Փաշինյանը հասկանում է, որ «տառապյալ» հեղափոխականի՝ մորուքով, չսանրված կերպարն իրեն այլևս դիվիդենտ չի բերում․ Վիգեն Հակոբյան

«Այդ անկախության հռչակագիրը, բովանդակությունը նրա մասին է, որ Հայաստանի Հանրապետություն չի կարող գոյություն ունենալ։ Եվ սա մեր ամենամեծ պրոբլեմն ու խնդիրն է։ Եվ հիմա հարցը, թե ո՞րն է իրական Հայաստանը։ Իրական Հայաստանը հետևյալն է, իրական Հայաստանի քաղաքացին նա է, ով այստեղից դուրս հայրենիք ու պետություն չի փնտրում, որովհետև ինքը, այո՛, շատ ճիշտ դիտարկում էր՝ ինքը փնտրել, փնտրել, փնտրել, փնտրել ու գտել է իր հայրենիքը»,- Բյուջե-2025 նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ նորից ու նորից հերքելով ինքն իրեն։

Դեռ իշխանամուտին ու դրանից հետո՝ մինչև 2022 թվականը, թավշյա հեղափոխականն իր ամենամյա ուղերձներում խոսում ու խոսում էր անկախության հռչակագրի կարևորության, մեր պատմական պարտքի ու առաքելության մասին, իսկ դրանից հետո՝ արդեն Անկախության հռչակագիրը համարեց թեական՝ շեշտադրմամբ, թե Հայաստանը նոր տեսության կարիք ունի, և, որ պետք է նոր քննության ենթարկել այդ փաստաթուղթը։

Ասել է թե՝ հեշտ է խոսել նախորդ իշխանության թողած ժառանգության հաշվին, բայց երբ դա արդեն մսխվել է, պետք է կասկածի առնել պատմությունը։

Քաղտեխնոլոգ, վերլուծաբան Վիգեն Հակոբյանը 168amհետ զրույցում նկատեց՝ Նիկոլ Փաշինյանն այս հայտարարություններով էլ ավելի է բացում «Օվերտոնի պատուհանը», երբ գաղափարը տաբուից հասցնում ես հնարավորի։

Կարդացեք նաև

«Թեպետ միշտ թվում է՝ էլ ուր բացի․․․,- նկատեց Վիգեն Հակոբյանը՝ հավելելով,- Նա ասում է՝ քանդում եմ պատմական Հայաստանը, այն արժեհամակարգը, որի վրա հիմնված է պատմական Հայաստանը։ Իսկ իրականում Փաշինյանը քանդում է իրական Հայաստանը, որովհետև այն Հայաստանը, որը կարող է հետաքրքրություն առաջացնել աշխարհում, հիմնված է հենց այն արժեհամակարգերի ու իդեոլոգիայի վրա, այդ թվում` պատմական Հայաստանի, որը գոյություն ուներ և որը, ի վերջո, ներառված է հռչակագրում՝ Ցեղասպանություն, Արցախ, վերամիավորման գաղափարախոսություն, Անկախ Հայաստան, կրոն․․․

Այսինքն՝ նա քանդում է այդ համակարգը՝ առաջ քաշելով իր «իրական Հայաստանի» գաղափարը, որը զերծ է բոլոր արժեհամակարգերից, որի վրա հիմնված է եղել պետությունը, և որի շնորհիվ գոյատևել է ազգը»։

«Իրական» և «պատմական» Հայաստանի մասին դիսկուրսը, առհասարակ, ըստ վերլուծաբանի, «Օվերտոնի պատուհան» բացել է, որն ըստ նրա՝ հայի ու հայկական պետականության տեսակի փոփոխության մասին է․

«Ընդ որում, ամենասարսափելին այն է, որ դա արվում է արտաքին պատվերով․ նայեք, թե ինչ նախապայմաններ են դնում Ադրբեջանը և Թուրքիան Հայաստանի առջև, կհասկանաք, որ Փաշինյանի ելույթները լրիվ համահունչ են այդ նախապայմաններին»։

Հայաստանի իմիջային կորուստների համատեքստից զատ՝ անդրադարձանք նաև Նիկոլ Փաշինյանի նոր իմիջին՝ սափրված-նախկին Փաշինյանին՝ քաղտեխնոլոգից հետաքրքրվելով, թե սա հերթական տեխնոլոգիա՞ է, և ինչո՞ւ հենց այս պահին։

Ի պատասխան՝ մասնագետը հաստատեց, որ սա հերթական տեխնոլոգիան է, իսկ նպատակը պայմանավորեց քաղաքական համատեքստով։

«Նա գնում է ընտրությունների, թեև դեռ չգիտի՝ արտահե՞րթ, թե՞ հերթական։ Բայց նա սկսել է հստակ հասկանալ՝ ընտրազանգվածը, որն իր մոտ պահպանվել է (ըստ տարբեր սոցիոլոգիական հարցումների՝ մինչև 15 տոկոս), այլևս չի ավելանում։ Իսկ դա այն ընտրազանգվածն է, որը Փաշինյանին սիրում է նրա համար, որ նա իբր մեկն է իրենցից՝ իրենց նման չածիլված, փնթի, ունեզուրկ․․․ Նա հասկանում է, որ հեղափոխականի կերպարը՝ մորուքով, չսանրված․․․ իրեն այլևս դիվիդենտ չի բերում»,- մանրամասնեց Վիգեն Հակոբյանը։

Վերլուծաբանն ընտրազանգվածի նվազման մեկ այլ պատճառ համարեց Փաշինյանի հեղափոխական խոստումներին հավատացած ու «գցված» մարդկանց ստվար բազմությունը։

«Երբ Նիկոլ Փաշինյանը հեղափոխություն էր անում, ասում էր՝ մենք Ռոբին Հուդն ենք․ հարուստներին կուլակաթափելու ենք և ունեցվածքը բաժանելու ենք կեղեքվածներին։

Ու երբ հիմա ինքը գնում է մարզեր, հանդիպում է իր ընտրազանգվածի հետ, իրեն հարցնում են՝ մեր փողն ո՞ւր է, էն թալանչիներն ինչո՞ւ նստած չեն․․․ Այսինքն՝ իրենք իրենց գցված, խաբված են համարում։

Եվ ինքն ուզում է հիմա երկու նապաստակ խփել․ մի կողմից ուզում է աշխատել այլ ընտրազանգվածներ ներքաշել իր կողմ, այդ թվում նաև՝ հոգնած, տառապյալ հեղափոխականի իմիջը փոխելով։

Մյուս կողմից՝ փորձում է չկորցնել արդեն ունեցած ընտրազանգվածը և կառավարության նիստում հայտարարում է, թե՝ բոլորին թվում է՝ ես եմ հրահանգ տալիս, որ չկուլակաթափեն, մինչդեռ դատաիրավական համակարգն է սաբոտաժ անում։ Այսինքն՝ իր «զոմբիների» համար նա մեղավոր է նշանակում դատաիրավական համակարգին»,- պարզաբանեց քաղտեխնոլոգը։

Տեսանյութեր

Լրահոս