
Փաշինյանը քաղաքական դիակ է, որը եթե ժամանակին չես հավաքում՝ գարշահոտություն է գալիս. Հայկ Մամիջանյան
Նիկոլ Փաշինյանը քաղաքական դիակ է, իսկ երբ դիակները ժամանակին չես հավաքում, գարշահոտություն են տարածում։ Այս մասին այսօր խորհրդարանական խմբակցությունների ճեպազրույցի ժամանակ հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը` անդրադառնալով Փաշինյանի երեկվա հայտարարություններին ու այսօրվա գրառումներին։
«Ու դա առաջին հերթին մեր մեղավորությունն է, որ այդ քաղաքական դիակը դեռ հավաքված չէ»,- ասաց Մամիջանյանը։
Նա հիշեցրեց, որ օրեր առաջ Ադրբեջանի հոգևոր առաջնորդը հրապարակային արշավ սկսեց Հայ առաքելական եկեղեցու դեմ։
Ըստ պատգամավորի` դրանից ընդամենը մեկ շաբաթ անց Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում շարունակեց այդ արշավը։
«Հայ Առաքելական եկեղեցին հազար հատ Նիկոլ է տեսել իր կյանքի ընթացքում՝ տարբեր կալիբրերի, տարբեր դիրքերի, ու մի հազար հատ էլ կտեսնի։ Հայ առաքելական եկեղեցին իր ատամի բանը չէ»,- շեշտեց Հայկ Մամիջանյանը:
Նա կրկնեց իրենց խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի խոսքերը, որ Փաշինյանի հարձակումները եկեղեցու վրա Ադրբեջանի հոգևոր առաջնորդի հրապարակային հարձակումների շարունակությունն են։ «Մայիսի 22-ին Ադրբեջանի հոգևոր առաջնորդը հրապարակային արշավ էր սկսել Հայ Առաքելական եկեղեցու դեմ, երեկ մայիսի 29-ին այդ արշավը շարունակեց վարչապետի աթոռին նստածը, և այսօր արեց մի գրառում, որը…»,- ասաց նա։
Հայկ Մամիջանյանը հույս հայտնեց, որ այս գրառումը կարդացել են նաև ոչ միայն ՔՊ պատգամավորները, այլև ուժայինները, իրավապահ համակարգը․«Հույս ունեմ կկարդան ու իրենք իրենց մեջ կպատասխանեն մի հարցի, իրենք դրա տակ մտնել պատրա՞ստ են։ Կարծում եմ, որ գրառումն ավելի շատ պետք է կարդան Փաշինյանի սակավաթիվ աջակիցները»։