Եթե Հայաստանն աշխատանք չի սկսել, ուրեմն դեռ բաց հարցեր կան. Ադրբեջանի արտգործնախարար

Ադրբեջանի և Հայաստանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների բացումը նոր թեմա չէ. լրագրողներին ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ արձագանքելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ կոմունիկացիաների մասին հայտարարություններին։

Նա նշել է, որ 2020 թ.-ի եռակողմ հայտարարությունն ունի հատուկ կետ. «Դա մատնանշում է այն պարտավորությունները, որոնք Հայաստանը ստանձնում է։ Այս թեման արդեն երկար քննարկվում է։

Երեքուկես տարվա քննարկումներից հետո մենք ուշացած ենք համարում «պայմանավորվածություն է ձեռք բերվել» արտահայտությունը։ Այդ պայմանավորվածությունը պետք է վաղուց ձեռք բերվեր։ Եթե դրա վերաբերյալ պաշտոնական փաստաթուղթ դեռ չկա, եթե Հայաստանն այդ ուղղությամբ աշխատանք չի սկսել, ուրեմն դեռ բաց հարցեր կան։

Իսկ Ադրբեջանի տարածքում, արդեն երկար ժամանակ է՝ արագ տեմպերով աշխատանքներ են տարվում տրանսպորտային-կոմունիկացիոն ենթակառուցվածքի ստեղծման ուղղությամբ, որն առաջիկայում կհասցվի Հայաստանի հետ սահմանին»,-ասել է նա։

Տեսանյութեր

Լրահոս