
«Վրացական երազանք» կուսակցությունը հավաքում է ձայների ավելի քան 70 տոկոսը. Կոբախիձե

Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը հավաքում է ձայների ավելի քան 70 տոկոսը Վրաստանի բոլոր քաղաքներում ու համայնքներում՝ հայտարարել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն:
«Մեր ընտրական շտաբների տվյալների համաձայն՝ «Վրացական երազանքը» վստահորեն հաղթում է ընտրություններում ինչպես քաղաքապետների մակարդակով, այնպես էլ բոլոր համայնքներում։ Ավելին՝ մեր տվյալների համաձայն՝ բոլոր համայնքներում, այդ թվում՝ Թբիլիսիում և այլ մեծ քաղաքներում, 70 տոկոսից բարձր արդյունք է գրանցվում»,- ասել է Վրաստանի վարչապետը:
Միևնույն ժամանակ, Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտնել է, որ ՏԻՄ ընտրությունում մասնակցությունը ժամը 17:00-ի դրությամբ կազմել է 33,5%:
Թբիլիսիի Ռուսթավելու պողոտայում մեկնարկել է բողոքի ակցիա տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության դեմ: Ցուցարարներն ամբողջությամբ փակել են պողոտան և հարակից Ազատության հրապարակը: Ընդդիմությունն ավելի վաղ հայտարարել էր, որ քվեարկության օրը «խաղաղ հեղափոխություն» է կազմակերպելու։