ԱՄՆ-ի հրեական լոբբիստը ՀՀ տարածքի հաշվին քրդական պետության գաղափարն է առաջ մղում
Ինչո՞ւ 5 միլիոն պաղեստինցիներն ունեն պետություն ունենալու «իրավունք», իսկ 40 միլիոնից ավելի քրդերը՝ ոչ. հրեական հայտնի լոբբիստ Դեյվիդ Հարիսն ուշագրավ քարտեզ է հրապարակել:
Միացյալ Նահանգներում հրեական լոբբիի ամենահեղինակավոր գործիչներից մեկը՝ Դեյվիդ Հարիսն (David Harris), իր «X»-ի էջում պարբերաբար անդրադառնում է աշխարհաքաղաքական նշանակության հարցերին և հատկապես մերձավորարևելյան ցարգացումներին։
Օրերս նա ուշագրավ հարց է բարձրացրել այս սոցցանցի իր էջում, նշելով, թե ինչո՞ւ 5 միլիոն պաղեստինցիներն ունեն պետություն ունենալու «իրավունք», իսկ 40 միլիոնից ավելի բնակչություն ունեցող քրդերը՝ ոչ։
«Քրդերն ունեն հպարտ ինքնություն… երկար պատմություն… առանձնահատուկ լեզու… հարուստ մշակույթ… հյուրընկալության ավանդույթ… ազատության հանդեպ անհագ ծարավ։ Բայց չունեն իրենց պետությունը։ ԱՅՈ, ԻՆՉՈ՞Ւ»,- գրել է հրեական լոբբիի առաջամարտիկ Հարիսը։
Ուշագրավ է հատկապես այն հանգամանքը, որ Հարիսն իր գրառմանը կցել է Մերձավոր Արևելքի քարտեզը, որում շագանակագույնով առանձնացված է այն տարածքը, որի վրա, ըստ ամենայնի, Հարիսի կարծիքով, պետք է ձևավորվի քրդական պետությունը։
Նշված հատվածները ներառում են Թուրքիայի տարածքից էական հատված, Սիրիայի, Իրաքի, Իրանի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքից հատվածներ։
Մերձավոր Արևելքում՝ մասնավորապես Սիրիայում, վերջին մեկ ամսվա ընթացքում ծավալվող իրադարձությունների, Թուրքիայի կողմից քրդերի նկատմամբ ճնշումների նոր ալիքի, Սիրիայի տարածքի նկատմամբ Իսրայելի հավակնությունների ֆոնին հետաքրքրական է, որ ԱՄՆ-ում հրեական ազդեցության գործիչները նման գաղափարներ են առաջ մղում։
Նշենք, որ Դեյվիդ Հարիսն իր ողջ կյանքի ընթացքում եղել է հրեական ակտիվիստ, ղեկավարել է Ամերիկյան Հրեական Կոմիտեն (AJC) 1990-2022 թթ.։ Նրան Իսրայելի հանգուցյալ նախագահ Շիմոն Պերեսն անվանել է «հրեական ժողովրդի արտաքին գործերի նախարար»։
Հարիսն ավելի քան 20 անգամ պարգևատրվել է օտարերկրյա կառավարությունների կողմից իր միջազգային գործունեության համար՝ դառնալով ԱՄՆ պատմության մեջ ամենաշատ պարգևատրված հրեական կազմակերպչական առաջնորդը։ Նա կրթություն է ստացել Փենսիլվանիայի համալսարանում և Լոնդոնի Տնտեսագիտական Դպրոցում, ինչպես նաև եղել է հրավիրյալ գիտնական Ջոնս Հոփքինսի և Օքսֆորդի համալսարաններում։