Ադրբեջանը նոր ագրեսիայի հիմքեր է ստեղծում նախիջևանյան թևում, Երևանում դա չեն տեսնում. փաստերի հետքերով՝ 2018, 2024
Հունիսի 9-ին Ադրբեջանի բանակի զինծառայող էր անհետացել: Ջեյհուն Հուսեյնովը հունիսի 9-ին չպարզված հանգամանքներում անհետացել էր Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Սադարակի շրջանի Գյունուտ գյուղի ուղղությամբ։
Հունիսի 11-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, որ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Շարուրի շրջանի Գյունուտ գյուղի ուղղությամբ հայտնաբերվել է անհետացած ադրբեջանցի զինծառայող Ջեյհուն Հուսեյնովի դին։
Հունիսի 13-ից հունիսի 14-ն ադրբեջանական կողմը մի քանի անգամ Հայաստանի զինված ուժերին մեղադրել է նախիջևանյան թևում հրադադարի ռեժիմը խախտելու համար, ինչը ՀՀ ՊՆ-ն ապատեղեկատվություն էր որակել:
Իսկ հունիսի 14-ին արդեն ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ նշվում է. «Հունիսի 14-ին՝ ժամը 08:20-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Արմեն Գուրգենի Գասպարյանի դին՝ հրազենային վնասվածքով:
Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն»:
Իսկ հունիսի 15-ին ժամը 13:50-ի սահմաններում ՀՀ քննչական կոմիտեն իր հերթին հաղորդագրություն է տարածել, որտեղ հայտնում է. «2024թ. հունիսի 14-ին ՀՀ ՊՆ ՌՈ Սիսիանի բաժնից հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը ժամը 08:20-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Արմեն Գուրգենի Գասպարյանի դին՝ գլխի շրջանում հրազենային գնդակային վիրավորումով:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ-ի զինվորական քննչական գլխավոր վարչության երրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ձեռնարկվել են քննչական և վարութային անհետաձգելի գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի և դիակի զննություն:
Քրեական վարույթով էական հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են մի շարք փորձաքննություններ:
Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ դեպքի հանգամանքները ամբողջությամբ պարզելու ուղղությամբ»: Այսինքն, քրեական վարույթը սպանության հատկանիշներով է: Արդյոք այդ սպանությունը հակառակորդի՞ց է, թե՞ ոչ հակառակորդի կրակից, ըստ էության, հստակ չէ, տեղ է թողնված:
Նույնաբովանդակ հաղորդագրություն էր տարածել նաև Ադրբեջանի զինվորական դատախազությունն իրենց զինվորի սպանության հետ կապված:
Ավելին, ադրբեջանցի քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովը հունիսի 14-ին այս առնչությամբ նկատել է.
«Վերջերս ադրբեջանցի զինծառայող է զոհվել, նախաքննություն է դեռ ընթանում: Մենք տեղեկություն չունենք՝ ոչ մահվան հանգամանքների, ոչ էլ, թե ով է կրակել, բայց զինծառայողը զոհվել է և դա տեղի է ունեցել սահմանից ոչ այնքան հեռու: Եվ դա կարող է լինել հայկական գործողությունների արդյունք»:
Այս համատեքստում ադրբեջանցի քաղաքագետը հնարավոր ագրեսիայի և լարվածության մեղադրական սլաքն ուղղում է ոչ թե Փաշինյանի, այլ ՀՀ զինված ուժերի ուղղությամբ: Ըստ Մուսաբեկովի, «ՀՀ բանակում կան կոնկրետ ուժեր, որոնք հետաքրքրված են սահմանին իրավիճակի ապակայունացմամբ»:
«Նրանց մոտ սահմանին կան շատ զինծառայողներ, որոնք նախկին ռազմական գործողությունների մասնակից են»,- շեշտել է նա:
Կարո՞ղ ենք ենթադրել, որ ադրբեջանցի քաղաքագետը նկատի ունի և՛ ՀՀ զինված ուժերում ծառայող պատերազմով անցած հրամանատարներին, և՛ սահմանին մարտական հերթապահություն իրականացնող երկրապահներին, կամավորականներին:
Մի բան հստակ է՝ սա վտանգավոր հայտարարություն է, և ոչինչ, որ ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ադրբեջանական կողմի վերջին հայտարարություններում և մեղադրանքներում ագրեսիայի հիմք չի տեսնում:
Ավելին, նա ԱԺում հայտարարել է.
«Հերքումը հիմք է, որ ադրբեջանական կողմն էլ ճշտի, թե կրակոցներն ինչ բնույթի և որտեղից են եղել, մենք էլ պետք է ճշտենք, թե ինչ կրակոցներ են, եթե եղել են։ Բայց համոզված եմ, որ կրակոցներ չեն եղել։ Կրակոցներ միշտ կարող են լինել, անգամ լիակատար խաղաղության պարագայում, կրակոցներ, որոնք հրահրված չեն․ զինվորական է, կարող է՝ խմել է, մի հատ էլ կրակել է, բայց ոչ մեր կողմից, կարող է՝ իրենց կողմից»:
Այս համատեքստում հիշեցնենք, որ 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին ադրբեջանական կողմն առաջ էր տվել իր դիրքերը:
Ռազմինֆոն, մասնավորապես, գրել էր.
«Ըստ ուսումնասիրության՝ Ադրբեջանի ԶՈւ-ն հիմնականում առաջացել է Արենի գյուղի այգիների և լքված Հունուտ (ադրբ. Գյունուտ) գյուղի ուղղություններով:
…Հունուտի ուղղությամբ առաջանալով` ադրբեջանական կողմը կառուցել է 5 նոր ճանապարհ, որոնք ամենայն հավանականությամբ տանում են դեպի նոր զբաղեցրած դիրքերը: Նախկինում այս հատվածում միջդիրքային տարածությունը 4.5–5 կմ էր, այժմ հայկական և ադրբեջանական դիրքերի միջև հեռավորությունը կրճատվել է մինչև 750–1600 մետրի: Նշենք, որ հայկական դիրքերը տեղակայված են հենց լքված Հունուտ գյուղի տարածքում»:
Չմոռանանք, որ Երասխից զորքի հետքաշման և Տիգրանաշենի հանձնման հարց կա օրակարգում:
Սպասենք, թե ավելի ուշ ինչ կպարզվի կամ ինչ վերջնական կհայտարարեն հայկական և ադրբեջանական կողմերն իրենց զինծառայողների սպանության դեպքերով: