«Ժանտախտի» հասցրած խրախճանքն արգելակելու հրամայական-բանաձևը

Հայաստանի խոշորագույն հարկատուներից մեկը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, օրերս հանրությանը ներկայացրեց կայուն զարգացման վերաբերյալ իր ամենամյա զեկույցը: Այն պարզապես կոմբինատի գործունեության, դրա տնտեսական գործունեությանը զուգահեռ՝ բնապահպանական և սոցիալական բաղադրիչների ներդաշնակ կառավարման մասին չէ: Զեկույցի հանգամանքն ինքնին ունի ավելի լայն նշանակություն, իսկ Հայաստանի համար՝ համակարգային և ընդհուպ՝ մշակութային նշանակություն:

Խոսքը բիզնես և հանրային մշակույթի մասին է, որտեղ սոցիալական պատասխանատվության ինստիտուտն ունի կիրառելիություն, սակայն, թերևս բովանդակային և արժեքային իմաստով՝ չձևակերպվածություն:

Բիզնեսի սոցիալական պատասխանատվություն հասկացությունը մեզանում ասոցացվում է լոկ բարեգործության բանալ ընկալման հետ: Մինչդեռ, կապիտալի սոցիալական պատասխանատվությունն առավել լայն ու համակարգային երևույթ է, որում բարեգործությունը ոչ միայն կարող է լինել ընդհանրապես մի համեստ բաղադրիչ, այլ կարող է բաղադրիչ չլինել ընդհանրապես: Դա բարեգործության մերժում չէ, պարզապես այդ երևույթը, թերևս, առանձին արժեքային կատեգորիա է, որ պետք է ձևավորվի բոլորովին այլ «խորագրի» ներքո, քան կապիտալի, բիզնեսի սոցիալական պատասխանատվությունը:

Կապիտալի սոցիալական պատասխանատվությունը հանրային արդիականացման և ներառականության մասին է, որի նպատակը ոչ թե հանրությանը «գայթակղելն» ու «գնելն» է, այլ փոխադարձ շահեկանությամբ ներգրավելը՝ թե ընդհանուր գաղափարների և արժեքային ուղենիշների, թե նաև փոխշահավետ գործունեության դաշտ:

Կարդացեք նաև

Դա կարևոր է թե՛ արդիական համակարգեր ձևավորելու իմաստով, որտեղ առանցքային հասկացություններ կլինեն համակեցությունը, մասնագիտացումը, թե՛ հասարակական հարաբերությունների մշակույթ, որտեղ հանրության ու խոշոր կապիտալի միջև կլինի ոչ թե անվստահության, իսկ հաճախ անգամ դեպի այդ կապիտալը՝ դավադրապաշտության զգացում, այլ փոխադարձության ընկալում:

Բիզնեսի սոցիալական պատասխանատվությունը ոչ թե մարդկանց ձուկ տալու փոխարեն՝ ձկնորսություն սովորեցնելու մասին է, այլ մեծ հաշվով, ավելին՝ ձկնորսության տարբերակների շուրջ մտածելու ընդհանուր դաշտ բերելու մասին:

Իսկ Հայաստանում դա ունի թե համակարգային, թե սոցիալ-հոգեբանական մեծ նշանակություն, որովհետև Հայաստանում հասարակական-քաղաքական պրոցեսների շարունակվող դեգրադացիայի, հետևաբար նաև՝ դրա ոչ միայն անարդյունավետության, այլ նաև աղճատման և ընդհուպ ողբերգական հետևանքների հիմքում եղել է հենց դա՝ խոշոր բիզնեսի հանդեպ օբյեկտիվ և սուբյեկտիվ հետևանքներով ձևավորված նախապաշարումների մտածողական ճահիճը:

Այդ ճահիճն է դարձել Հայաստանում քաղաքական պարզունակ պոպուլիզմի խրախճանքի հիմքը, որի հարկերում «բնակություն» է հաստատել «ժանտախտը»:

Կապիտալի սոցիալական պատասխանատվության առանցքում պետք է լինի հենց այդ միջավայրը հաղթահարելու իմաստը, հետևաբար՝ կայուն զարգացման կորպորատիվ գիտակցումը հանրային ենթագիտակցության ու սոցիալ-հոգեբանության վերածելու առաքելությունը: Դա թույլ կտա ձևավորել հանրային միջավայր, որտեղ պարզունակ պոպուլիզմը համատարած հենակետերն առավելագույնը կստանան մարգինալ դրսևորումներ, ձևավորելով տնտեսա-քաղաքական պրագմատիզմի հանրային կայուն պահանջարկ:

Խնդրահարույց է այն, որ այդ իմաստի և առաքելության գիտակցումն ու նպատակադրումն ինքնին Հայաստանում խոշոր կապիտալի շրջանակում առայժմ կարծես թե կղզիացած երևույթ է: Դրա պատճառների վերաբերյալ խոսակցությունը կարող է լայն լինել, բայց շատ կարևոր:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս