«ՀՀ իշխանությունները ՀԱՊԿ-ից դուրս գալով՝ մտածում են, թե կարող են Թուրքիայի կամ Ադրբեջանի հետ ռազմական դաշինք կազմել». Քաղաքագետ
ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը լրագրողների հետ զրույցում ասել է, որ Հայկական կողմի հայտարարությունները վկայում են այն մասին, որ Երևանը հեռանում է ՀԱՊԿ-ի աշխատանքի բոլոր ձևաչափերից:
Լրագրողները ՌԴ ԱԳ փոխնախարարից հետաքրքրվել են, թե արդյո՞ք Հայաստանի համար հնարավորություն կա մասնակցելու ՀԱՊԿ առաջիկա միջոցառումներին, այդ թվում՝ առաջնորդների հանդիպմանը, ինչին ի պատասխան՝ Պանկինը պատասխանել է.
«Հարցն ուղղեք հայկական կողմին։ Սակայն, դատելով հայկական կողմի հայտարարություններից, այս փուլում նա հեռանում է ՀԱՊԿ գործունեության բացարձակապես բոլոր ձևաչափերին մասնակցելուց»։
Հայկական կողմից դեռևս չեն հստակեցրել՝ արդյո՞ք մասնակցելու են նոյեմբերի 28-ին կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին։ Իսկ ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները սառեցված են։
Ցանցային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Գագիկ Հարությունյանի խոսքով՝ Հայաստանի իշխանությունները հավանաբար գտնվում են ՀԱՊԿ-ին այլընտրանք փնտրելու գործընթացում, սակայն այդ այլընտրանքը միայն Թուրքիայի վիլայեթ դառնալն է։
Այս համատեքստում քաղաքագետը հիշեցրեց Ադրբեջանի պահանջները, որ Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու համար Հայաստանը պետք է ապառազմականացվի։
«Հավանաբար հիմա իշխանությունները լծված են այդ գործընթացին, սրանք մտածում են, որ Թուրքիայի կամ Ադրբեջանի հետ կարող են ռազմական դաշինք կազմել, միակ բանն այն է, որ Հայաստանը կդարձնեն թուրքական վիլայեթ։ Այսօր ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանն ինքնուրույն ձայն չունի, նրա արևմտյան տերերն ինչ հրահանգ իջեցնում են, նա այնպես էլ անում է։ Հայաստանում քաոս ստեղծող Փաշինյանի տերերի հրահանգն էր նաև այն, որ Հայաստանում սահմանապահների որոշ հատվածի դուրս բերեցին, ի՞նչ է, հիմա Հայաստանն ավելի անվտանգ է, քան 10 տարի առա՞ջ էր, որ նախկինում այդ սահմանապահներին չէին հանում»,- 168.am–ի հետ զրույցում նշեց Գագիկ Հարությունյանը։
Ըստ նրա, 2018 թվականից սկսած՝ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի մեկուսացման գիծն է առաջ տանում, և այսօր կարծես իր նպատակին հասնելու հնարավորություններ ունի, եթե, իհարկե, հայ-ռուսական հակամարտությունը երկար շարունակվի, և Ռուսաստանը զբաղված լինի ուկրաինական ճակատով։
«Կարծում եմ՝ այս հակամարտությունից Ռուսաստանը դուրս կգա հաղթանակով, իսկ այդ դեպքում նրա հայացքն ուղղվել է այստեղ՝ Հարավային Կովկաս ու Հայաստան, քանի որ նրան էլ ձեռնտու չէ «Թուրանի» ծրագրի իրագործումը։ Հավատացեք, այստեղ Ռուսաստանը գործում է ոչ թե՝ Հայաստանի շահերից ելնելով, այլ՝ իր։ Ռուսաստանն էլ շատ լավ հասկանում է, որ եթե Հայաստանի իշխանությունները շարունակեն այս քաղաքականությունը, ապա շուտով Հայաստանը կդարձնեն թուրք-ադրբեջանական մի մարզ։
Պարզից էլ պարզ է, որ «Թուրանի» ծրագիրը ձեռնտու չէ Ռուսաստանին, քանի որ այստեղ խոսքը վերաբերում է նաև միջինասիական երկրներին։ Հետևաբար, ըստ իս, Ռուսաստանը կկանխի այս իշխանությունների քայլերը՝ իրագործելու թուրքական երազանքը՝ «Մեծ թուրան» ստեղծելու վերաբերյալ»,- հավելեց մեր զրուցակիցը։
Ինչ վերաբերում է իշխանությունների դիտարկումներին, որ ՀԱՊԿ-ը 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի ագրեսիայի ու դրան հետևած մյուս միջադեպերի ժամանակ չի կատարել պայմանագրով նախատեսված իր պարտականությունները, ապա Գագիկ Հարությունյանը հարց բարձրացրեց՝ իսկ իշխանությունները թո՞ւյլ են տվել միջամտելու ռուսական կողմին։
«44-օրյա պատերազմի ժամանակ ինչո՞ւ թույլ չեն տվել ռուսական զորքը գործի, քաղաքականությունը, որն այս իշխանությունն է վարել՝ բերել հանգեցրել է սրան, որ ռուսական կողմը պահպանի չեզոքություն։ Դրա համար Ռուսաստանը հիմա այս հարցերում շատ «դելիկատ» է։ Այո, ՀԱՊԿ-ում կան թերություններ, ինչպես շատ կառույցներում, բայց առանց այդ կառույցի Հայաստանն ամբողջովին մնում է միայնակ, իսկ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ որևէ դաշինքի ստորագրում նշանակում է՝ ՀՀ պետականության դե ֆակտո վերացում։ Ադրբեջանը խորամանկ է, Փաշինյանին ասում է, որ կարող են պայմանագիր ստորագրել ու խաղաղ ապրել, բայց դրան հավատում է միայն Փաշինյանը, նրանից բացի, որևէ մեկը չի հավատում»,- ընդգծեց մեր զրուցակիցը։
Նա նաև ասաց՝ Հայաստանին որևէ մեկը չի սպասում նաև ՆԱՏՕ-ում, որտեղ կա Թուրքիան, ով հավաքական Արևմուտքի համար համարվում է այդ կառույցի «կծան շունը», քանի որ անհրաժեշտության դեպքում գործում է նրա բանակը։
«Թող հույս չդնեն Թուրքիայի ու Ադրբեջանի վրա, հուսանք՝ այս տարածաշրջանը շուտով կհայտնվի Ռուսաստանի ուշադրության կենտրոնում, որի պարագայում շատ վտանգներ կարող են կանխվել»,- եզրափակեց Գագիկ Հարությունյանը։