«Փաշինյանը գցել է ռուսներին, դրա համար մի օր կուտ կտան, մի օր գլխին կտան». Տիգրան Քոչարյան
Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանի կարծիքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատկանում է «գիշատիչ բիզնեսմենների» շարքին, որը շատ արագ լուծումների է գնում:
«Ինքը բիզնեսում բավականին մեծ հաջողությունների է հասել և մտածում է, որ քաղաքականության մեջ էլ կարող է դա անել, որոշ տեղերում ստացվում է, որոշ տեղերում կարող է չստացվել: Յուրաքանչյուր պետության ղեկավար, որն ԱՄՆ-ի հետ գործարքի է գնում, պետք է հաշվի առնի, որ այդ գործարքի տևողությունը մաքսիմում 4 տարի է, որովհետև Թրամփից հետո կարող է դեմոկրատ գալ և ասել՝ այն, ինչ նա արել է, ինքը չի կատարելու»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երդմնակալության արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում նշեց, որ Պուտինը «ոչնչացնում է» Ռուսաստանը՝ հրաժարվելով գործարք կնքել Ուկրաինայի հետ պատերազմին վերջ տալու համար: Թրամփն ասել է, որ ինչ-որ պահի կխոսի Պուտինի հետ, առանց նշելու ժամանակը, և հույս հայտնել, որ Պուտինը կցանկանա գործարք կնքել:
Տիգրան Քոչարյանը նկատում է՝ ի՞նչ երաշխիքներ պետք է տա Թրամփը, որպեսզի Ռուսաստանը համոզվի, որ Ուկրաինան այլևս ՆԱՏՕ-ի կազմ չի մտնելու, որո՞նք են այն երաշխիքները, որոնց Պուտինը պետք է հավատա. «Գլոբալ առումով այդպիսի երաշխիքներ չկան, որովհետև նույն Մերկելն ու Օլանդը ժամանակին Մինսկի համաձայնագրերը ստորագրելուց 10 տարի անց խոստովանեցին, որ դա արել են զուտ նրա համար, որ Պուտինին խաբեն, մինչև Ուկրաինան հզորանա: Եթե երկրի ղեկավարներն իրենց պահում են դեռահասի նման, ապա Ռուսաստանը բոլոր իրավունքներն ունի մտածելու, որ կա՛մ Թրամփը կստի, և հերթական օյինը կխաղան ՌԴ գլխին, կա՛մ եթե նույնիսկ Թրամփն իր խոսքը պահի, դա կտևի 4 տարի, իսկ այդ ընթացքում Ուկրաինան կհասցնի ինչ-որ ձևով ապաքինվել, նորից զինվել, նոր համալրում կստանա բանակը, և Ռուսաստանը ստիպված կլինի նորից վերսկսել այդ ամենը»:
Նրա կարծիքով՝ ուկրաինական ճակատում ՌԴ համար հանգուցալուծում կլինի միայն այն ժամանակ, երբ Ռուսաստանի զորքերը հայտնվեն Կիևում, Օդեսայում և Խարկովում:
Ինչ վերաբերում է հայ-ամերիկյան հարաբերություններին, նա նշեց, որ և՛ Բայդենի, և՛ Թրամփի իշխանությունը Հայաստանի համար որևէ դրական բան բերել չեն կարող. «Բայդենը Հայաստանի իշխանությանը Ռուսաստանի դեմ էր քսի տալիս, և մենք խնդիրներ էինք ունենում Ռուսաստանի ուղղությամբ, իսկ Թրամփի իշխանությունը փորձելու է Իրանի վրա հարձակվել, որ ևս Հայաստանին որևէ դրական բան չի կարող խոստանալ: Այն, ինչ ստորագրվել է, Բայդենի վերջին վատությունն էր Հայաստանին: Իրենք երդվում էին, որ սա շարունակական կլինի, բայց մենք տեսանք, որ Փաշինյանին որևէ մեկը չհրավիրեց երդմնակալության արարողությանը: Դա նշանակում է, որ առնվազն ԱՄՆ-ի համար Հայաստանի տեղն արտաքին քաղաքականության մեջ գրեթե զրոյական է, երկրորդ՝ ԱՄՆ-ը այն վերաբերմունքը ցույց չի տալիս այդ համաձայնագրին, ինչպիսին մեզ այստեղ փորձում են ներկայացնել»:
Անդրադառնալով Արարատ Միրզոյանի այցին Ռուսաստան և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը, նա դժվարացավ Միրզոյանի քայլերը մեկնաբանել, որովհետև չգիտի՝ որ պետության շահերն է նա ներկայացնում:
«Անհասկանալի է, թե ինչու է գնացել Ռուսաստան և ինչ է փորձելու համոզել ռուսներին, որովհետև այնտեղ շատ լավ հասկացել են և որևէ վստահություն Արարատ Միրզոյանի և Նիկոլ Փաշինյանի հանդեպ չկա»,- ընդգծեց նա:
Հարցին՝ ո՞ր պահից դա հասկացավ Ռուսաստանը, որովհետև ըստ տարբեր տեղեկությունների՝ 2021-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ Ռուսաստանը Փաշինյանին լավ էլ աջակցում էր, նա պատասխանեց.
«2022թ. սկսած, երբ Փաշինյանը Պրահայում Մակրոնի քավորությամբ Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում: Փաշինյանը և՛ ներքին, և՛ արտաքին քաղաքական կյանքում նույն սկզբունքով է շարժվում՝ բոլորին ամեն ինչ խոստանալ և հետո գցելով՝ գնալ դեպի ավելի ուժեղը: 2022-ի աշնանը ռուսական զորքերն ուկրաինական ուղղությունից հետ էին քաշվում, միգուցե ներքուստ Փաշինյանն էլ էր համոզված, որ Ռուսաստանի գործերը վատ են, պետք է փախչել այնտեղից, և ափալ-թափալ հակառուսական քայլն արեց, այսինքն՝ ամենածանր պահին գցեց իր դաշնակցին:
Ռուսաստանը չէր պլանավորում Արցախից դուրս գալ: Ռուսաստանը հասկացավ, որ այլևս Փաշինյանը վստահելի մարդ չէ, և Փաշինյանի հետ իրենք կվարվեն այնպես, ինչպես ցանկանան. կարող է մի օր կուտ տան, մի օր գլխին տան, դա արդեն Փաշինյանի ընտրությունը չէ: Բայց այդ քայլով Փաշինյանը վստահություն ձեռք չբերեց նաև Արևմուտքում»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում