
Թրամփը ստորագրել է մի շարք հրամանագրեր՝ կյանքի կոչելով նախընտրական քարոզարշավի խոստումները

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հենց երդմնակալության արարողության օրը ստորագրել է մի շարք հրամանագրեր՝ կյանքի կոչելով իր նախընտրական քարոզարշավին հնչեցված խոստումներ։ Հրամանագրերն անկյունաքարային են ու փոխում են պետության որդեգրած քաղաքականությունը մի շարք բնագավառներում։ Այդ մասին ֆեյսբուքյն էջում գրում է սահմանադրագետ Գոհար Մելոյանը․
«Դրանցից է «ԱՄՆ քաղաքացիության իմաստն ու արժեքը պաշտպանելու մասին» հրամանագիրը, համաձայն որի՝ ԱՄՆ-ում ծնված երեխան այլեւս ՉԻ կարող ծնելիության հիմքով ստանալ ԱՄՆ քաղաքացիություն, եթե.
երեխայի մայրն ապօրինի է գտնվել Միացյալ Նահանգներում, և անձի հայրը նշված անձի ծննդյան պահին Միացյալ Նահանգների քաղաքացի կամ օրինական մշտական բնակիչ չի եղել.
երբ երեխայի մայրը Միացյալ Նահանգներում գտնվում է օրինական, բայց ժամանակավոր կարգավիճակով (օրինակ՝ տուրիստական այց) և անձի հայրը նշված անձի ծննդյան պահին Միացյալ Նահանգների քաղաքացի կամ օրինական մշտական բնակիչ չէ:
Ամենայն հավանականությամբ ապագայում կբարձրացվի այս փաստաթղթի ԱՄՆ Սահմանադրությանը համապատասխանության հարցը!»,- նշել է նա։