ՀՀ վարչապետը էմոցիոնալ խուլիգանությամբ է զբաղվում. Տիրատուր քահանա Սարդարյան

ՀՀ վարչապետը իր ստորացուցիչ հայտարարությամբ էմոցիոնալ խուլիգանությամբ է զբաղվում, այս մասին հայտարարել է Բադեն-Վյուրթեմբերգի Հայ Համայնքի հոգևոր հովիվ Տիրատուր քահանա Սարդարյանը։

Նա հիշեցրել էր, որ երեկ Ս. Համբարձման տոնն էր: Հայ Առաքելական եկեղեցին Համբարձման տոնին հիշատակում է նաև Ամենայն Հայոց կաթողիկոսության Աթոռը Սիս քաղաքից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին փոխադրելը:

«Այս առիթով Հայաստանի վարչապետի վերջին հայտարարությունը մի «մեծ նվեր» էր:

Ըստ նրա՝ երկրի եկեղեցիները դարձել են «չուլան»: Այդ անձը չի գնահատում հոգևոր հաստատությունների կառուցվածքային դերը հետիմպերիալ պետություններում ազգային համախմբվածության հարցում։ Հատկապես մի տարածաշրջանում, որտեղ պատմական նարատիվը, կրոնական ինքնությունը և աշխարհաքաղաքական շահերը անբաժան կերպով միահյուսված են։

Հայ Առաքելական Եկեղեցին պարզապես պաշտամունքի վայր չէ, այլ՝ մշակութային շարունակականության ռազմավարական շտեմարան։ Տարածքային կորուստների, ներքին հասարակական բևեռացման և արտաքին սպառնալիքների պայմաններում՝ այդպիսի հաստատությունները պետք է ընկալել որպես կայունացուցիչներ՝ ոչ թե որպես խոչընդոտներ։

Այն առաջնորդները, որոնք դժվարին ժամանակներում խարխլում են իրենց հասարակության զգացմունքային ենթակառուցվածքը, սեփական ձեռքով կտրում են այն ճյուղը, որի վրա նստած են քաղաքականորեն։ Պատմությունը ցույց է տվել՝ սիմվոլիկ կարգի քայքայումը միշտ էլ նախորդում է քաղաքական քայքայմանը։

Իսկ փաստերը խոսում են հստակ այն մասին, որ ՀՀ վարչապետը իր ստորացուցիչ հայտարարությամբ էմոցիոնալ խուլիգանությամբ է զբաղվում: Իհարկե, հայտարարությունը զգացմունքային առումով արդյունավետ էր, բայց ռազմավարական տեսանկյունից՝ կործանարար, աստվածաբանական առումով՝ մակերեսային, հոգեբանորեն՝ նվաստացնող և հասարակական մակարդակով՝ պառակտող։

Նշեմ, որ առնվազն 2019 թվականի սկզբից Հայ Առաքելական Եկեղեցին մի քանի անգամ դիմել է պետական մարմիններին ու կառավարությանը՝ միասին պատասխանատվություն վերցնելու եկեղեցական մշակութային ժառանգության պահպանման համար։ Եկեղեցին մատնանշել է առկա խնդիրները, հրավիրել է համագործակցուերկաթյան և նյացրել կառուցողական առաջարկներ։ Սակայն մինչ այսօր որևէ պաշտոնական արձագանք չի եղել՝ ոչ համապատասխան մարմինների, ոչ էլ կառավարության կողմից (Տես Արշակ Սրբազանի հայտարարությունը)։

Այս պայմաններում եկեղեցու հրապարակային վարկաբեկումը ոչ թե բարեփոխման ժեստ է, այլ՝ փորձ՝ մարգինալացնել մի բարոյական հեղինակություն, որը շարունակում է վայելել հասարակական վստահություն։

Պետական գործիչը պետք է գիտակցի, թե որ հաստատություններն են իրեն գերազանցելու ժամանակի ընթացքում։ Հայ Առաքելական Եկեղեցին՝ ինչպես միշտ, կշարունակի ապրել, գործել ու ծառայել Աստծուն ու հայ ժողովրդին: Հարցն այն է՝ թե ինչպիսին կլինի ճակատագիրը նրանց, ովքեր ոտնակոխ են անում ամեն սրբություն…»,- նշել է Տիրատուր քահանա Սարդարյանը։

Հիշեցնենք, որ կառավարության երեկվա նիստում Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ թիրախավորել էր եկեղեցուն, ասել էր, իբր, մեր եկեղեցիները չուլանացված են. «Ինչ ասես կա՝ ավելացած մետլաղ, պարկով ցեմենտ, աբալովկի հին կտորներ, արմատուրայի ժանգոտ կտորներ։ Մարդ եկեղեցի մտնում է, որ ունենա հոգևոր հաղորդակցություն, բայց մտնում, տեսնում ես՝ մեկի հին կոշիկներն են, շորերն են, մեկը իրա հին կռավաթն է բերել, դրել, ինչքա՞ն կարելի է այսքան կեղծ լինել, ինչքա՞ն կարելի է այդքան խոսել սրբության մասին ու այդքան արտասուրբ լինել, ինչքա՞ն կարելի է ոտքի տակ տալ սրբությունները ու մեկ էլ՝ «վա՜յ, համալիրում բան ա եղել…»»,- ասել էր Փաշինյանը։

Փաշինյանի հայտարարությունից հետո Սրբազան հայրերը արձագանքել էին նրան. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ գերաշնորհ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանն օրինակ, նշել էր. «Սրբավայրերի հանդեպ վարչապետի հանկարծական հետաքրքրությունը, այսուհանդերձ, ունի նաև մխիթարական ներուժ: Միգուցե երկրի ղեկավարը հանկարծ որոշի նաև նկատել հայկական սրբավայրերի նկատմամբ ադրբեջանական աճող հավակնությունները: Գուցե թե հայացքի արժանանան նաև բռնազավթված Արցախում ոչնչացման վտանգի առջև գտնվող սրբավայրերի պահպանության կենսական խնդիրները»:

Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանն էլ Փաշինյանին անվանել էր «երկրի գլխավոր ցավագար»։

Տեսանյութեր

Լրահոս