Անկաշկանդ գործ են կարում բիզնեսի վրա

ՊԵԿ նախագահը որոշել է փոխել Հայաստանում հարկ վճարելու մշակույթը։ Ասում է՝ երջանիկ լինելու համար պետք է հարկ վճարել, հարկ վճարելը բեռ չէ։

Եթե համարենք, որ վերջին 7 տարիներին հարկ վճարողները 4.2 մլրդ դոլարով ավելի հարկ են վճարել, հիմա պիտի երջանկությունից մեռնեինք։ Բայց հարցրեք Հայաստանի երբեմնի հպարտ քաղաքացուն, թե այդքան ավել հարկ վճարելուց հետո, այսօր ինչքանո՞վ է իրեն ավելի երջանիկ զգում, ինչքանո՞վ է իր կյանքը բարելավվել, ինչքանո՞վ է սկսել ավելի լավ ապրել։

Հարկ վճարելը ոչ միայն քաղաքացուն չի երջանկացրել, այլև ծանր բեռ է դարձել շատերի համար։ Հարկատուները համատարած բողոքում են հարկային բեռը բարձրացնելուց, իսկ ՊԵԿ նախագահն ասում է՝ հարկ վճարելը բեռ չէ, երջանկություն է։

Անհամաչափ հարկային բեռը ծանր բեռ է բիզնեսի վրա, այն էլ՝ ինչպիսի բեռ։ Հատկապես որ, այդ բեռը միայն հարկ վճարելով չի սահմանափակվում։ Մի կողմից՝ հարկային բեռը բարձրացնելով են ճնշում բիզնեսին, մյուս կողմից՝ հարկային մարմիններն են տեռորի ենթարկում՝ բառիս բուն իմաստով։ Երբ առանց բավարար հիմքերի ու պատշաճ վերլուծությունների՝ բիզնեսի վրա գործեր են կարում, տեռոր չէ, ի՞նչ է։

Կարդացեք նաև

Ենթադրությունների հիման վրա վարչական ակտեր են գրում, որոնք քրեական գործեր հարուցելու, գործարարին կալանքի տանելու հիմք են դառնում։ Կալանքից խուսափելու համար՝ մարդիկ ստիպված այստեղից-այնտեղից փող են հայթայթում, վճարում են վարչական ակտերով նկարած գումարները։ Ինչո՞ւ ենք ասում՝ նկարած, որովհետև այդ գործերի մեծ մասը հետագայում դատարանում ջրվում են՝ անհիմն լինելու պատճառով։

Խոսքը տարեկան հազարավոր գործերի մասին է, որոնք գնում են դատարան ու դատարանում փլվում են, բայց իրենց ազդեցությունն են ունենում՝ ինչպես բիզնեսի, բիզնեսի գործունեության, ապագայի, հեռանկարների, այնպես էլ՝ ընդհանրապես երկրի բիզնես միջավայրի ու տնտեսության վրա։ Երբեմն նման անհիմն վարչական ակտերից հետո, բիզնեսը դուրս է մղվում շուկայից, սնանկանում է, զգուշանում է Հայաստանում ներդրումներ կատարելուց կամ ընդհանրապես գործունեություն ծավալելուց։

Ու այս ամենի համար որևէ մեկը պատասխանատվություն չի կրում, այդ թվում՝ ՊԵԿ-ն ու ՊԵԿ-ի տեսուչը, որը միայնակ կարող է որոշել մի ամբողջ բիզնեսի ճակատագիրը։

Սա բիզնեսի նկատմամբ հարկային տեռորի դասական դրսևորում է, ինչքան էլ ՊԵԿ նախագահն արդարանա, թե նման բաներով չեն զբաղվում։

«Ինչ վերաբերում է շանտաժ և տեռոր արտահայտություններին՝ խորությամբ չկա դրա ընկալումը, թե դա իրենից ինչ է ներկայացնում։ Սենք դրանով չենք զբաղված, անկեղծ ասած, դրա ժամանակն էլ չունենք, չենք էլ ուզում ունենանք, որովհետև եթե մենք խոսում ենք հարկ վճարողի վերաբերմունքի փոփոխության մասին, և ես ասում եմ, որ հարկ վճարողին վերաբերվում եմ՝ որպես ընտանիքի անդամ, հետևաբար՝ նման բառերը երբեք տեղի ունենալ չի կարող, և ես կառաջարկեմ դուք էլ այդ բառերը չօգտագործեք»,- ասում է ՊԵԿ նախագահը:

Բայց ասելը քիչ է։ Փաստերն են խոսում դրա մասին։

Միայն այս տարվա առաջին 4 ամիսներին հարուցված վարույթներով 1073 վճիռ է կայացվել, որոնց մեծ մասով վարչական ակտերը չեն հիմնավորվել։

1073 վճիռներից 587-ն ի վնաս ՊԵԿ-ի է։

ՊԵԿ-ի կազմած վարչական ակտերի շուրջ 55 տոկոսը, այսպես կոչված՝ փուչիկ է եղել։

Արդարության համար պիտի ասենք, որ նախորդ տարվա համեմատ այդպիսի վճիռների քանակը, նաև տոկոսային հարաբերակցությունը կրճատվել է, բայց այն, որ վարչական ակտերի կեսից ավելին շարունակում են հիմնավորում չստանալ դատարանում, լուրջ խնդիր է բիզնեսի համար։ Դրա հետևանքով հարյուրավոր գործարարներ ամիսներ շարունակ գտնվում են լարվածության մեջ, կտրվում են իրենց բիզնես գործերից, անիմաստ փող ու ժամանակ են վատնում՝ ապացուցելու իրենց անմեղությունը։

Սա դեռ միայն երևացող ու բողոքարկվող գործերն են, իսկ ինչքան գործեր կան, որոնք դատարան չեն հասնում։ Շատ հաճախ, հասկանալով գլխների գալիքը, գործարարներն ինքնակամ վճարում են առաջադրված գումարները՝ շառից-փորձանքից հեռու մնալու համար։

Անշուշտ, որևէ մեկը դեմ չէ ստվերային շրջանառությունների բացահայտմանը, թաքցրած հարկերը վերադարձնելուն, բայց դա չի նշանակում, թե թացն ու չորը պետք է խառնել իրար ու հանուն նրա, որ «բացահայտած խախտումների» հիման վրա հարկային տեսուչը բոնուսներ է ստանում, երբեմն միլիոնավոր դրամների հասնող, կարող է իրեն ինքնագործունեություն թույլ տալ։ Այսքան չհիմնավորված գործերը խոսում են միտումնավորության, չիմացության կամ ոչ պրոֆեսիոնալիզի մասին։

Բացառություններ, իհարկե, միշտ էլ կարող են լինել, բայց նման քանակությամբ չապացուցվող գործերի պայմաններում խոսք չի կարող լինել բացառությունների մասին։ Դրա համար ՊԵԿ-ը պետք է պատասխանատվություն կրի։

Այդ պարագայում հաստատ հազար անգամ ծանր ու թեթև կանեն՝ բիզնեսի նկատմամբ պատժիչ գործողություններ անելուց առաջ։

Թե չէ, ստացվում է, որ կարող են անկաշկանդ բիզնեսին մեծ տուգանքների տակ դնել, քրեական գործերի մեջ ներքաշել, վնասել նրանց տնտեսական գործունեությանը ու հանգիստ մի կողմ քաշվել, կհիմնավորվի՝ լավ, չի հիմնավորվի՝ հոգ չէ, միևնույն է, դրա համար ՊԵԿ-ը պատասխանատվություն չի կրում։

Այսպիսի մոտեցումը չի կարող արդարացված, առավել ևս՝ գործընկերային լինել։ Դրա համար էլ գործարարը Հայաստանում իրեն պաշտպանված չի զգում, մշտապես պոտենցիալ հանցագործի կարգավիճակում է, հարկայինի թիրախի տակ։ Ամեն պահի, առանց բավարար հիմքերի, կարող են գործ բացել, կալանավորել, ներկայացումներ բեմադրել, խայտառակել։ Ամիսներ հետո կարող է պարզվել՝ ՊԵԿ-ի հաշվարկները հիմնավոր չէին, ու գործը դրանով փակվի։

Ոչ մեկի մտքով չի էլ անցնում հաշվել, թե այդ ամենի հետևանքով տնտեսությունն ինչքան վնաս է կրում, ինչքան հարկ չի ստանում պետական բյուջեն։ Դեռ չհաշված հետագա հետևանքները, որոնք երբեմն ավարտվում են բիզնեսի փակումով ու տեղափոխելով։

Նման իրավիճակների ոչ վաղ անցյալում առնչվեցինք հատկապես ավտոներկրողների հետ կապված, որոնք ստիպված հեռացան Հայաստանից ու հիմա աշխատում են այլ երկրների հարստացնելու ու «երջանկացնելու» համար։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս