
Ի՞նչ է հայտարարագրել գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2024 թվականի ընթացքում անշարժ գույքի համալրում է ունեցել․ շաբաթներ առաջ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած հայտարարագրում նա նշել է Կենտրոն վարչական շրջանում գնած բնակարանի մասին, որը տնօրինում է բաժնային սեփականության իրավունքով։
«Անտառային շին» ՍՊԸ-ից այդ գնումն արժեցել է 53 միլիոն 094,382 դրամ (նշենք՝ նախորդ տարիների հայտարարագրում Աննա Վարդապետյանը հայտարարագրել էր 51 մլն 048․717 դրամ ընդհանուր ծավալով փոխառության մասին․ պարտապան էր նշվում «Անտառ շին»-ը, իսկ 2024 թվականի տարեվերջին փոխառության այդ գումարը զրոյացվել է):
Այս բնակարանից զատ՝ պաշտոնյան նշել է դարձյալ բաժնային սեփականության իրավունքով տնօրինվող մեկ այլ բնակարանի մասին ևս, որը գտնվում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում և հանդիսանում է նվիրատվություն։
Գլխավոր դատախազի դրամական միջոցները
Պաշտոնյայի՝ հաշվետու տարվա բանկային հաշիվների մնացորդները տարվա ընթացքում աճել են՝ տարեսկզբի 189,382 դրամի, 68,586.96 դրամի, 3,004,847.16 դրամի և 312.5 եվրոյի փոխարեն՝ տարեվերջին կազմելով 2,377 դրամ, 22,062.37 դրամ, 1,151,575 դրամ և 0 եվրո, կանխիկ միջոցները տարեվերջին կիսով չափ նվազել են՝ կազմելով 400 հազար դրամ։
Աննա Վարդապետյանի հաշվետու տարվա՝ 82 միլիոն 666,756.62 դրամ եկամուտը գոյացել է «Ամերիաբանկ» ՓԲԸ-ից և Պետական եկամուտների կոմիտեից ստացած այլ եկամուտներից, ՀՀ Դատախազությունից ստացած 30 մլն 751,713 դրամ և Երևանի պետական համալսարանից ստացած 1 մլն 149,789 դրամ աշխատավարձից և/ կամ դրան հավասարեցված այլ վճարումներից և «Ամերիաբանկ» ՓԲԸ-ից ստացված հերթական՝ 44 մլն 416,562 դրամ փոխառությունից։ Ի դեպ, հիփոթեքի առարկա է նշվել բնակարանը։
Դատախազը տարվա ընթացքում վարկի մարմանն ուղղել է 7 միլիոն 520,001.6 դրամ, ևս 14 մլն 090,000 դրամ ծախսի մասին արձանագրում էլ արել նվիրատվության կամ օգնության կարգով տրված գույքի մասին տողում։
Հայտարարագրից տեղեկանում ենք նաև, որ Աննա Վարդապետյանի ամուսինը՝ Մամիկոն Գևորգյանը, 2009 թվականից «ԹԵՐՄՈ-ՄԻՆԵՐԱԼ» առևտրային կազմակերպության 100 տոկոս բաժնետերն է։