Բոլորիս համար աղետ է լինելու, եթե Կոնսերվատորիան տեղափոխեն․ տեղանքով չի որոշվելու՝ որակ տալո՞ւ ենք, թե՞ չէ․ Հրաչուհի Բասենց

«Համոզված եմ՝ երգիչ, նկարիչ կամ դերասան չեն դառնում՝ ծնվում են»,- վստահ է օպերային երգչուհի, սոպրանո Հրաչուհի Բասենցը։

Իսկ թե ինչո՞ւ է եկել այդ եզրահանգմանը, ի՞նչ է պետք մարդուն՝ տաղանդից բացի, պարզել ենք զրույցի ընթացքում։

– Ձգտելով գնալ դեպի բեմը՝ դառնալ երգչուհի, սկզբում հաճախել եք ջութակի դասերի, ինչո՞ւ։

– Այո, հաճախել եմ ջութակի դասերի, որովհետև աշխարհում և, հատկապես, հայերի ընտանիքում ընդունված էր, որ բոլորն ինչ-որ երաժշտական գործիքի պետք է տիրապետեն, չնայած ամենասկզբից ցանկացել եմ երգել։ Տարված էի «Արևիկ» խմբով։ Մանկությունս անցել է Գոհար Գասպարյանի, Լուսինե Զաքարյանի ելույթները լսելով։ Մեր ընտանիքում ընդունված էր՝ երբ բոլորս հավաքվում էինք, անպայման նայում էինք որևէ դասական համերգ, օպերա։ Այն ժամանակ «Անուշ»-ն էր շատ ցուցադրվում, ես էլ փոքրուց անընդհատ կրկնօրինակում էի։ Սկզբում ցանկություն կար հաճախել դաշնամուրի դասընթացների, սակայն, քանի որ ջութակի դասարանները թափուր էին, հաշվի առնելով, որ երկար, գեղեցիկ մատներ ունեմ, խորհուրդ տվեցին ջութակի դասերի հաճախել, և այդպես, հակառակ իմ ցանկությանը՝ գնացի։

Կարդացեք նաև

Այնպես ստացվեց, որ հանդիպեցի երիտասարդ ուսանողներից բաղկացած մի ջազ խմբի՝ «Քարավան» ջազ համույթի ղեկավարին, ով անընդհատ ինձ համոզում էր, որ երաժշտական դպրոցս տեղափոխեմ 2-րդ Մասիվի Հայկանուշ Դանիելյանի արվեստի, երաժշտության դպրոց։ Տեղափոխվեցի և ջութակի վերջին դասարանն այնտեղ ավարտեցի։ Բայց ընդունվել էի՝ որպես երգչուհի, և այդպես երգարվեստում սկսվեց իմ ճանապարհը։ Այնտեղ հարմար էր՝ փորձերն այդտեղ էինք անում։

– Ամեն դեպքում ջութակը չի կարողացել գրավել Ձեր սիրտը։

Ջութակը շատ հարգելով՝ շարունակեցի սովորել, քանի որ հասկանում էի՝ երաժշտական գործիքը շատ կարևոր է։ Հետադարձ հայացք նետելով՝ հասկանում եմ, որ շատ երգիչ-երգչուհիների կյանքում բացակայում է ինչ-որ գործիքի տիրապետելը։ Չեմ ուզում ասել, որ սարերի ու ձորերի տարբերություն կա գործիքի տիրապետող և չտիրապետող երգչի արվեստում, սակայն որևէ երաժշտական գործիքի տիրապետելն իր դրական կողմն ունի։

– Կա՞ր օպերային երգչուհի, ում ձգտում էիք նմանվել։

– Այդ տարիներին տարված էի Լուսինե Զաքարյանով, Գոհար Գասպարյանի «Անուշ»-ով և դպրոցական տարիներին՝ մրցույթներին, համերգներին կրկնօրինակում էի իրենց։

– Օպերային երգիչն ի՞նչ խնդիրների է բախվում, որո՞նք են մասնագիտության դրական և բացասական կողմերը։

– Քանի դեռ երիտասարդ էի, շատ բան ինձ մոտ ավտոմատ էր կատարվում։ Մտահոգություններ երբեք չեմ ունեցել, անգամ արգելքները՝ կծվից, սառնությունից խուսափելը, չխոսելն այդքան ազդեցություն չէին ունենում։ Երիտասարդ ես, բնական տվյալներիդ հաշվին ես երգում։ Գնալով ամեն բան ավելի զտվեց և տարիքի, պրոֆեսիոնալիզմի հետ մտավախությունները սկսեցին առաջ գալ, և այս կամ այն բաներն արդեն քեզ թույլ չես տալիս։ Օրինակ՝ խնջույքների չես մասնակցում, լռում ես, որովհետև ինչպես վատ, այնպես էլ՝ լավ էմոցիաները կարող են վնասել երգչին։ Գերմանիայում ունեմ ընտանեկան բժիշկ, ում մոտ մի պահ կար՝ շատ էի գնում, ինձ ասում էր՝ գիտե՞ք, սթրեսներից է, որ շուտ-շուտ եք հիվանդանում։ Հետո բացահայտեց, որ էմոցիաներից, ինչ-որ տագնապներից, սթրեսներից անմիջապես տուժում է քիթ-կոկորդը։ Երգչի կյանքը շատ զրկանքների հետ է կապված։ Շատերն ինձանից կարող է նեղանան, որ հարսանիքների չեմ գնում, չեմ պարում, բայց այս նվիրումն է, որ ինչ-որ արդյունք է տալիս։

– Օպերային երգիչը պետք է ունենա նաև դերասանի հմտություններ։ Կան օպերային երգիչներ, որ միայն լավ ձայն ունեն։ Ի՞նչ է նրանց սպասվում այդ դեպքում։

– Իհարկե, կան նման երգիչներ։ Եվ եթե հասկանում է, որ դերասանական տվյալներ չունի՝ ընտրում է կամերային երգեցողությունը։ Աշխատել եմ տարբեր երգիչ-երգչուհիների հետ, և շատերը չունեն այդ դերասանական տաղանդը, պարզապես երգում են։ Այս դեպքում մի քիչ պետք է հանդիսատեսին ցավակցել, որովհետև սա կոմպլեքս մասնագիտություն է։ Օպերային երգեցողությունը դրամատուրգիա, թատերական, շարժողական արվեստ է պարունակում։ Երևի լռեմ ու չխոսեմ այն մասին, որ այսօր երգիչը կարծես կրկեսի արտիստ լինի՝ ռեժիսորական ինչ-որ բարդ խնդիրներ պետք է իրականացնի։

Կարևոր է նաև կարդալ սիրելը։

– Իհարկե։ Մեծ մասամբ պատմական եղելությունների մասին ենք երգում։ Շատ ներկայացումներ փաստագրական, պատմական տվյալների հիման վրա են և, որպեսզի մոտենաս այդ կերպարներին՝ դու պետք է հասկանաս այն։ Եվ այդպես էլ սկսվում է կոնկրետ իմ աշխատանքը։ Սկսում եմ ծանոթանալ ներկայացվող կերպարի պատմությանը, ժամանակաշրջանին։ Շատ ռեալ պետք է լինես, որ համոզես հանդիսատեսին։

Հիշո՞ւմ եք Ձեր առաջին դերերգը։

– Իմ ամենաառաջին դերերգը եղել է Կոնսերվատորիայի օպերային ստուդիայում։ Հայդնի «Դեղագործը» օպերայում հանդես էի գալիս տղայի դերում։ Հետո Պերգոլեզիի «Սպասուհին՝ տիրուհի» օպերան էր, որի կատարման ժամանակ հղի էի։ Շատ մեծ հերոսություն էր այդպես բեմ բարձրանալը։ Իսկ պրոֆեսիոնալ, լուրջ միջազգային հարթակներում արդեն եղավ Վերդիի «Տրուբադուր» օպերայում Լեոնորայի կերպարը, որը, ի դեպ, 26 տարեկանում գրեթե չեն կատարում, բայց ես այդ հրավերքին հանդգնեցի ասել՝ այո, և սկսվեց իմ միջազգային կարիերան։

Այսինքն, Ձեր հաջողությունը պայմանավորված է այդ դերերգով։

– Պայմանագրով հրավիրվեցի՝ Լեոնորայի կերպարում հանդես գալու և Բելլինիի «Զաիրա»-ն կատարելու։ Վերջին օպերայով, կարելի է ասել, ավելի հանրաճանաչ դարձա։ «Զաիրա»-ն չկատարվող, չճանաչված օպերա էր, համարվում էր համաշխարհային պրեմիերա, որի բացմանը եկան աշխարհի տարբեր կետերից, և այդպես համաշխարհային ճանաչում ձեռք բերեցի, հայտնվեցի առաջատար թերթերի, ամսագրերի առաջին էջերում։ Կես տարի աշխատելով՝ ստացա նաև «Տարվա լավագույն երգչուհի» մրցանակ։ Այն ինձ համար շատ նշանակալից էր։

– Կապ ունի՞ այն, որ դերերգը պետք է հոգեհարազատ լինի, երգիչը վերապրի այն։ Ասում են՝ հենց այդ դերերգերն են ավելի լավ ստացվում։

Դրա մեջ կա ճշմարտություն, բայց երբ ինձ հրավիրեցին, այդ դերերգերից ընդհանրապես գաղափար չունեի։ Այսինքն, որպես ստեղծագործություն՝ գիտեի, բայց չէի կատարել ու չէի կարող ասել, որ դրանք ինձ հոգեհարազատ են։ Էլ չասեմ, որ Հայաստանում իմ հնարավորությունների նույնիսկ 30 տոկոսը չէի բացահայտել։ Ուսանող էի եղել, մասնակցել էի մրցույթի, որից հետո հրավիրել էին աշխատանքի՝ ընդամենն արիաներս լսելով։ Եվ ասել, որ այդ դերերն ինձ հոգեհարազատ էին, դրա համար լավ ստացվեցին՝ սխալ կլինի։ Այդ հիմա է, որ տարիների փորձից ելնելով, կարող եմ ասել՝ այս դերն ինձ հոգեհարազատ է, և այլն։

Հերոսներից ո՞ւմ կերպարն եք նմանեցնում Ձեզ։

– Շատ կերպարներ կան, բայց կարծում եմ՝ ամենահոգեհարազատը զոհաբերվող դերերն են։ Ես ևս անմնացորդ նվիրվում եմ իմ հարազատությանը, ընկերությանը։ Զոհաբերվող դերերի շարքում են՝ «Նորմա»-ն, «Մադամ Բաթերֆլայ»-ը։ «Նորմա»-ն ամեն ինչ ներառում է՝ և՛ սիրային, և՛ քաղաքական թեմաները, խստությունը, զոհաբերությունը։

– Նվիրվող մարդիկ կյանքում միշտ տուժում ենՁեր դեպքո՞ւմ էլ է այդպես։

– Կա նման ճշմարտություն։ Ինչքան էլ դու քո տեսանկյունից զոհաբերես, միևնույն է՝ այնպես չի ընկալվում, ինչպես դու ես պատկերացնում։ Տարիների ընթացքում շատ բան այլ կերպ է մեկնաբանվում։ Միշտ չեմ հասկացել մարդկանց, ովքեր անցյալին են կառչած, և արված լավ գործերն այնքան իրենց հիշողության մեջ չի տպավորվում, ինչքան անցյալում արված ինչ-որ նեգատիվ բան։

Մարդիկ դարձել են շոուներ սիրող։ Ըստ Ձեզ՝ պե՞տք է օպերայում այդքան տուրք տալ հասարակության պահանջներին և միշտ շոուներ անել։

– Ճիշտ եք, այդպես է։ Ես դրան կողմ չեմ։ Դասական, օպերային արվեստն էլ է այսօր դարձել շոու-բիզնես։ Բայց անկեղծության շնորհիվ է, որ կարողանում ենք թակել հանդիսատեսի սիրտը։ Ներկայացումներից հետո շատերն են մոտենում-ասում, որ՝ «այսօր էլ լացացրեցիր»։ Դա համարում եմ իմ հաղթանակը, որովհետև, կարծում եմ, անկեղծությունն այն միակ ուղին է, որ ինչ-որ բան կարող  է տալ հանդիսատեսին։ Եթե ես շոու անեմ և խաղամ, ինքս բավարարված չեմ լինի։ Եթե այդ օրը կատարյալ նվիրումով բեմ չեմ բարձրանում, հետո չեմ կարողանում քնել։ Նման ներկայացումներ եղել են. մտքերով զբաղված՝ ուրիշ տեսակ ես վերաբերվել, կամ ֆիզիկապես ի վիճակի չես եղել, ասում ես՝ ի՞նչ տամ այսօր հանդիսատեսին, ի՞նչ ուղերձով այսօր բեմ դուրս գամ… Երբ տեղափոխվեցի Գերմանիա՝ մտածում էի, թե ինչպե՞ս պետք է հուզեմ հանդիսատեսին, որպես երգչուհի՝ ի՞նչն է իմ գոյության գրավականը։ Վերջերս համերգից հետո մեկը մոտեցավ, ասաց՝ ես այսօր հասկացա, թե ինչու եմ ապրում։

Ուղղակի գալ, պարտիան երգելն ու գնալն ինձ չի հուզում։ Նկարիչները վրձնով են նկարում, իսկ մենք՝ ձայնով։ Ձայնով ենք մենք բժշկում, խոսում։

– Երկար տարիներ ապրում և ստեղծագործում եք Գերմանիայում։ Ինչպե՞ս ստացաք աշխատանքի առաջարկ, նաև հանդես եք գալիս աշխարհի այլ բեմերումո՞ր փորձը կցանկանայիք, որ կիրառվեր նաև Հայաստանում։

– Այնքան բարդ հարց եք տալիս։ Շատ բան կուզեի, որ վերցնեինք, չնայած այնտեղ պատրաստ եմ գնացել, հատուկ ինչ-որ դերասանական, վոկալ պատրաստություն ինձ պետք չէր։ Ամեն դեպքում կցանկանայի, որ Հայաստանում տեխնիկական մասն ապահովեինք, ուսանողներին ֆինանսական աջակցություն լիներ։ Այլ երկրներում թատրոնին կից օպերային ստուդիա ունեն, որտեղից դուրս են գալիս համաշխարհային երգիչ-երգչուհիներ։

Իսկ թե ինչպե՞ս սկսվեց իմ ճանապարհը՝ նշեմ, որ վոկալիստների միջազգային մրցույթ-փառատոնին մասնակցելուց հետո եմ Գերմանիայում կես տարի աշխատելու հրավեր ստացել։ Բայց ունեի նաև «Լա Սկալա»-ի օպերային ստուդիա գնալու հնարավորություն, որը, կարծում եմ, միամտաբար մերժեցի, որովհետև այնքան էի հոգնել ուսանողական վիճակից։ Կոնսերվատորիայի 5 տարվա կրթություն ունենալով՝ որոշեցի, որ ասպիրանտուրայի համար չեմ դիմի, քանի որ արդեն բալիկ ունեի, ցանկանում էի աշխատել, կայանալ, ու չընտրեցի «Լա Սկալա»-ի օպերային ստուդիան և գերադասեցի ընդունել 6-ամսյա պայմանագրի առաջարկը։ Հիմա, երբ հետադարձ հայացք եմ գցում, կարծում եմ, որ դա մի քիչ սխալ էր․ այն երգիչ-երգչուհիները, ովքեր «Լա Սկալա»-ի օպերային ստուդիա գնացին՝ հետո ավելի մեծ կարիերա ունեցան։ Չեմ ուզում բողոքել նրանից, ինչ հիմա ունեմ՝ միգուցե այսպես պետք է ընթանար իմ կյանքը։

Ինձ իրավունք չեմ վերապահի ասել, թե այստեղ ի՞նչն է սխալ, ի՞նչը՝ ճիշտ, որովհետև Հայաստանում չեմ ապրում, ներսում չեմ։ Բայց կարծում եմ՝ թատրոններին աջակցությունը պետք է պետական լինի, ինչպես դրսում է։ Իհարկե, այնտեղ էլ կան հովանավորներ, բայց դա կողքից այլ՝ ներկայացման համար հագուստ, թանկանոց կտորներ ձեռք բերելու համար է։ Պետական աջակցության դեպքում ունենում ես ստաբիլ աշխատավարձ, կանոնակարգված օրակարգ։ Եթե հիվանդանում ես՝ արդեն ֆինանսավորում է Առողջապահության նախարարությունը, և այլն։

– Բուհն ավարտելուց հետո մեզ մոտ բարդ է աշխատանք գտնելը՝ ունենք-չունենք, մեկ օպերային թատրոն։ Եվ հաճախ խորհուրդ են տալիս գնալ ու արտերկրում փորձել աշխատանք գտնել։ Արդյո՞ք այդքան հեշտ է, ու օտար երկրում դռները բացվելո՞ւ են, եթե անգամ սեփական երկրում չես կարողանում աշխատել։

Հենց դա էլ խնդիրն է։ Գերմանիայի կամ եվրոպական այլ երկրների նման, ամեն քաղաքում չունենք օպերային թատրոն, որպեսզի, եթե ոչ՝ Երևանում, գոնե մարզերում կարողանան աշխատանք գտնել։ Արտերկրում աշխատանք գտնելու համար ուսանողական տարիներից պետք է ինչ-որ մրցույթների մասնակցեն, լինեն ուսանողների փոխադարձ կրթական այցելություններ։ Հիմա եթե մարդիկ ֆինանսապես ապահովված չեն, չեն կարողանում իրենց ճանապարհը հարթել, մրցույթների մասնակցել՝ ստացվում է, որ տաղանդավոր, ձայն ունեցող մարդիկ նստում են Հայաստանում։ Մենք ունե՞նք արդյոք ֆոնդեր, որ ուսանողին օգնեն՝ գնան մրցույթների մասնակցելու, կամ բոլորը հասկանո՞ւմ են, որ այս երեխան տաղանդավոր է և պետք է անպայման գնա, մասնակցի մրցույթի, որպեսզի կարողանա ռեալիզացնել իրեն կյանքում։

– Խոսենք հանդիսատեսի մասինԵվրոպայում ավելի շատ ո՞ր տարիքի մարդիկ են հաճախում օպերա։

– Ընդունված է ասել՝ մեծահասակները, բայց ես, անկեղծ ասած, այդպես չեմ համարում։ Այնտեղ ծրագրեր ունեն՝ դպրոցականներին են ներգրավում։ Երբ հաստիքային աշխատող էի՝ շատ եմ երգել․ ներկայացումները կրճատվել են՝ հատուկ մանկապարտեզի սաների, դպրոցականների համար։ Այնտեղ շատ են կրթական ծրագրերն, ու համակարգված են աշխատում։

– Հայաստանում պատանիները շատ դժվարությամբ են լսում օպերա նրանց գրավելու ձևը դեռ չենք գտել։

– Հիշում եմ, երբ դպրոցական էի, դասղեկս հաճախ էր բոլորիս տանում օպերա։ Այն ժամանակ կային նման ծրագրեր, հիմա՝ չգիտեմ։ Բայց կրթությունը սկսվում է փոքր տարիքից։ Գերմանիայում կա նախնական երաժշտական կրթություն հասկացությունը։ Պետությունն իր բոլոր քաղաքացիներին նամակի, զանգի միջոցով առաջարկում է 5-6 տարեկան երեխային տանել սովորելու։

– Հիմա քննարկվում է Կոնսերվատորիան արվեստի բուհերին միացնելու, ապա՝ «Ակադեմիական քաղաք» տեղափոխելու հարցը։ Եվրոպայում ինչպե՞ս է։

– Ցավոտ թեմա եք արծարծում։ Դեմ եմ դրան։ Եվրոպայում Կոնսերվատորիան կենտրոնում է։ Վերջերս եմ դադարեցրել իմ համագործակցությունը Դրեզդենի պետական օպերային թատրոնի հետ, որը քաղաքի կենտրոնում էր՝ Կոնսերվատորիային, թանգարաններին կից։ Մենք աշխարհին տալիս ենք հազարավոր կադրեր։ Տեղանքից չի որոշվելու՝ որակ տալո՞ւ ենք, թե՞ չէ։ Եթե Կոնսերվատորիան տեղափոխեն՝ բոլորիս համար աղետ է լինելու։ Ունենք դասախոսական մեծ կազմ, ովքեր ապրում են կենտրոնում, աշխատում են նաև Օպերայում, Հայաստանի Պետական Ֆիլհարմոնիայում և ընդամենը մեկ քայլով հասնում են այդ բոլոր օջախները։ Ի՞նչ է լինելու այդ մարդկանց հետ, տեղաշարժը կարողանո՞ւմ են ապահովել։ Եվրոպայում նոր համակարգեր ստեղծում են՝ չքանդելով հինը։

Ամեն տարի Ձեր ելույթներն ուղերձով եք սկսումո՞րն էր այս տարվանը, և արդեն մտածե՞լ եք հաջորդ տարվանը։

– Վերջերս գեղեցիկ համերգ ունեցա գերմանացի հանրահայտ դաշնակահար Հելմուտ Դոյչի հետ և խորագիրն էր՝ «Վաղը»։ Դա Դրեզդենում կայացած մեր համերգի կրկնությունն էր։ Խորագիրը մեծ ուղերձ էր ինձ համար։ Այս մասին երբեք չեմ խոսել, սակայն համերգը պետք է կայանար հայրիկիս մահվան 20-րդ տարելիցին՝ ապրիլի 15-ին, և վաղվա օրվա հույսն էր, որ կյանքը շարունակվում է։ Երբ առաջարկվեցին Շտրաուսի 4 երգերը՝ ես խառնեցի հերթականությունը և մահը բերեցի սկիզբ, գարունը վերջ տարա, որ կյանքի շարունակությամբ, ծաղկունքով սկսենք ամեն օրը՝ մոռանալով անցյալը։ Այո, մոռանալ հնարավոր չէ, բայց կենտրոնանալ մահվան վրա և անընդհատ տեղում դոփելով՝ անհնար է շարունակել կյանքը։ Վաղվա օրվա ուղերձն էր, որ բերեցի Հայաստան։

– Կա՞ դերերգ, որ երազում եք կատարել։

– Դեռ չկատարված դերեր շատ կան։ Դրանցից է նաև Էլիզաբեթ թագուհու դերերգը, որ դեռ ծրագրում եմ բեմ հանել։ Ժաննա Դ՛Արկ, Լուիզա Միլլեր, Լուկրեցիա Բորջիա․․․ այս դերերգերը երազում եմ կատարել։ Հուսով եմ՝ կստացվի, քանի որ տարիներն այնքան արագ են թռչում, որ շատ դերերգեր արդեն ինձ համար ավարտված եմ համարում։ Օրինակ, «Ռոմեո և Ջուլիետ»-ն ինձ համար ավարտված է․ երիտասարդ տարիքում էի ուզում երգել, բայց այդպես էլ առաջարկներ չեղան։

– Էլի ուշ չէ։ Օպերային շատ երգիչներ ինչքան էլ տարիքով մեծ են՝ «Անուշ»-ի դերում են հանդես գալիս։

Ես այդպես չեմ համարում։ Դերեր կան, օրինակ, «Մադամ Բաթերֆլայը», 15 տարեկան աղջնակ է, դժվար է 20, 26 կամ 30 տարեկանում երգել։ Շատ երկար ժամանակ պահանջվեց, որ համաձայնեմ այն կատարել։ Այն ձայնային լուրջ պատրաստվածություն է պահանջում։ Շատ մեծ տարիքում էլ մի քիչ ծիծաղելի է 15 տարեկանի կերպարը մարմնավորելը։

– Կա՞ օպերային երգիչ, ում հետ սիրով հանդես եք գալիս, երբ նա է լինում խաղընկերը՝ հանգիստ եք լինում՝ ասելով, որ ամեն ինչ կստացվի։

– Ամեն ինչ կստացվի՝ չեմ ասում, որովհետև ինձանից, Աստծուց է կախված։ Եթե առողջ եմ, 100 տոկոսով պատրաստ դեր է՝ խնդիր չեմ տեսնում։ Բայց սիրում եմ երգել այն երգիչների հետ, ովքեր բարի են, խնդիրներ չեն առաջացնում։ Երգիչները շատ կամակոր և ամբիցիոզ կարող են լինել։ Եթե սկսվում են բեմում էգոները մրցել՝ դժվար է դառնում, քիմիան չի կայանում, որովհետև, եթե քեզ ցույց տալու, քո դերի մասին ես միայն մտածում՝ ոչինչ հնարավոր չէ փրկել։ Սիրում եմ համագործակցել նրանց հետ, ովքեր ընդհանուր կերպարի և ներկայացման հաջողության մասին են մտածում։ Այդպես է նաև դիրիժորների հետ համագործակցությունը։ Եթե դիրիժորները ղեկավարում են ու իրենց դոմինանտությունն են ուզում ցույց տալ, այդտեղ հաջողությունը մեծ հարցականի տակ է դրվում։ Կան դիրիժորներ էլ, որ արտիստին ձեռքերի վրա են տանում, և կարելի է ասել՝ ներկայացման հաջողությունը 60-70 տոկոս է։

– Ձեր ոլորտում էլ փաստորեն կա նախանձը, հոգեբանական ճնշումը։

– Իհարկե։ Նախանձի վրա աշխատում եմ չկենտրոնանալ, բայց հոգեբանական բարիերները, անշուշտ, կան։ Անկեղծ ասած, աշխատել եմ շատ անվանի երգիչների հետ, ովքեր ցույց չեն տվել, որ հետևում ահռելի պատմություն ունեն։ Այնքան համեստ են եղել, օգնել են, բայց երգել եմ հասարակ երգիչների հետ, ովքեր ամբիցիոզ են, «քթները տնկած»։ Հանդիսատեսն այս ամենը զգում է, էներգետիկ դաշտը հետաքրքիր է։

Ձեր հաջողության գրավականն ի՞նչն եք համարում։

– Չգիտեմ, հաջողության հասե՞լ եմ, թե՞ դեռ ոչ։ Այսօր, այս պահին չեմ կարող այդ հարցին պատասխանել։

Տեսանյութեր

Լրահոս