Սա ավելի շատ քյալլագյոզության է նման և բխում է ավելի նեղ, պրիմիտիվ քաղաքական շահերից․ Թադևոս Ավետիսյան
Նիկոլ Փաշինյանը շարունակում է «ԵԱՏՄ-ից՝ ներս, ՀԱՊԿ-ից՝ դուրս» քաղաքականությունը ու այդ ընթացքում մերթընդմերթ խոսում տնտեսական միության արդյունավետության մասին, հպարտանում տնտեսական աննախադեպ ցուցանիշներով, որոնք, ըստ էության, հենց այս միության հետ փոխգործակցության ուղիղ արդյունքն են։
Բայց արի ու տես` Փաշինյանի սատելիտ ինչ-ինչ դեմքեր ցանկանում են Փաշինյանին ու նրա թիմին զրկել «աննախադեպ, պատմական» ցուցանիշներից՝ հորդորելով, օրինակ, դուրս գալ ԵԱՏՄ-ից։
Ըստ նրանց՝ ԵԱՏՄ-ի պարագայում Հայաստանը ո՛չ տեխնոլոգիական տնտեսություն է ունենալու և ո՛չ էլ լուրջ ներդրումներ ու զարգացող տնտեսություն` հատկապես առկա սանկցիաների պարագայում։
Իրատեսակա՞ն է արդյոք ԵԱՏՄ-ից դուրս գալն ու դեպի Արևմուտք դիվերսիֆիկացիան, պարտադի՞ր է արդյոք ինչ-որ միության հաշվին անել դիվերսիֆիկացիա՝ 168․am-ն այս հարցադրումներն ուղղեց ԱԺ պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանին։
Նա այս կոչերի հեղինակներին խորհուրդ տվեց նման բարձրագոչ հայտարարություններից առաջ նկատի առնել առկա իրողություններն ու փաստերը։
«2022-23թթ․ երկնիշ տնտեսական աճի առյուծի բաժինը հենց պայմանավորված էր ԵԱՏՄ անդամ երկրների հետ փոխգործակցությամբ, այդ թվում՝ առևտրով ու կապիտալ ներդրումներով, որում հատկապես առանձնանում է Ռուսաստանի Դաշնության դերը,- մանրամասնեց պատգամավորը՝ հավելելով,- Ի դեպ, արտաքին առևտրաշրջանառության մեջ այս իշխանության օրոք ՌԴ մասնաբաժինն աճել է, ու 2024 թվականի առաջին 10 ամիսներին հասել է 41 տոկոսի, իսկ ընդհանուր ԵԱՏՄ անդամ երկրների հետ՝ գրեթե 45 տոկոսի, այսինքն՝ համարյա մեր արտաքին առևտրի գրեթե կեսը։ Ու այժմ, երբ ասում են՝ դուրս գանք, նշանակում է՝ մեր արտաքին առևտրի ամբողջ ծավալի կեսը դնում են հարվածի տակ»։
Տնտեսագետը նաև դեպի ԵՄ անդամ երկիր ուղղվելու մասին տարատեսակ մեկնաբանությունների առնչությամբ ցուցանիշներ ներկայացրեց։
«ԵՄ անդամ երկրների հետ մեր արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է ընդամենը 7 տոկոս, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է։ Ընդ որում, մեր արտաքին առևտուրը նույն ժամանակահատվածում ՌԴ-ի հետ գրեթե կրկնապատվել է,- նշեց նա՝ զարմանքով արձագանքելով,- Ով է՞ր խանգարում, որ այս իշխանությունները, բացի իրենց այդ պոպուլիստական դրսևորումները, ԵՄ անդամ երկրների հետ ավելացնեին արտաքին առևտրաշրջանառությունը»։
Մյուս ցուցանիշը, որի շուրջ դիտարկումներ արեց Թադևոս Ավետիսյանը, օտարերկրյա ներդրումների ցուցանիշն է․ այստեղ միտումները բացասական են։
«Դարձյալ այս ժամանակահատվածում օտարերկրյա կապիտալը փախել է Հայաստանից։ Վերջին ցուցանիշը վերաբերում է առաջին կիսամյակին․ ըստ այդմ՝ օտարերկրյա ուղղակի ներդրումները նախորդ տարվա համեմատ նվազել են 334 միլիոն դոլարով, իսկ զուտ ներհոսքը դարձել է բացասական, այսինքն՝ ավելի շատ գնացել է, քան եկել է, և այդ տարբերությունը 55 միլիոն դոլար է կազմում։
Ի դեպ, այդ նույն ժամանակահատվածի համար մենք պետք է փաստենք, որ ՌԴ-ից օտարերկրյա ներդրումներն աճել են՝ կազմելով 22 միլիոն դոլար»,- մանրամասնեց մասնագետը։
ԱԺ ընդդիմադիր պատգամավորի գնահատմամբ՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին հայտարարություններից առաջ պետք է գնահատել, թե ի՞նչ ահռելի տնտեսական կորուստներ կունենա Հայաստանը, և թե ի՞նչ սոցիալական հետևանքների կհանգեցնի այդ որոշումը։
«Խոսքը վերաբերում է բազմահազար տնտեսություններին, որոնք արտահանում են, որոնք իրենց արտադրանքն իրացնում են այդ շուկաներում, և, վերջապես, պետք է պատասխանել հարցին՝ արդյո՞ք դա չի բերելու նաև էներգետիկ ռեսուրսների ներմուծման գների թռիչքաձև թանկացման։ Եթե այժմ արտոնյալ իրավիճակ է, եթե ԵԱՏՄ անդամ ես, հատուկ արտոնյալ ռեժիմ է գործում ոչ միայն ապրանքների շարժի համար, այլև էներգետիկ ռեսուրսների վաճառքի։ Եվ եթե չունես այդ ռեժիմը, շուկայական ձևով պետք է ձեռք բերես՝ ինչպես մյուս երկրները․ դու պետք է արդեն ձեռք բերես ոչ թե ներքին գներով, այլ միջազգային գներով, որոնք պատիկներով ավելի բարձր են։
Նման մեծախոս հայտարարություններ անողները գնահատե՞լ են արդյոք այս ռիսկերը։ Սա ավելի շատ քյալլագյոզության է նման և բխում է ավելի նեղ, պրիմիտիվ քաղաքական շահերից՝ առանց նկատի առնելու մեր տնտեսական անվտանգության ռիսկերը և երկրի կայուն զարգացման իրական շահերը»,- ամփոփեց Թադևոս Ավետիսյանը։