Միջազգային որակավորում՝ Ամուլսարում աշխատելու համար․ օպերատորների առաջին խումբը սերտիֆիկացվել է
Ամուլսարի հանքավայրի շահագործմանն ընդառաջ մեկնարկած ծանր տեխնիկայի օպերատորների վերապատրաստման ծրագրի արդյունքներն արդեն տեսանելի են: Դասընթացն անցած առաջին խումբ մասնակիցները ստացել են իրենց միջազգային սերտիֆիկատները։
Սերտիֆիկացման այս փուլը կարևոր ձեռքբերում է մասնակիցների մասնագիտական զարգացման ճանապարհին և միաժամանակ բարձր նշաձող է սահմանում ծրագրի հաջորդ մասնակիցների համար։

Օպերատորների վկայականների հանձման արարողության ժամանակ «Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը նշեց, որ այս սերտիֆիկատների միջազգային լինելը հնարավորություն է տալիս աշխատել ոչ միայն Հայաստանի տարբեր հանքերում, այլև երկրից դուրս՝ աշխարհի հանքարդյունաբերական լավագույն ձեռնարկություններում՝ մինույն ժամանակ հույս հայտնելով, որ օպերատորներն Ամուլսարից դուրս աշխատելու անհրաժեշտություն չեն ունենա։
«Խնդրում եմ միշտ մտածեք անվտանգության մասին։ Մեզ համար ամենակարևորը ձեր անվտանգությունն է: Հյուս ունեմ, որ ձեր օրինակով մյուսները գալու են և անցնեն այս դասընթացը»,- եզրափակեց նա:

Դասընթացի ընթացքում ուշադրություն է դարձվել երեք հիմնական ասպեկտի՝ գիտելիքի, հմտությունների և աշխատանքի նկատմամբ վերաբերմունքի վրա։
Նշենք, որ բոլոր օպերատորները Ամուլսարի հարակից համայնքներից են․ տարիքը 29-ից 52 տարեկսն։ Մյուսների համար մոտիվացիայի մեծ աղբյուր է այն փաստը, որ 52 տարեկանն ինչ-որ նոր բան է սովորում:
Վերապատրաստման ծրագիրն իրականացնում է «Լիդիան Արմենիա» ընկերության գործընկեր «Մոտա-Էնջիլ» ընկերությունը:

«Լիդիան Արմենիա»-ի վերապատրաստման ծրագրերը շարունակական են լինելու՝ հնարավորություն ընձեռելով նոր մասնակիցներին ձեռք բերել պահանջված մասնագիտական հմտություններ, զարգացնել իրենց կարողությունները և վերապատրաստվել հանքարդյունաբերության ոլորտում աշխատանքի միջազգային չափանիշներին համապատասխան։
Ընկերությունը շարունակելու է ներդրումներ կատարել մասնագիտական ներուժի զարգացման և որակյալ կադրերի պատրաստման ուղղությամբ։


