Երասխ այցելելու համար Դուդային ուղղված ադրբեջանական բողոքի նոտան դեմարշ է ԵՄ-ին Անդրկովկասում․ վերլուծաբան
Բաքուն խիստ քննադատության է ենթարկել ՀՀ այցելած և հայ-ադրբեջանական սահմանին մոտ Երասխում ԵՄ դիտորդների հետ պարեկություն իրականացրած Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդային։
Բացի քննադատությունից, Ադրբեջանի արտգործնախարարությունն առաջ է անցել և ԱԳՆ է կանչել այդ երկրում Լեհաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Միխայիլ Գրեչիլոյին և բողոքի նոտա փոխանցել Անջեյ Դուդայի՝ Հայաստանի Երասխ գյուղ այցելելու և Եվրամիության առաքելության դիտորդների հետ հանդիպման համար։
Ադրբեջանական կողմը պնդում է, որ Լեհաստանի նախագահն «այցելել է դեռևս հայկական օկուպացիայի տակ գտնվող Քյարքի գյուղին հարակից տարածքներ, Հայաստանում տեղակայված ԵՄ առաքելության հետ միասին մասնակցել է հակադրբեջանական քարոզչությանը»։ Բաքուն լեհ դիվանագետին նախազգուշացրել է. «Այդ սադրանքը հակասում է ադրբեջանա-լեհական հարաբերություններին, և հարկավոր է խուսափել Ադրբեջանի անվտանգային լեգիտիմ շահերին առնչվող նման քայլերից»։
Ուշագրավն այն է, որ հայաստանյան այցից երկու շաբաթ առաջ՝ նոյեմբերի 12-ին, Դուդան Ադրբեջանում էր, որտեղ Ադրբեջանի նախագահին շնորհակալություն էր հայտնում COP29-ի հրավերի համար՝ ընդգծելով միջոցառման կազմակերպման բարձր մակարդակը։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա կարևորել էր երկրների միջև «գերազանց տնտեսական կապերը»՝ վստահություն հայտնելով, որ հարաբերությունները կխորանան «երկկողմ համագործակցության այլ ոլորտներում»։
Մինչ ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության մանդատի երկարաձգման հարցը պատված է անորոշության քողով՝ Բաքվի պահանջի և այն Երևանի կողմից ընդունելու ֆոնին, Ադրբեջանը փաստորեն էլ ավելի է կոշտացնում քաղաքականությունն ու քարոզչությունը դիտորդական առաքելության ուղղությամբ՝ ԵՄ դիտորդներին անվանելով հակաադրբեջանական կառույց։
168.am-ի հետ զրույցում ռուս ռազմաքաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինն ասաց, որ Բաքվի բողոքի նոտան ուղղակիորեն ուղղված է Լեհաստանի նախագահի քայլին, սակայն իրականում այն ունի քողարկված հասցեատեր։ Իսկ այդ հասցեատերը, նրա խոսքով, ԵՄ-ն է և Արևմուտքը։
«Ադրբեջանը ցանկանում է ռեգիոնից դուրս բերել այդ առաքելությանը և այդ ճանապարհին հնարավոր բոլոր առիթներն օգտագործում է իր դիրքորոշումը վերջնանպատակին հասցնելու համար։ Կարծում եմ՝ Լեհաստանի նախագահի հանդիպումը դիտորդներին պարզապես առիթ էր ևս մեկ անգամ դեմարշ անելու ԵՄ-ի ուղղությամբ, հաստատապես Անդրկովկասում ԵՄ ներկայության դեմ, երբ ՀՀ-ն էլ իր հերթին՝ համաձայնել է որոշ փոփոխություններ կատարել դիտորդների տեղակայման աշխարհագրությունում՝ հիմք ընդունելով սահմանազատման գործընթացը։ Բնականաբար, դա ավելի մեծ վստահություն է տվել Ադրբեջանին, որն այս հարցում հաշվի է առնում թե Մոսկվայի, թե Թեհրանի հրապարակային դիրքորոշումները։
Դիտորդական առաքելությունը, այսինքն՝ ԵՄ-ն, ՀՀ-ում հայտնվել է բավականին բարդ իրավիճակում, երբ ԵՄ առաքելության երկարաձգման հարցն ըստ էության կախված է Ադրբեջանից, ինչպես նաև հայ-ադրբեջանական բանակցություններից»,- նման տեսակետ հայտնեց Խրամչիխինը։
Նրա խոսքով, իհարկե, ՀՀ-ԵՄ պայմանավորվածությունը դիտորդների տեղակայման ժամկետի վերաբերյալ շատ ավելի երկարաժամկետ բնույթ ունի, հաշվի առնելով առաքելության ընդլայնումը և փոփոխությունը, որ կազմում կարող են ներկայացված լինել նաև ոչ ԵՄ անդամ երկրներից դիտորդներ։
«Կանադայից են դիտորդներ ներառվել, եթե չեմ սխալվում, այսինքն՝ կատարվել են փոփոխություններ, որոնք միտված են ապագային, դա եղել է Հայաստանի ու ԵՄ-ի համատեղ որոշումը, սակայն այն ներկայումս կախված է Ադրբեջանի ճնշումներից։
Բացի այդ, բարդություն է նաև այն, որ այս հարցը ներառվել է խաղաղության համաձայնագրի օրակարգ, համաձայնագրի ստորագրման հարցը ևս հայտնվել է այս հարցից կախվածության մեջ, իսկ Արևմուտքը, այս թվում՝ ԵՄ-ն, կցանկանան, որպեսզի համաձայնագիրը ստորագրվի, ինչը նշանակում է, որ դիտորդներին պետք է հեռացնեն Հայաստանից։
Սակայն դա ամենևին չի երաշխավորում գլոբալ կոնսենսուս Հայաստանի ու Ադրբեջանի միջև, քանի որ հարցերը շատ են կողմերի միջև, մեկ հարցի լուծումը կարծես ճանապարհ է բացում մեկ այլ հարցի համար։ Այս ամենը, իհարկե, հնարավոր է աշխարհաքաղաքական ներկայիս իրավիճակի պատճառով, երբ Արևմուտքը չի կարողանում ճնշումներ բանեցնել Ադրբեջանի նկատմամբ՝ հաշվի առնելով այդ երկրի կարևորությունը ԵՄ-ի համար»,- ասաց վերլուծաբանը։ Նրա կարծիքով՝ թե Երևանը, թե Բրյուսելը փորձելու են հնարավորինս մանևրել այս ամենից և երկարաձգել ԵՄ դիտորդական մանդատը ՀՀ-ում։