Ինչո՞ւ հայերը պարտվելուց հետո ավելի կոմֆորտ են զգում իրենց, ձգտում են հարմարվել, դասեր չքաղել ու չփորձել հաղթել․ Էդուարդ Աբրահամյան
Անվտանգության հետազոտությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող, միջազգային հարաբերությունների դոկտոր Էդուարդ Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․
«Ալեքսանդր Լապշինի վերջին գրառումը հայ գերիների պասիվ ու չկողմնորոշված լինելու մասին իրականում ավելի ֆունդամենտալ, կվինտեսենցիալ խնդրի վերաբերյալ մտորման առիթ է տալիս։
Ինչպե՞ս է ստացվում, որ հայ ժողովուրդը, նույնիսկ ունենալով պետականություն, շարունակում է ընկնել նույն սյուժետային պատմական արխետիպերի մեջ։ Օրինակ` հաճախ կոտորվում է, հաճախ ստորացվում, հաճախ ենթարկվում է էթնիկ զտման կամ բռնի-կամավոր ձուլման՝ ուղղորդված պատմամշակութային ինքնատիպ հետքերի ջնջմամբ կամ խորքային աղավաղմամբ հակառակորդ ազգի կողմից։ Ինչու հաճախ ոչ թե ունենում է իմաստուն, բանիմաց, ներքին ամուր արժեհամակարգով, խիզախ, ռազմավարական տեսլականով օժտված առաջնորդներ, այլ հաճախ գլխավորվում է վախկոտ, ոչ պրոֆեսիոնալ, ազգային ու պետական շահը չգիտակցող, կաշառակեր-թալանչի, քաղաքական ու պետական հարցերում տգետ, ռազմավարական միտք չունեցող, օպերացիոն ռազմավարություն չունեցող առաջնորդների, ում կործանարար որոշումների հետևանքով կամ ենթարկվում է ազգային ինքնության և ինքնատիպուքկան իր որակական խմբագրմանը իր հանդեպ գերակայություն հաստատած ազգ-֊համակարգի կողմից, կամ ավելի է ընկնում չկողմնորոշվածության ու պասիվ մահվան պարադիգմայի մեջ։
Ինչո՞ւ հայերը չեն կարողանում կուտակել, այումուլացնել ուժ՝ ունենալով դրա համար ամենակարևոր գործիքը՝ համազգային քաղաքական կազմակերպություն պետականությունը։ Ինչու ինչ էլ պահի տակ կուտակում կամ ձեռք են բերում` մսխվում է հենց հայերի կամ խլվում է հակառակորդների կամ «բարեկամների» կողմից։ Ինչո՞ւ հայերը հաճախ պարտվում են։
Ինչո՞ւ հայերը պարտվելուց հետո ավելի կոմֆորտ են զգում իրենց, ձգտում են հարմարվել, դասեր չքաղել ու չփորձել հաղթել, դառնալ հաղթող, գցել նույն վիճակի կամ ավելի վատ ու բարդ վիճակի մեջ իրենց պարտության մատնածին։ Իսկ ինչու երբ հաղթում են, կորցնում են իրենց, զգում են իրենց դիսկոմֆորտի մեջ, ուզում են ազատվել այդ հաղթանակից, համարում են այն գլխացավանք, բեռ՝ կարծելով որ այդ հաղթանակի հետ եկած միջավայրն իրենց շուրջ, իրենց այդ կարգավիճակը իրենցը չէ։ Ինչո՞ւ հույս են դնում մեկ այլ պետության վրա, որը կգա ու իրենց փոխարեն իրենց արդարությունը կվերականգնի, կպատժի իրենց իսկ կեղեքող ու բնաջնջողին, բայց երբեք չեն մտածում ինքներն իրենցով արդարություն վերականգնել։ Քեզ ցեղասպանողն ու կեղեքողը, քո հետքերը ոչնչացնողն ու ստորացնողը գրեթե միշտ կլինի անպարտ և անպատիժ, եթե դու չորոշես իրեն մատնել պատրության և պատժես։
Ինչո՞ւ հաճախ ավելի կոնֆորտ ենք զգում թշվառ ու ստորաքարշ կեցվածքով խաղաղություն մուրալ շրջապատից, խնդրել խղճալ իրեն, գթասիրտ լինել, պատրաստ լինել կատարել իրեն կեղեքողի գրեթե յուրաքանչյուր պահանջ, նույնիսկ արժանապատվության հետ անհամատեղելի ու ստոր պահանջ՝ հույս ունենալով որ նման կեցվածքն ու քծնանքը կօգնեն հանգիստ ապրել նրանց կողքին, բայց երբեք օրինակ չմտածել պատժելու, ռևանշի հասնելու ու կործանելու իր հանդեպ անարդարությունն ու հանցագործությունն նորմա դարձրած հակառակորդին։
Ինչպես դուրս գալ այս պերմանենտ ցեղասպանվելու, ձուլվելու ու ազգային ռեսուրսը փոշիացնելու կամ ակումուլացնել ունակ չլինելու բացասական շղթայից։
Նախ պետք է հասկանալ, որ այս բացասական շղթա-պարադիգմը ժողովրդի համապատասխան կեցվածքն ավելի կոնֆորտ համարելու և ազգային-պետական ընտրանու սխալ որոշումների, քայլերի հետևանքն է։
Ինչպես կասեր Մարկ Տվենը, «պատմությունը երբեք չի կրկնվում, բայց այն հաճախ հանգավորվում է»։
Այսինքն՝ նախ պետք է հետ նայել և խորապես հասկանալ այդ սխալ որոշումների ընդունումը և ազգային արխետիպի կեցվածքները, որոնք երևի թե բխում են վաղեմի ժամանակներից, հաճախ գիտելիքի պակասից ու համապատասխան բարոյա-հոգեբանական վիճակից, աղճատված իրականության ընկալումներից, և այլն։
Այսինքն՝ այս կրկնվող սյուժետային պատմական արխետիպերից դուրս գալու տարբերակը նախ վերջին 200-300 տարվա ընթացքում այս տարածքներում մարդկանց որոշումների կայացման ու վարքագծի վերհանումն ու վերլուծությունն է, որոնց հետևանքով շղթայական շարունակությամբ հասել ենք այս կետին։ Եթե սա խորապես չգիտակցվի, հայ ժողովուրդը մշտապես ընկնելու է նույն այս չմշակված սյուժետային արխետիպերի մեջ, որովհետև ցուցադրելու է նույն վարքագծային դրսևորումներն ու կանոնները նույն կամ նմանատիպ մարտահրավերներին առերեսվելիս։
Իմաստը ո՞րն է լրիվ հանձնել, բայց պայմանական ասած Սարդարապատի մոտ վերջում կռիվ տալ ու զարմանալ, որ հաղթել ես` а что так можно было (?) դեմքով։ Կամ իմաստը ո՞րն է քծնես, թույլ տաս քո վրայով քայլեն բայց հետո կրկին հասկանաս, որ հակառակորդը՝ մեկ է քեզ հանգիստ չի թողնելու, որովհետև դու ես թույլ տալիս, որ նա վարվի քեզ հետ այնպես, ինչպես վարվում է։ Եթե ժողովուրդը կուլ է տալիս իր հանդեպ արդեն ավանդույթ դարձած ստորացումը, էթնիկ զտումը, իր ինքնության արժեքների վերացումը, ուրեմն ա) այն դեռ չի դարձել պետականակիր ազգ, Բ) իր հանդեպ նման վերաբերմունքը ընկալվում է թուլատրելի դա իրականացնողի կողմից, քանի որ հանդուրժվում է և պատասխան ու ավելի հուժկու հարված չի հասցնում։
Այս սյուժետային ինտերացիոն շղթայից կարծես թե հաջողվել է դուրս գալ դեռ հրեաներին իրենց Իսրայելով և ադրբեջանցիներին իրենց Ադրբեջանով, մասամբ հայերի օգնությամբ։ Իրենք ինչ-որ մի կերպ գտել են ներքին լուծում, կարողացել են դուրս գալ իրենց սյուժետային շղթահից ու փոխել արխետիպիկան` որակապես նոր, ամբիցիոզ, դաժան ու էներգիայով լի ազգային միավորներ դառնալով։
Խնդիրը` վեր հանել սխալ որոշումների շղթան, քարտեզագրել ազգային մենթալիտետին ու վարքագծին բնորոշ սխալները թե՛ կոլեկտիվ վարքագծի, թե՛ պետականաշինության մեջ թույլ տրված, որպեսզի չկրկնել դրանք։ Փորձ ձեռք բերել դրանք այլևս չանելու համար։
Հիրավի, խելացի ազգը սովորում է իր սխալների վրա, իսկ իմաստուն ազգը` խելացի ազգերի սխալներից»։