«Կա մտավախություն, որ այդ ցանցերը կարող են շատ թանկացնել ու բարդել գյուղացու գլխին». Հրաչ Բերբերյան
Հայաստանի 270 բնակավայր 75 % փոխհատուցում կստանա կարկտապաշտպան ցանցերի ներդրման համար։ Նման որոշում Կառավարությունում ընդունվեց վերջին նիստում։
Նիստի ժամանակ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը կրկին խոսել էր ցորենի դաշտերն ինտենսիվ այգիներով փոխարինելու մասին՝ շեշտելով, որ 270 բնակավայրեր առանձնացվել են՝ որպես կարկտի առավել ակտիվ գոտիներ, որտեղ հիմնականում չեն զբաղվում ինտենսիվ այգեգործությամբ՝ նույնիսկ ոռոգման ջրի առկայության պարագայում։ Այս բնակավայրերում սովորաբար աղքատության մակարդակը բարձր է, իսկ զբաղվածության մակարդակը՝ ցածր։
Ըստ Գևորգ Պապոյանի՝ 1 հեկտարի հաշվով կարկտապաշտպան ցանցի կառուցումը կազմում է 12.1 մլն դրամ։
Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանի խոսքով՝ ծրագիրը լավն է, բայց եթե այն իրականացնում է այս Կառավարությունը, մասնավորապես՝ Գևորգ Պապոյանն իր թիմով, ապա արդյունքը լինելու է զրո։
«Եթե պարոն Պապոյանը մտածում է՝ ինքն ու իր մասնագետները պետք է այդ ծրագիրն անեն, ապա նախապես ասեմ՝ ձախողված է։
Նախ, ի՞նչ սկզբունքներով են ընտրել այս 270 համայնքները, արդյո՞ք դրանք այն համայնքներն են, որտեղ միշտ կարկտահարության վտանգը կա։ Հուսամ՝ Արմավիրի ու Շիրակի մարզերն են ընտրել, Թալինն էլ՝ հետը, որովհետև վտանգն այնտեղ է։
Սա գիտություն է, պետք է ուսումնասիրեն, հասկանան»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Հրաչ Բերբերյանը։
Ըստ մեր զրուցակցի, կարկտապաշտպան ցանցերը մոտ 15 տարի կծառայեն գյուղացուն, եթե, իհարկե, Կառավարությունը գնի ոչ թե էժանը, այլ՝ որակյալը։
«Եթե չեմ սխալվում, Վանաձորում կարկտապաշտպան ցանցեր կան, կարող են այնտեղից գնել, բայց այնպես չլինի՝ էժան գնեն, բերեն գյուղացու վրա թանկ վաճառեն։ Այո, կա մտավախություն, որ այդ ցանցերը կարող են շատ թանկացնել ու բարդել գյուղացու գլխին։ Սրանք գնացել էին ինչ-որ «չնթռլո» կազմակերպություններից սելիտրա էին բերել ու վաճառում էին գյուղացուն, կյանքում նման սելիտրա տեսած չկայի, դրա համար եմ ասում, նույնը հիմա չանեն»,- շեշտեց Հրաչ Բերբերյանը։
Այս համատեքստում նա հիշեցրեց, որ ցորենի սերմացուի ծրագիրը ևս Կառավարությունը ձախողել է, քանի որ պատահական մարդկանց մտցրեցին այդ բիզնեսի մեջ:
«Թող գոնե լավ խորհրդատուներ խնդրեն, որպեսզի հետո փաստի առաջ չկանգնեցնեն գյուղացուն։ Գյուղատնտեսությունն այնպես չէ, որ ծառը տնկեցիր՝ պետք է մոռանաս, հետո գնաս բերքը հավաքելու, ծառը պետք է տնկես ու հետևես, խնամես, այսինքն՝ հետևողական աշխատանք է պետք։ Իսկ այդ աշխատանքն Էկոնոմիկայի նախարարությունը չի կարող տանել, դրա համար այս երկրում պետք է վերականգնվի Գյուղատնտեսության նախարարությունը։ Ասել եմ ու կասեմ՝ Նիկոլ Փաշինյանի ամենամեծ ձախողումներից մեկը եղել է Գյուղատնտեսության նախարարության փակումը, նրա մեծ սխալն է, որ այսօր մեր տնտեսությունն այս վիճակում է»,- եզրափակեց Հրաչ Բերբերյանը։