
Երկարատև մագնիսական փոթորիկն ավարտվել է. գիտնական

Արեգակնային ընթացիկ ցիկլի ամենաերկարատև մագնիսական փոթորիկներից մեկը, որը տևել է շուրջ չորս օր, ավարտվել է: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի Արևային աստղագիտության լաբորատորիայի ղեկավար Սերգեյ Բոգաչովը։
«Ելնելով ցամաքային մագնիսաչափերի ցուցմունքներից և արևային քամու չափումներից՝ մագնիսական փոթորիկն ավարտվել է։ Ուրբաթ երեկոյից սկսած` նկատվում է գեոմագնիսական իրադրության արագ կայունացում»,-ասել է Բոգաչովը։
Նա նշել է, որ հիմնական մոլորակային KP ինդեքսը, ըստ որի որոշվում է փոթորիկների սկիզբն ու ավարտը, իջել է կանաչ գոտի: Գիտնականի խոսքով՝ չեն նկատվում այնպիսի գործոններ, որոնք կարող են այն հանել հավասարակշիռ վիճակից։
Անցած փոթորիկը, նրա խոսքով, ամենաերկարատևներից մեկն է դարձել ընթացիկ 25-րդ արեգակնային ցիկլում։ Մագնիսական դաշտը հավասարակշռությունից դուրս է եկել սեպտեմբերի 29-ի երեկոյան Արևի ակտիվության զգալի ուժեղացման արդյունքում։
Այժմ Արևի ակտիվությունը նվազում է, ինչը փաստացի բացառում է Երկրի մագնիսական դաշտի համակարգային վերադարձը խաթարված վիճակին, թեև առանձին ուժեղ բռնկումների և Երկրին մեկանգամյա հարվածների փոքր հավանականությունը կպահպանվի ևս 2-3 օր: