Թուրք-ադրբեջանական ահաբեկիչների հայաստանյան գործընկերները

Վերջին ամիսներին Գերմանիայում բնակվող հայերը համակարգված կերպով սպառնալիքներ են ստանում թուրքերից և ադրբեջանցիներից, որոնք մեր հարենակիցներին հիշեցնում են 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը, սպառնում են նույն կերպ հաշվեհարդար տեսնել նրանց հետ։

Այդ վտանգավոր տեղեկությունները հայտնի են դարձել առավելապես Հայ-գերմանական իրավաբանների ասոցիացիայի նախագահ Գուրգեն Պետրոսյանի ջանքերով, որի ղեկավարած կազմակերպությունն իրավական աջակցություն է ցույց տալիս սպառնալիքների ենթարկվող գերմանաբնակ հայերին: Հայաստանի կառավարությունը որևէ կերպ չի արձագանքել այս ահազանգերին, արտգործնախարարության կամ գոնե դեսպանության մակարդակով չի հայտարարվել, որ առնվազն ՀՀ քաղաքացիները գտնվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության ներքո, և պետությունը հանձնառու է բոլոր իրավական միջոցներով պաշտպանելու նրանց։

Որովհետև սա «Իրական Հայաստանն է, և վերջ»։

Գերմանաբնակ հայերի նկատմամբ համակարգված սպառնալիքների տեղեկությունների ֆոնին նախօրեին ՀՀ կառավարությունը՝ Փաշինյանի գլխավորությամբ, քննարկում էր կանանց, խոցելի խմբերի, այդ թվում՝ սեռական փոքրամասնությունների նկատմամբ բռնությունների հարցը, և կառավարության գրեթե բոլոր անդամներն իրենց պարտքն էին համարում կարևորել բռնություններից պաշտպանության միջոցների կատարելագործումը։

Կարդացեք նաև

Կառավարության նիստում ամենաուշագրավը հատկապես արտգործնախարար Արարատ Միրզոյանի բոցաշունչ դիտարկումն էր կանանց նկատմամբ բռնության մասին։ Հենց նրա ղեկավարած կառույցն է պատասխանատու արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիների պաշտպանության, այդ թվում՝ ահաբեկումներից պաշտպանության համար։ Բայց քանի որ «Իրական Հայաստանի» հայեցակարգը վերաբերում է միայն «սահմանազատված Հայաստանում» գտնվողներին, Արարատ Միրզոյանն իր պաշտոնական պարտականությունների կատարման փոխարեն՝ զբաղվում է ներհայաստանյան բռնության հարցերով։

Ամենատարբեր միջազգային կոնվենցիաներով բռնություն է համարվում ոչ միայն ֆիզիկական ուժի կիրառումը, այլ նաև հոգեբանական ճնշումը, սպառնալիքը, ահաբեկումը։ Մեր հարյուրավոր կամ հազարավոր քաղաքացիներ ահա ենթարկվում են հոգեբանական բռնության, որը, սակայն, Հայաստանի իշխանությանը չի հետաքրքրում։

Բայց խնդիրը շատ ավելի խորն է, քան արտերկրում ապրող մեր հայրենակիցների հանդեպ անուշադրությունը։ Իրականում բռնության դեմ պայքարի օրենսդրությունը խստացնող Հայաստանի իշխանությունն ինքը՝ ուղղակի և անուղղակի կերպով, հոգեբանական բռնություն է կիրառում Հայաստանում ապրող տասնյակ-հազարավոր հայերի, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիների նկատմամբ։ Տևական ժամանակ է՝ իշխանություններին սպասարկող քարոզչությունը թիրախավորում է բռնի տեղահանված արցախահայերին՝ անվանարկելով նրանց, մեղադրելով «չկռվելու ու Արցախը հանձնելու» մեջ, սպառնալով հաշվեհարդար տեսնել նրանց հետ, և այլն։

Սոցիալական ցանցերում իրական ու կեղծ օգտատերերի կողմից տարածվող այս ատելության խոսքը/հոգեբանական բռնությունն անթաքույց խրախուսվում է իշխանության կողմից և մոտավորապես նույնպիսի ձևակերպումներով հնչեցվում է խորհրդարանի ղեկավարի և իշխանական պատգամավորների շուրթերով։ Հայաստանի իշխանությունների գործողություններն ու Գերմանիայի  թուրքերի և ադրբեջանցիների արարքները բովանդակային իմաստով նույնն են, տարբեր են սոսկ դրսևորման ձևերը։

Ադրբեջանցիների ու թուրքերի հետ համագործակցությունն այսպիսով ստացել է նաև նոր՝ դեռևս պաշտոնապես չհայտարարված դրսևորում, որը Հայաստանի իշխանությունը կարող է ևս մեկ դրական քայլ համարել Ադրբեջանի հետ «խաղաղության» հաստատման գործընթացում։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս