետեկամուտների կոմիտեի արդեն նախկին նախագահ Ռուստամ Բադասյանի՝ «Արդշինբանկում» շատ բարձր աշխատավարձով պաշտոն ստանալու մասին. կարծում եմ՝ ցանկացած մեծ կազմակերպություն, որտեղ մեծ փողերի հոսք կա, կուզենա իր կազմում ունենալ ՊԵԿ նախկին նախագահ Ռուստամ Բադասյանի նման նախկին պաշտոնյա աշխատակից, թեկուզև՝ որոշակի ինֆորմացիայի տիրապետելու առումով։
- Հետաքրքիր է, երբ այս իշխանությունները համատարած հայտարարագրերով փորձում են հասկանալ՝ որտեղի՞ց քաղաքացուն այդ գումարները, արդյո՞ք փորձել են հասկանալ՝ որտեղի՞ց այդ գումարներն այն մարդկանց, ովքեր իրենց անունով կամ անանուն միլիոնավոր գումարներ են փոխանցում Աննա Հակոբյանին, և որտե՞ղ է Աննա Հակոբյանն այդ փողերը ծախսում։
Սկսած ֆեյքերի ՊՈԱԿ-ից, վերջացրած այս ամեն ինչով, բումերանգ է ցանկացած իշխանության համար։ Ցանկացած հաջորդ իշխանություն, անգամ, եթե դա իրենց թիմակիցը լինի, բացելու է այդ հայտարարագրերը, իմանալու է՝ ովքե՞ր են այդ ֆիլանտրոպները կամ հաջողակ տղամարդիկ, ովքեր գումար են փոխանցել Աննա Հակոբյանին, կա՞ արդյոք չափ՝ ինչքան կարելի է փոխանցել, մինչև որքա՞նը չի հարկվելու։
- Պետք է մարդկանց կրթել, հետո նոր պարտադրել հայտարարագիր լրացնել։ Սարերում անասնապահությամբ զբաղվող գյուղացին պարտավոր չէ հաշվապահ վարձել հայտարարագիր լրացնելու համար։
- Անկրթության մասին ամենաբարձրն անկիրթներն են խոսում։ Կրթության մասին խոսելով՝ նրանք փորձում են լրացնել իրենց թերարժեքության բարդույթը։
- Ավինյանը վաղուց արդեն փորձում է դիստանցավորվել Նիկոլ Փաշինյանից։ Գնաց Նեմեսիսի արձանի բացմանը, «Արցախ» բառն է օգտագործում… Ավինյանը փորձում է չնույնականանալ Փաշինյանի հետ։
- Ավինյանն իր հոր կողմից ասված «համբալ» արտահայտության համար, իհարկե, իմիջային լուրջ կորուստ կրեց, սակայն դրա հետ կապված հասարակության ամբողջ զայրույթն ու նեգատիվը, ի վերջո, ուղղվում է նաև երկրի առաջին դեմքին՝ Փաշինյանին։
- Ինձ համար ընդհանրապես անհասկանալի է ընդդիմության թևերի այսօրվա կոշտ բախումը, երբ մշտապես հայտարարել են, որ պայքարի թիրախը պետք է լինի Փաշինյանը։ Եթե ընտրություններ լինեին՝ գուցե դա ինչ-որ իմաստով կհասկանայի։ Բայց երբ նպատակն իշխանությունից Փաշինյանին հեռացնելն է, ընդդիմության շարքերում առկա բախումները չեմ հասկանում։ 2026թ․ ընտրություններին շատ ժամանակ չի մնացել։
- Իշխանությունը կորցրել է իր էլեկտորատի զգալի մասը, բայց ոչ ոք չգիտի՝ ուր են գնացել այդ ձայները։ Պարզ է, որ պետք է սկսվի ռեսուրսների պայքար։ Էլեկտորալ ռեսուրս այսօր ընդդիմությունը շատ չունի, չունի նաև ադմինիստրատիվ ռեսուրս։ Մարդկային, ֆինանսական, կազմակերպչական ռեսուրս ընդդիմադիր կուսակցություններից ունի հիմնականում ՀՀԿ-ն, կազմակերպչական, մարդկային և այլ ռեսուրս ունի նաև ՀՅԴ-ն։ Հաջորդ կարևոր ռեսուրսն աշխարհաքաղաքական ռեսուրսն է, որն ընդդիմադիր հատվածի դերակատարներից շատերը չունեն։ Այդ ռեսուրսն ունենալու համար պետք է իշխանություն եղած լինես, ու աշխարհաքաղաքական կապերի առումով դարձյալ ՀՀԿ-ն այդ ռեսուրսն ունի։ Անկասկած է, որ ՀՀԿ-ն ունի նաև կադրային պրոֆեսիոնալ ռեսուրս։ Շատ կարևոր է նաև մեդիա ռեսուրսը։ Կարծում եմ՝ ՀՀԿ-ն այսօր ունի բազա։ Այսօր պայքար է մղվում ընդդիմության մեջ՝ օգտվելու այդ ռեսուրսներից, այսինքն՝ դառնալ պոտենցիալ դաշնակից։ Այսօրվա պայքարը նաև ՀՀԿ ռեսուրսից օգտվելու համար է։
- Բանական ու քաղաքական փորձ ունեցող մարդիկ հասկանում են, որ առանց ՀՀԿ ռեսուրսների անհնար է մտնել նախընտրական պայքարի մեջ։
- Հանուն արդարության՝ պետք է ասեմ, որ ընդդիմության շարքերում այդ հարվածն առաջինը եկել է մի կողմից, այլ հարց է, որ մյուս կողմից այդ հարվածներին պատասխանել են՝ սլաքներն ուղղելով բոլորովին այլ հասցեով։
- Ընդդիմության թևերի միջև հակամարտությունը ոչ քաղաքական, ոչ տեխնոլոգիական առումով ճանապարհ չէ։ Սա միանշանակ է։
- Հիմա ընդդիմության պայքարում ընդամենը մի կենսունակ բան կարող է լինել՝ բոլոր ուժերի միավորում։ Որպեսզի Հայաստանը նորից ընկալվի որպես սուբյեկտ, առաջին հերթին պետք է ցույց տալ, որ Հայաստանի հասարակությունն ունի միասնական նպատակ։ Ես կոչ եմ արել միավորվել Հայաստանի նախկին երեք նախագահներին և ոչ միայն նրանց։ Բոլոր նրանք, ովքեր պայքարում են ոչ թե իշխանության, այլ Հայաստանի համար, պետք է միավորվեն մեկ գաղափարի շուրջ։
- Ես վստահ չեմ, որ միայն Հանրապետականով (ՀՀԿ) հնարավոր է հասնել փոփոխությունների, բայց առանց Հանրապետականի ռեսուրսների էլ ընտրությունների գնալ չեն կարողանալու։
Մանրամասները՝ տեսանյութում։