«Գործողություններն այսօրվանից ավելի ինտենսիվ կլինեն, այս շաբաթ արդեն պետք է դիմենք պրեսինգի». Սարգիս Արզումանյան
Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոն-թատրոնի ստեղծագործական թիմը, արդեն 5-րդ օրն է՝ նստացույց է անում թատրոնի մոտ՝ պահանջելով իրենց թույլ տալ ստեղծագործել թատրոնի բեմում, քանի որ դեմ են Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին միանալուն։
«Գոյ» թատրոնի կառավարման խորհրդի նախագահ Սարգիս Արզումանյանի խոսքով՝ «Գոյ» թատրոն վերադառնալու համար իրենց նստացույցը և պայքարը շարունակվելու է և ավելի ինտենսիվ բնույթ է կրելու։
«Մեր պահանջը չի փոխվել, մեր գործողություններն այսօրվանից ավելի ինտենսիվ ու այլ կերպ կլինեն, այս շաբաթ արդեն պետք է դիմենք պրեսինգի։
Մենք արդեն 1,6 ամիս պայքարում ենք, մոտ 6 ամիս բանակցությունների մեջ ենք եղել ԿԳՄՍ նախարարության հետ, բայց այսօրվա մեր իրավիճակը փաստում է, որ արդյունք չենք ունեցել։ Չկարողացանք գալ ընդհանուր հայտարարի, քանի որ կոնկրետ Սունդուկյան թատրոնի տնօրենի կողմից եղավ միջամտություն»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Սարգիս Արզումանյանը։
Նա նշեց, որ հիմնական խնդիրը վերաբերում է տարածքին, քանի որ ԿԳՄՍ նախարարությունից ասել էին, որ ֆինանսական հարցերով կարող են մասնակի աջակցել, տարածքի առումով՝ ոչ։
«Սկզբում կարողանում էր, բայց երբ Սունդուկյան թատրոնի տնօրենը խառնվեց գործին՝ ԿԳՄՍ նախարարությունը ձեռքերը լվաց։ Չգիտեմ՝ տնօրենի թիկունքում ի՞նչ հովանավորչություն կա, ինչպե՞ս կարողացավ ազդել որոշման վրա, բայց արդյունքում խնդիրն այսպես մնաց»,- հավելեց մեր զրուցակիցը։
Նա նաև ընդգծեց՝ թատերական ոլորտի իրենց գործընկերներից շատերն աջակցում են իրենց՝ հանդիպում են, խոսում, պատրաստակամ են ցանկացած պահի լինել «Գոյ»-ի կողքին։
«Ուզում եմ ասել, որ ոլորտից աջակիցներ ունենք, չեմ կարող ասել՝ ինչ քանակի, բայց ունենք աջակցություն։ Վստահեցնում եմ, բոլոր թատրոններից աջակիցներ ունենք»,- շեշտեց մեր զրուցակիցը և տեղեկացրեց՝ այսօր ժամը 14։00-ին ընթացիկ հարցերով լինելու են Երևանի Քննչական կոմիտեում։
Հիշեցնենք՝ նախորդ տարվա գարնանը Կառավարության հերթական նիստից հետո հայտնի դարձավ, որ որոշել են «Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը միավորել Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնին։ Այս հարցը մեծ դժգոհություններ առաջացրեց «Գոյ» թատրոնում, արդյունքում՝ թատրոնը որոշեց դատական կարգով վիճարկել հարցը։



