Ո՞ւմ գրպանն են գնում գազի անփոփոխ սակագնից գոյացող միլիոնավոր դոլարները

ՔՊ-ական իշխանությունը՝ իր հակասոցիալական քաղաքականությամբ, գերազանցել է բոլորին։ Չեն հագենում ժողովրդին կողոպտելուց։ Որտեղ պետք է քաղաքացու ֆինանսական բեռը չավելացնեն՝ ավելացնում են, որտեղ պետք է նվազեցնեն՝ չեն նվազեցնում։

Հարկերի, տուրքերի, բազմաթիվ այլ վճարների բարձրացումների մասին չէ խոսքը։ Խոսենք քաղաքացու գրպանի համար մեկ այլ, ոչ պակաս կարևոր խնդրի՝ հանրային ծառայությունների սակագների մասին։

Անցած տարվա վերջին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հայտարարեց, թե հաջորդ տարի էլեկտրաէներգիայի սակագները կմնան անփոփոխ։

«Սակագների վրա ազդեցություն ունեցող բոլոր դրական և բացասական գործոնների վերլուծության արդյունքում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի սակագների վերանայման անհրաժեշտություն չի առաջացել, և գործող սակագները սպառողների համար կմնան անփոփոխ։

Կարդացեք նաև

Միաժամանակ տեղեկացնում են, որ հանձնաժողովի նախաձեռնությամբ սկսված էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների սակագների վերանայման արդյունքում սահմանվեցին նաև 2025 թվականի փետրվարի 1-ից գործող էլեկտրաէներգետիկական համակարգի խոշոր արտադրող կայանների, ծառայություններ մատուցող ընկերությունների և շուկայի մրցակցային հատված դուրս չեկած բաժանորդների նոր սակագները»,- հայտարարեցին հանձնաժողովից։

Համատարած թանկացումների ու թանկացումների սպասումների ֆոնին էլեկտրաէներգիայի սակագները չբարձրացնելը, թվում է՝ լավ նորություն է քաղաքացիների համար։ Օգտագործված էլեկտրաէներգիայի համար կշարունակեն վճարել նույն գինը, ինչ վճարում էին նախորդ տարի։ Ու կհամարեն, որ հանձնաժողովը մեծ լավություն է արել իրենց։ Այնինչ՝ սակագներն անփոփոխ թողնելը վատ նորություն է ժողովրդի համար, որովհետև դրանք ոչ թե պետք է մնային նույնը, այլ վաղուց պիտի նվազեին։

Արդեն քանի տարի է, հանրային ծառայությունների սակագների վրա ազդող կարևոր գործոններից մեկն էապես թուլացել է, ինչը պետք է հանգեցներ դրանց նվազեցման։ Բայց հանձնաժողովն անդրդվելի է մնում՝ չի նվազեցնում սակագները։ Ընդ որում, ոչ միայն հոսանքի, այլև գազի սակագները, որոնց ձևավորման մեջ էական դեր ունի դոլարի փոխարժեքը։

Երեք տարի է, ինչ դոլարի գինը 400 դրամից ցածր է, ինչն էական գործոն է սակագները նվազեցնելու համար, բայց սակագները չեն նվազեցնում։

Սակագները, մասնավորապես գազի գինը, բնակչության համար հաշվարկված են դոլարի 480 դրամ փոխարժեքով, այնինչ՝ վերջին 3 տարիներին դոլարի փոխարժեքը դրանից գրեթե 25 տոկոսով ցածր է։ Այդ գործոնը լիարժեք բավարար էր ժողովրդին վաճառվող գազի ու հոսանքի սակագները նվազեցնելու համար, բայց հանձնաժողովը չի նվազեցնում։ Մի բան էլ այնպես է ներկայացնում՝ կարծես լավություն է անում ժողովրդին, որ սակագները մնալու են անփոփոխ։

Մինչ ժողովրդին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագինը հանձնաժողովը թողել է անփոփոխ, այս տարվա փետրվարի 1-ից նվազեցրել է ջերմային կայաններին վաճառվող գազի սակագինը։ Այն էլ՝ չափազանց կտրուկ։

Փետրվարի 1-ից ջերմային կայանները ռուսական գազը կստանան արտոնյալ գնով։

Մինչև 450 մլն կիլովատտ/ժամ էլեկտրաէներգիա արտադրելու դեպքում գազի սակագինը կլինի ընդամենը 46,7 դոլար՝ 1000 խորանարդի համար։

Պատկերացրեք, որ բնակչության պարագայում 1000 խորանարդ մետր գազի սակագինը հասնում է 370 դոլարի։

Մինչ այս փոփոխությունը ջերմային կայանները վճարում էին 1000 խորանարդի դիմաց 265,8 դոլար։ Փոփոխությունից հետո մինչև 450 մլն կվտ/ժամ հոսանքի արտադրության դեպքում կվճարեն 46,7 դոլար կամ 5,7 անգամ պակաս։

Ո՞ւմ հաշվին է հանձնաժողովը նման առատաձեռնություն ցուցաբերել ջերմային կայանների նկատմամբ և ինչո՞ւ։ Այս հարցերի պատասխանները հայտնի չեն։ Բայց ստացվում է, որ ՋԷԿ-երին վաճառվող գազի սակագինն անհամեմատ ավելի ցածր կլինի, քան գազի ներմուծման գինն է։

Հիշեցնենք, որ ռուսական գազը Հայաստանը ստանում է 165 դոլարով։

Այսինքն՝ գազը, թեկուզ էլեկտրաէներգիայի սահմանափակ քանակների արտադրության համար, ջերմային կայաններին վաճառվելու է 3,5 անգամ ավելի ցածր գնով, քան ներմուծվում է։  Տարբերությունը, ենթադրաբար, փոխհատուցելու են մյուս սպառողները ու հատկապես բնակչությունը։ Սա ինչ-որ առումով գուցե հասկանալի լիներ, եթե հանգեցներ բնակչությանը մատակարարվող հոսանքի սակագնի նվազեցման։ Բայց, ինչպես տեսնում ենք, հանձնաժողովը չի բարեհաճել նվազեցնել բնակչությանը վաճառվող հասանքի սակագինը ու «մեծահոգաբար» բավարարվել է անփոփոխ թողնելով՝ հավանաբար մտածելով, որ դա էլ շատ է Հայաստանի երբեմնի հպարտ քաղաքացիներին։

Եթե էլեկտրաէներգիայի դեպքում դեռ բարեհաճել են նախաձեռնել սակագների վերանայման գործընթաց, թեկուզ այն սպառողներին ոչինչ չի տվել, ապա գազի պարագայում դա էլ չեն արել։ Այնինչ, գազը բնակչության համար շատ վաղուց արդեն պիտի էժանացրած լինեին՝ պայմանավորված դոլարի փոխարժեքի անկումով ու այն հանգամանքով, որ բնակչության համար սակագինը դրամով է սահմանված, ի տարբերություն խոշոր սպառողների, որոնց սակագինը դոլարով է։ Դոլարի էժանացումը հանգեցրել է խոշոր սպառողներին մատակարարվող գազի անուղղակի էժանացման։

Միայն բնակչությունն է, որ այս ամենից տուժել է։ Ու այդքանից հետո, քաղաքական իշխանությունն առիթ-անառիթ ժողովրդի նկատմամբ «անսահման հոգատարության ու սիրո» մասին է խոսում։ Այստեղ է երևում այդ սերն ու հոգատարությունը։ Քաղաքացիների հոսանքի սակագինը, որը պիտի էժանացնեին, չեն էժանացրել, գազի սակագինը, որը պիտի էժանացնեին՝ չեն էժանացրել, փոխարենը՝ ծանրաբեռնել են հարկերով, տուրքերով, այլ վճարներով ու համատարած թանկացումներով։

Այսպիսին է եղել «ժողովրդական» իշխանության հոգատարությունը ժողովրդի ու քաղաքացու նկատմամբ։

Ամեն ինչ արել ու անում են ժողովրդին ու քաղաքացուն ֆինանսապես ճնշելու, գրպանները դատարկելու համար։ Տարօրինակն այն է, որ այդքանից հետո մնացել են մարդիկ, ովքեր դեռ հավատում են Նիկոլ Փաշինյանի կեղծ ժողովրդասիրությանը։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս