Բանակում մարտական և ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերը՝ ըստ Քննչական կոմիտեի
Հոկտեմբերին մամուլում ակտիվացան բանակում ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի շուրջ քննարկումներն այն բանից հետո, երբ ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը հոկտեմբերի 28-ին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել էր, որ 2024թ. հաշվետու ժամանակաշրջանում և այդ պահի դրությամբ 2023թ. նկատմամբ բանակում մահվան դեպքերը գրեթե կրկնակի նվազել են:
Բանակում արձանագրված մահվան դեպքերի և զինծառայողների կորստի թվային պատկերը. ամեն գերատեսչություն հաշվառման իր մեթոդաբանությո՞ւնն ունի
«Արձանագրվել է 33 մահվան դեպք, որից 5-ը դժբախտ պատահարի հետևանքով է, 2-ը՝ ավիավթարի, 5-ը՝ հիվանդության, 11-ը ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով է, որից 7-ը կապված չէ ծառայության հետ»,- մանրամասնել էր նա:
Իսկ հոկտեմբերի 15-ին էլ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հրավիրած ուժային, քննչական և իրավապահ մարմինների մասնակցությամբ լսումների ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի հարցին ի պատասխան՝ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն օգտվելով իր ձեռքի տակ եղած գրավոր վիճակագրությունից՝ նշել էր.
«2023 թվականի ընթացքում ունենք զինծառայողների մահվան 22 դեպք, այո, 22 դեպք, որից 15-ը՝ Ազատ գյուղի կացարանի հրդեհի հետևանքով»:
Այնուհետև Աննա Վարդապետյանը շարունակել էր. «2024 թվականի հունվարից մինչ օրս զինվորական ծառայության հետ առնչվող մահերի թիվը 26 է, որից 6-ը՝ սպանություն, 4-ը՝ հակառակորդի կողմից սպանություն, 4-ը՝ ավտովթար, ինքնասպանության և ինքնասպանության հասցնելու դեպքերը 5-ն են, մարտական ավտոմեքենա վարելու կանոնները խախտելու 1 դեպք ունենք, թռչող սարքերի կամ թռիչքների նախապատրաստման շահագործման կանոնները խախտելու հետևանքով մահվան 2 դեպք է գրանցվել, գրանցվել է նաև դժբախտ պատահարի 1 դեպք և հիվանդության 3 դեպք»:
Իսկ ԱԺ-ում ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակի հայտարարությունից հետո, թե՝ «2023 թվականի նկատմամբ բանակում մահվան դեպքերը գրեթե կրկնակի նվազել են», «Փաստերի ստուգման հարթակը», հիմնվելով Գլխավոր դատախազի հոկտեմբերի 15-ին խորհրդարանում ներկայացրած տվյալների վրա, որ՝ «2023 թվականի ընթացքում ունենք զինծառայողների մահվան 22 դեպք», պնդել է, որ ՊՆ խոսնակը սխալ թիվ է ներկայացրել:
Ավելի ուշ, սակայն, ինչպես գրել էր fip.am-ը՝ «հոդվածի հրապարակումից հետո գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը Fip.am-ին ներկայացրել է պարզաբանում՝ նշելով, որ Աննա Վարդապետյանն Ազգային ժողովում վրիպակ է թույլ տվել. 2023 թվականի ընթացքում զինծառայողների՝ ծառայության հետ կապված 54 մահվան դեպք է արձանագրվել և ոչ թե 22, ինչպես նշել էր Աննա Վարդապետյանը»:
Խնդիրն այն է, որ 54-ը ևս ճիշտ թիվ չէ, եթե հաշվի առնենք, որ ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցում նշվում է. «2023 թվականի ընթացքում ՀՀ զինված ուժերում մարտական պայմաններում զոհվել է 19, իսկ ոչ մարտական պայմաններում՝ 64 զինծառայող»:
Այս ամենը հաշվի առնելով, հոկտեմբերի 30-ին 168.am-ը, բանակում մարտական և ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերին առնչվող գրավոր հարցում է ուղարկել և՛ ՀՀ գլխավոր դատախազություն, և՛ ՀՀ քննչական կոմիտե:
Մասնավորապես, ՀՀ քննչական կոմիտեից փորձել ենք պարզել.
1. 2024 թվականի հունվարի 1-ից մինչև հոկտեմբերի 30-ը զինված ուժերում մարտական և ոչ մարտական պայմաններում մահվան քանի՞ դեպք է գրանցվել, և ոչ մարտական պայմաններում դեպքերն ինչի՞ հետևանքով կամ պատճառով են եղել:
2. 2023 թվականին ամբողջ տարվա կտրվածքով և 2024 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ՝ հունվարից հոկտեմբեր, զինված ուժերում մահվան քանի՞ դեպք է գրանցվել, և դրանցից քանի՞սն է եղել ոչ մարտական պայմաններում, քանի՞սը՝ մարտական, քանի՞սն է ծառայության հետ կապ ունեցող եղել, քանի՞սը՝ ոչ:
Գլխավոր դատախազությունից դեռ հարցման պատասխանը չենք ստացել, իսկ ՀՀ քննչական կոմիտեն նոյեմբերի 11-ին ուղարկել է պատասխան գրությունը, որում ասված է. «Ի պատասխան ՀՀ քննչական կոմիտեի նախագահին հասցեագրված Ձեր՝ 30.10.2024 հարցմանր՝ 1-ին և 2-րդ հարցերի վերաբերյալ հայտնում ենք, որ 2023 թվականին ՀՀ զինված ուժերում արձանագրվել է ոչ մարտական պայմաններում զինվորական ծառայության հետ կապված 35 զինծառայողների մահվան 19 դեպք:
Դրանցից 3-ը /3 զինծառայող/ յուրայինների կողմից կատարված սպանություն, 7-ը՝ /7 զինծառայող/ ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու դեպքեր, 1-ը՝ /2 զինծառայող/ ծառայության հետ կապված ավտովթար, 2-ը՝ /17 զինծառայող/ առավել վտանգ ներկայացնող նյութերի հետ վարվելու կանոնների խախտման դեպքեր, 2-ը՝ /2 զինծառայող/ դժբախտ պատահար և 4-ը՝ /4 զինծառայող/ հիվանդություն:
Նույն թվականին արձանագրվել են նաև ոչ մարտական պայմաններում զինվորական ծաոայության հետ չկապված ևս 5 զինծառայողների մահվան 4 դեպք, որոնցից 1-ը /1 զինծառայող/ ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու դեպք է, 2-ը /3 զինծառայող/ ծառայության հետ չկապված ավտովթար, 1-ը /1 զինծառայող/ դժբախտ պատահար:

2023 թվականին ՀՀ զինված ուժերում արձանագրվել է մարտական պայմաններում հակառակորդի կողմից կատարված 19 զինծառայողի սպանության 13 դեպք:
2024 թվականի հունվարի 1-ից հոկտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ զինված ուժերում արձանագրվել է ոչ մարտական պայմաններում զինվորական ծառայության հետ կապված 19 զինծառայողների մահվան 15 դեպք:
Դրանցից 5-ը /5 զինծառայող/՝ յուրայինների կողմից կատարված սպանություն, 6-ը /6 զինծառայող/՝ ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու դեպքեր, 1-ը՝ /1 զինծառայող/ դժբախտ պատահար, 2-ը՝ /5 զինծառայող/ ծառայության հետ կապված ավտովթար, 1-ը՝ /2 զինծառայող/ ռազմական թռչող սարքերի թռիչքների, դրանց նախապատրաստման կամ շահագործման կանոնների խախտում:
Նույն թվականին արձանագրվել են նաև ոչ մարտական պայմաններում զինվորական ծառայության հետ չկապված ևս 6 զինծառայողների մահվան 6 դեպք, որոնցից 3-ը՝ /3 զինծառայող/ ծառայության հետ չկապված ավտովթար, 3-ը՝/3 զինծառայող/ հիվանդություն»:
Նշենք, որ ՀՀ քննչական կոմիտեն, ըստ էության, վարույթների հիման վրա է թիվ նշում:
Պայմանագրային զինծառայողի սպանությունից 5 ամիս անց դեռ պարզ չէ՝ հակառակո՞րդն է սպանել, թե՞ յուրայինը
Բացի նշված հարցերից, Քննչական կոմիտեին նաև այլ հարցեր էինք ուղղել, մասնավորապես, փորձել էինք ճշտել՝ արդյո՞ք պայմանագրային զինծառայող Արմեն Գուրգենի Գասպարյանի սպանության հանգամանքները պարզվել են՝ հակառակորդի կրակոցի՞ց է սպանվել, թե՞ ոչ:
ՀՀ քննչական կոմիտեից մեզ հերթական անգամ այս հարցի վերաբերյալ հայտնել են, որ «ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքում պայմանագրային զինծառայող Արմեն Գուրգենի Գասպարյանի դին հայտնաբերելու դեպքի առթիվ, ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ 1-ին մասի հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ, որի նախաքննությունը շարունակվում է»:
Այսինքն, պատասխանը դեռ չկա՝ ով է սպանել:
Նիկոլ Փաշինյանին պատերազմի ժամանակ «հողեր ծախելու մեջ մեղադրողի» գործի հետքերով
Արգիշտի Քյարամյանի ղեկավարած կառույցին մեր գրավոր հարցման մեջ նաև 44-օրյային առնչվող հարց էինք ներառել:
2020թ. հոկտեմբերի 8-ին Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում, մասնավորապես, գրել էր.
«Մի քանի օր առաջ ահազանգ ստացա, թե առաջնագծի հատվածներից մեկում ինչ-որ մարդիկ գնացել, կռվող զինվորներին համոզել են, թե «Նիկոլը հողերը ծախել է, թե սա իրականում պայմանավորված պատերազմ է, ձեզ էստեղ բերել-մսաղացի մեջ են գցել, որ կոտորեն, որ պայմանավորվածությունը չերևա, դիրքերը պահելը իմաստ չունի»: Ըստ որոշ տեղեկությունների՝ զինվորներին համոզելով, նույնիսկ հրամայելով ստիպել են որոշ մարտական դիրքեր թողնել թշնամուն: Իմ հանձնարարությամբ ԱԱԾ-ում սկսվել է հետաքննություն, և գործող գլխավոր անձանցից մեկը, որ Ստեփանակերտի բնակիչ է, հայտնաբերվել և ձերբակալվել է Երևանում»:
Ավելի ուշ ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել, որ զինծառայողների շրջանում կեղծ, խուճապ առաջացնող լուրեր տարածողը սպա է: ԱԱԾ-ն նշել էր նաև նրա անվան և ազգանվան սկզբնատառերը` Ն. Մ.։
2023 թվականին ԱԱԾ-ից 168.am-ին հայտնել էին, որ «նշված քրեական գործը (ըստ մեղադրանքի՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 364-րդ հոդվածի 3-րդ մասով) 2021 թվականի մարտի 25-ին ՀՀ գլխավոր դատախազության միջոցով ըստ քննչական ենթակայության ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե»:
Ըստ այդմ Քննչական կոմիտեից փորձել ենք պարզել՝ ի՞նչ փուլում է քրեական գործը, ի՞նչ բացահայտվեց, ի՞նչ եղավ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի շրջանակներում այդ ժամանակ ձերբակալված Ն. Մ.-ի հետ, արդյո՞ք եղել են այս գործով այլ մեղադրյալներ կամ կասկածյալներ:
«13.04.2021թ. ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 364-րդ հոդվածի 3-րղ մասի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթը ստացվել է ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային վարչությունում, որը 2023թ. օգոստոսի 16-ին 4 անձի վերաբերյալ, ըստ մեղադրանքի՝ 18.04.2003թ. ընդունված ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 364-րդ հոդվածի (Զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելը) 3-րդ մասով, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան»,- հայտնել է Քննչական կոմիտեն:
Հավելենք, որ այս դեպքի հետ կապված Փաշինյանն իր գրառման մեջ առաջ էր քաշել նաև քաղաքական ուղղորդման վարկածը՝ «Դավաճանները չպետք է տեղ ունենան մեր շարքերում և մեր հերոսական գեներալների, սպաների, զինվորների, կամավորների, ազատամարտիկների թիկունքը պետք է մաքրել համանման տարրերից»:




