
Դա հարիր չէ գեներալ-լեյտենանտի ուսադիրներ կրող անձին. տուժող կողմի փաստաբան Սիմոնյանը՝ Ջալալ Հարությունյանին
Մայիսի 30-ին Վերաքննիչ դատարանում՝ դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ (դատավորներ Ռոբերտ Պապոյանի և Լուսինե Աբգարյանի մասնակցությամբ)՝ դատական նիստ էր հրավիրվել՝ քննելու ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի դեմ հարուցված Ցորի զորամասի քրեական գործով վերաքննիչ բողոքները:
Նշենք, որ մայիսի 16-ին հրավիրված նիստը չէր կայացել, քանի որ Ջալալ Հարությունյանը դատարանում հայտարարել էր, թե հրաժարվում է իր փաստաբաններից: Մեկ անգամ էլ նիստ էր հետաձգվել ապրիլի 23-ին, որին Ջալալ Հարությունյանն առողջական խնդիրների պատճառով չէր ներկայացել:
Իսկ մայիսի 30-ին ՊԲ նախկին հրամանատարը դատական նիստին եկել էր նոր փաստաբանի՝ Աշոտ Ապրեսյանի հետ, ով միջնորդել է դատական նիստը հետաձգել և իրեն հնարավորություն տալ ողջամիտ ժամկետում «դիսկերում» առկա նյութերին ծանոթանալ, որոնք առնչվում են դատաքննության փուլին, վկաների ցուցմունքներին, և այլն:
Դատախազն այս միջնորդությանն արձագանքել է՝ նշելով, որ Ջալալ Հարությունյանը և նրա պաշտպանական թիմը դատական նիստերը ձգձգելու փորձեր են անում միտումնավոր:
Իր հերթին՝ տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը հաստատել է, որ իրավունքի չարաշահման փաստի հետ գործ ունեն, քանի որ մշտապես Ջալալ Հարությունյանի կողմից կեղծ հիմնավորումներով փորձ է արվում ձգձգել դատական նիստերը, որպեսզի մինչև հոկտեմբերի 12-ը՝ Վճռաբեկ դատարան հասնելը, վաղեմության ժամկետն անցնի:
«Ջալալ Հարությունյանի նպատակը դա է: Կարծում եմ, որ սա հարիր չէ գեներալ-լեյտենանտի ուսադիրներ կրող անձին: Գողություն կատարած և մի քանի անգամ դատված անձն ավելի տղամարդավարի է իրեն պահում դատարանում, քան գեներալ-լեյտենանտի ուսադիրներ կրող անձը»,- ընդգծել է նա:
Ինչևէ, դատարանը լսելով կողմերին, և ունենալով սեփական դիտարկումները, որոշել է բավարարել Ջալալ Հարությունյանի փաստաբանի միջնորդությունը մեկշաբաթյա ժամկետով:
Մանրամասները՝ տեսանյութում