«Արարատ Միրզոյանի հայտարարությունից հետո Թուրքիայի ԱԳ նախարարը կարող է աշխատանքի չգնալ, Ադրբեջանինն էլ». Էդգար Ղազարյան
Լեհաստանում Հայաստանի դեսպան Էդգար Ղազարյանն անհամբեր սպասում է Դանիել Իոաննիսյանի և Արթուր Սաքունցի և ԱՄՆ-ում գտնվող Վահագն Հովակիմյանի եզրակացություններին՝ ԱՄՆ ընտրությունների վերաբերյալ:
«Մինչև դա չլինի, պետք չէ շտապել ԱՄՆ ընտրությունների արդյունքների, դրա լեգիտիմության վերաբերյալ եզրահանգումներ անելու համար: Իսկ ինչ վերաբերում է ԱՄՆ ընտրությունների արդյունքներին, ապա չեմ կարծում, որ Հայաստանն ԱՄՆ արտաքին քաղաքականության մեջ առհասարակ որևէ ձևով նշմարվում է»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Բելգիայում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը սպառնալիքներ է ստացել Ադրբեջանի դեսպանից։ Միջադեպը տեղի է ունեցել Թուրքիայի ազգային տոնի առթիվ Բրյուսելում Թուրքիայի դեսպանատան կազմակերպած ընդունելության ժամանակ։ Որպես նախկին դեսպան՝ Էդգար Ղազարյանից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք այն ժամանակ Թուրքիայի ազգային տոների առթիվ հրավերներ ստացել է, և ո՞րն է եղել պետական քաղաքականությունը նման պարագաներում, արդյո՞ք դեսպանն է որոշում՝ ուր գնալ, թե՞ կա հստակ մշակված պետական քաղաքականություն, որին հետևում են նաև դեսպանները:
«Դեսպանի մասնակցությունը Թուրքիայի ազգային տոնի ընդունելությանը խայտառակություն է: Իմ առաքելության ընթացքում մեր պաշտոնական միջոցառումներին երբեք հրավեր չեմ ուղարկել Թուրքիայի, Ադրբեջանի, Հունգարիայի և Սաուդյան Արաբիայի դեսպաններին: Հրավերներ ստացել եմ միայն Հունգարիայի և Սաուդյան Արաբիայի դեսպանություններից, բայց չեմ մասնակցել այդ միջոցառումներին: Հայաստանի դեսպանը չէր կարող ողջունել Թուրքիայի և Ադրբեջանի նախագահին՝ անգամ օտար երկրում: Դա պետական քաղաքականություն էր, այդ առումով նաև կար ԱԳՆ շրջաբերական գրություն: Անգամ, եթե ոչ բարեկամական երկրների դեսպանությունները կազմակերպում էին այլ տիպի միջոցառումներ, օրինակ՝ Հունգարիայի դեսպանությունը՝ ոչ իր դեսպանատանը, այլ այլ վայրում կազմակերպում էր միջոցառում, դրան նույնպես մենք չենք մասնակցել: Ավելին ասեմ՝ Լեհաստանում գոյություն ուներ լեհախոս դեսպանների ակումբ, որին անդամակցում էին այն դեսպանները, որոնք հաղորդակցվում են լեհերեն, դա կարևոր էր, որովհետև լեհերենով առանձին հանդիպումներ են լինում Լեհաստանի բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ: Չնայած այն բանին, որ ես սովորել էի լեհերեն, չէի մասնակցում այդ ակումբի աշխատանքներին այնքան ժամանակ, քանի դեռ այն գլխավորում էր Հունգարիայի դեսպանը: Այդ հարցերը ես համաձայնեցրել եմ ԱԳՆ-ի հետ»,- ի պատասխան՝ ասաց նա:
Հարցին՝ եթե իր պաշտոնավարման ընթացքում ԱԳ նախարարը հայտարարեր, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցն ԱԳՆ-ի համար թիվ մեկ առաջնահերթություն չէ, ինչպիսի՞ն կլիներ իր արձագանքը, Էդգար Ղազարյանը պատասխանեց. «Այդ դեպքում ես ամենասուր վիրավորական արտահայտություններով իմ պատասխանը կտայի ԱԳ նախարարին և կավարտեի իմ առաքելությունը դեսպանի պաշտոնում: Ես չէի կարող ներկայացնել այն կառավարությանը, որը խախտում է ՀՀ Սահմանադրությունը, Անկախության հռչակագիրը, Հայաստանի անվտանգության ռազմավարությունը և Հայաստանի արտաքին քաղաքական գերակայությունները: Մեկ էլ ես չեմ կարող կատարել Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանձնարարությունները և ներկայացնել նրանց շահերը»:
Հետաքրքրվեցինք՝ այդ դեպքում օտար երկրներում առաքելություն իրականացնող մեր դիվանագետներից ինչո՞ւ որևէ արձագանք չկա Միրզոյանի հայտարարությանը:
«Ես կարծում եմ, որ այդ պահին օտար երկրներում առաքելություն իրականացնող մեր բոլոր դիվանագետներին բնորոշ են պետական դավաճանության հանցակազմի հատկանիշները, և նրանք շուտ-ուշ պատասխանատվություն են կրելու»,- ի պատասխան ասաց նախկին դեսպանը:
Էդգար Ղազարյանն անլուրջ է համարում Տիգրան Բալայանի պահվածքը. «Եթե անգամ եղել է նման միջադեպ, այդ միջադեպի վերաբերյալ այդ աստիճան բարձրաձայնում… Ինչպես հասկացա մամուլի հաղորդագրություններից՝ նա նոտա է տվել Բելգիայում հավատարմագրված դիվանագիտական առաքելություններին՝ նման միջադեպի մասին, և ուզում եմ հասկանալ՝ եթե նա, ասենք, Շվեդիայի դեսպանին տեղեկացնում է, որ Ադրբեջանի դեսպանն իրեն սպառնում է, ի՞նչ է ակնկալում: Միայն այն, որ Հայաստանի դեսպանը ներկա է գտնվել Թուրքիայի ազգային տոնի ընդունելությանն այն պարագայում, երբ Հայաստանն ու Թուրքիան չունեն դիվանագիտական հարաբերություններ, դա տեղով դիվանագիտական սկանդալ է և մեր դեսպանի կողմից ցուցաբերված անթույլատրելի վարքագիծ»:
Ինչ վերաբերում է Միրզոյանի հայտարարությանը, նա հիշեց Թուրքիայի նախկին ԱԳ նախարար Չավուշօղլուի հայտարարությունը «մեկ ազգ, երկու պետություն» հայեցակարգի համատեքստում, երբ Ադրբեջանի ԱԳ նախարարի վերաբերյալ ասում էր, թե նա կարող է աշխատանքի չգնալ, քանի որ Չավուշօղլուն ինքը օրվա մի կեսն աշխատում է՝ որպես Թուրքիայի, մյուս կեսը՝ որպես Ադրբեջանի ԱԳ նախարար. «Արարատ Միրզոյանի հայտարարությունից հետո Թուրքիայի ԱԳ նախարարն էլ կարող է աշխատանքի չգնալ, Ադրբեջանինն էլ, որովհետև Արարատ Միրզոյանն օրվա կեսն աշխատում է՝ որպես Ադրբեջանի ԱԳ նախարար, մյուս կեսը՝ Թուրքիայի: Նրա մոտեցումները համապատասխանում են թուրքական մոտեցումներին՝ կոնկրետ Ցեղասպանության մասով, իսկ Արցախի մասով նրա մոտեցումները համընկնում են ադրբեջանական մոտեցումներին: Դա հայկական դիրքորոշում չէ: Թուրքերը զարմացած են»:
Անդրադառնալով ՔՊ ներսում խժդժությունների վերաբերյալ հրապարակումներին՝ նա խորհուրդ տվեց զրուցել կրիմինալիստի հետ, որը կբացատրի, թե կազմավորված հանցավոր խմբում երբ տեղի են ունենում վերադասավորումներ՝ դրանք որ դեպքում են լինում:
«Այս պահին իշխանության ղեկին են կազմակերպված հանցավոր խմբի անդամներ, որոնք ապօրինի կերպով զավթել են մեր ժողովրդի իշխանությունը և ծառայում են թշնամու շահերին»,- ընդգծեց նա:
Դիտարկմանը՝ բայց ինքը որոշել է գնալ խորհրդարանում իշխանության կազմակերպած լսումներին, նա արձագանքեց. «Որպեսզի այդ ամենը ասեմ նաև նրանց ճակատին»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում