Բա սրա՞ համար ենք հեղափոխություն արել, որ իրարից թաքցնելու բան ունենանք. Փաշինյանի էժանագին թատրոնը

Եկամուտների համընդհանուր հայտարարագրման դժգոհության ֆոնին Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտից լծվել է այն գովազդելու անհնարին գործին:

Նախ, առավոտյան զանգահարեց բանկ, ներկայացավ որպես Նիկոլ Փաշինյան՝ խնդրելով իրեն տրամադրել նախորդ տարվա իր վարկերի ու ավանդներից ստացված տոկոսների մասին տեղեկանքներ, ինչը բանկի աշխատակիցը արագորեն արեց:

Վատ բեմադրված այս թատրոնի ողջ աբսուրդն այն էր, որ տպավորություն էր ստեղծվում, թե ցանկացած ոք կարող է զանգել բանկ, ներկայանալ ուղղակի, պարզապես ասել անուն-ազգանունը, ու բանկի աշխատակիցը նրան կտրամադրի այդ անուն-ազգանունն ունեցողի ողջ բանկային շարժի մասին տվյալները:

Թատերական ներկայացման երկրորդ հատվածում Փաշինյանն իր մոտ էր հրավիրել փոխվարչապետ Մհեր Գրիգրյանին, Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ Էդուարդ Հակոբյանին, ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին, ով ինքը նորմալ չէր լրացրել իր իսկ հայտարարագիրը ու ստիպված եղավ լրագրողների մոտ արդարանալ, թե վրիպակ է եղել, ու Տեղեկատվական համակարգերի գործակալության տնօրեն, ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Ներսես Երիցյանին: Վերջիններս պետք է նրան օգնեին ինքնուրույն լրացնել հայտարարագիրը:

Կարդացեք նաև

Այստեղ մի պահ կանգ առնենք. ինչպես ասում են՝ «յեքա» չորս տղամարդ, բանուգործը թողել են ու գնացել են Նիկոլի թատրոնում խեղկատակության մաս են կազմել:

Մհեր Գրիգորյանի քաղաքական ռեվերանսների, ճամբարափոխությունների, որևէ ճանապարհով իշխանություն ունենալու ձգտումներից, ֆինանսական կարողություններից շատ է այս ընթացքում խոսվել: Իսկ, օրինակ, նախկին իշխանությունների ժամանակ 2003-ից Կենտրոնական բանկում աշխատած, կառավարությունում տարբեր ոլորտների նախարարների պաշտոններ զբաղեցրած Ներսես Երիցյանն ի՞նչ գործ ունի այդ էժանագին շոուի մեջ:

Ինչևէ, Փաշինյանի էժանագին այս շոուի երրրոդ հատվածում խոշոր պլանով Փաշինյանի համակարգիչն էր, ուր հերթով բացվում էին պատուհաններն ու վերջինս լրացնում էր սյունյակները, բայց պարզվեց՝ հայտարարագրման պարտադիր բաղադրիչ Փաշինյանի հեռախոսը անջատված էր, ինչպես ինքն ասաց, պարտքի պատճառով, ինչը հարուցեց ներկաների ծիծաղը:

Հետո Փաշինյանը համոզում էր, որ հայտարարագիր լրացնելը ճիշտ է, աշխատատար է, բայց բարդ չէ, և ցանկացած ոք, անգամ թոշակառուները, կարող են լրացնել այն:

«Հիմա բոլոր թոշակառուներն էլ սմարթֆոն ունեն, ու յուրաքանչյուրը իր նախընտրած սոցիալական ցանցում անիմաստ սքրոլ է անում երբեմն: Թող մի շաբաթ օրը մի ժամ անիմաստ սքրոլ անելու փոխարեն կես ժամ սքրոլ անեն, հայտարարագիր լրացնելու դաշտերում, ու համոզված եմ, կկարողանան լրացնել այն»,- ասաց նա:

Ի վերջո, Փաշինյանը որոշեց, որ որևէ մեկը Հանրապետությունում մյուսից, առավել ևս պետությունից թաքցնելու բան չպետք է ունենա:

«Մեզ հաճախ ասում են, նաև այս առիթով՝ բա սրա՞ համար ենք հեղափոխություն արել: Հիմա էլ ես եմ ասում՝ բա սրա՞ համար ենք հեղափոխություն արել, որ իրարից թաքցնելու բան ունենանք»,- դասը եզրափակեց Նիկոլ Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս