Ո՞վ է Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթում ՍԴ-ն կրծքով պաշտպանող իրավագետը

Սեպտեմբերի 26-ին Սահմանադրական դատարանը (ՍԴ) որոշեց`2024 թվականի օգոստոսի 30-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:

Այս խայտառակ, մեր պետության իրավական հիմքերն ապամոնտաժող որոշումը բնականորեն ու ակնկալելի կերպով դարձավ սուր քնննադատությունների թիրախ:

168.am-ը ևս մի քանի հրապարակմամբ անդրադարձել էր մեր պետության համար բախտորոշ նշանակություն ունեցող որոշմանն ու այն կայացնողներին, արձանագրել, որ ՀՀ Սահմանադրական դատարանում կան քաղաքականացված դատավորներ, ովքեր կատարել են քաղաքական իշխանության հրահանգը, նշել էինք այն մոտիվները, որոնք դատավորներից յուրաքանչյուրին կարող էին ստիպել կամ դրդել կայացնելու նման սարսափելի որոշում:

Ըստ էության չենք խորշել փաստել նաև, որ ՍԴ-ում որոշումները կայացվում են Նիկոլ Փաշինյանի քիմքին համապատասխան, եթե վերջինս այս կամ այն փաստաթղթի սահմանադրականության որոշման վերաբերյալ հետաքրքրություն ունի, և դրա հիմքերը դրվել են դեռ ՍԴ տարեդարձի օրը նրա հայտնի ելույթի ու ՍԴ նախագահ Արման Դիլանյանի արձագանքի մեջ, երբ հայտարարվեց, որ ՍԴ-ն այսուհետ կարող է Սահմանադրությունը մեկնաբանել այնպես, ինչպես ուզում է:

Կարդացեք նաև

Այդպես էլ արեցին, և արդյունքում՝ ոչ թե Կանոնակարգը համապատասխանեց Սահմանադրությանը, այլ Սահմանադրությունը համապատասխանեցրին Կանոնակարգին՝ փաստացի առոչինչ ճանաչելով ՀՀ Անկախության հռչակագիրը:

Հռչակագիրը վերածվելու է «զավակին խժռող ծնողի», եթե ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական և իրավական Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ուղղակիորեն ամրագրված շրջանակից դուրս մեկնաբանվի։

Նման ձևակերպմամբ էր Նիկոլ Փաշինյանի Սահմանադրական դատարանն անդրադարձել Անկախության հռչակագրի դրույթին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգի սահմանադրականության վերաբերյալ որոշման ամբողջական տեքստում։

«Սահմանադրական դատարանը եզրահանգում է, որ Սահմանադրության նախաբանում «հիմք ընդունելով Անկախության հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները» դրույթը չի վերաբերում որևէ սկզբունքի կամ նպատակի, որն ամրագրված չէ Սահմանադրությամբ:

Սահմանադրական դատարանի այս եզրահանգումն այլևս վերացնում է Հռչակագրի նախաբանում ամրագրված «հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա» դրույթի վերաբերյալ՝ սույն որոշման 2-րդ կետում նշված հարցի լուծման համար հետագա քննության անհրաժեշտությունը»,- նշվում էր ՍԴ որոշման մեջ։

Եվ ՍԴ միայն մեկ դատավոր՝ Հրայր Թովմասյանն էր տարբերվող հատուկ կարծիք գրել, որում մասնավորապես ասել էր, որ ՍԴ-ն նախ իրավասու չէր այս դիմումը վարույթ ընդունել ու քննել, իսկ ինչ վերաբերում է Սահմանադրության նախաբանին, իր համար անընդունելի և իրավաբանորեն դժվար վերծանելի պատճառաբանություններով Սահմանադրական դատարանն արժեզրկել է Հայաստանի անկախության մասին հռչակագրի նորմատիվային նշանակությունը:

«Սահմանադրական դատարանի մեծամասնությունը Հայաստանի անկախության մասին հռչակագրի հետ կապված «սահմանադրական երկիշխանության» վտանգ է տեսնում և կարծում է, որ այդ «երկիշխանությունը» Հռչակագիրը վերածելու է «զավակին խժռող ծնողի»։

Գտնում եմ, որ Սահմանադրական դատարանի որոշումներին բնութագրական չեն այդբովանդակ դարձվածքների կիրառումը: Եթե ՍԴՈ-1749 որոշմամբ ընդունված մոտեցումը դա է, ապա իմ հակադարձումը այդ ոճով հետևյալն է. Սահմանադրական դատարանի որևէ կազմ, որևէ ժամանակահատվածում իրավասու չէ «խժռել» Հայաստանի անկախության մասին հռչակագիրը»,- ասված է Թովմասյանի ներկայացրած հատուկ կարծիքի մեջ:

ՍԴ-ն, սակայն, ավելի լավ լուծում չգտավ իր ուղղությամբ արձակված արդարամիտ սլաքներին հակադարձելու, օրինակ, իրավական հիմնավորումներով, ու տարածեց մի մուննաթախառը հայտարարություն, որն ավելի շատ հիշեցնում էր նեղացած կնոջ մեսիջ՝ ուղղված իր տղամարդուն:

Վերջում էլ սպառնացել էին, թե շարունակվելու դեպքում դրանք պետք է արժանանան իրավական գնահատականի:

Թվում էր, թե թեման սրանով կսպառվի, բայց բանից պարզվում է, որ ՍԴ աշխատակիցները նույնպես լծված են ՍԴ-ն կրծքով պաշտպանելու սուրբ գործին:

Այսպես, հոկտեմբերի 22-ին Նիկոլ Փաշինյանի ընտանեկան «Հայկական ժամանակ»-ում լույս տեսավ իրավագետ Արտաշես Խալաթյանի հետ հարցազրույցը, որում վերջինս իրավապահ մարմինների ուշադրությունն էր հրավիրում «Սրբազան շարժման» վրա՝ նշելով, որ «դրա տարրերը Հայաստանի դեմ վարվող հիբրիդային պատերազմի դրսևորում են, որի թիրախը պետական ինստիտուտներն են»:

Ուշագրավ է, որ Արտաշես Խալաթյանը հիշեցնում է ՀՀ քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասը, որով հստակ քրեական պատասխանատվություն է նախատեսվում դատավորի պատիվը, արժանապատվությունը նվաստացնող, կամ նրա իրավունքները և օրինական շահերը նսեմացնող տեղեկատվության տարածման համար, ընդհուպ՝ մինչև ազատազրկում, բայց մոռանում է հիշել, որ իր երբեմնի կամ գուցե ներկայիս շեֆը՝ Ստյոպա Սաֆարյանը, դատավորներին արատավորելու հսկայական փորձ ու հրապարակված տեքստային նյութեր ու տեսանյութեր ունի:

Նկատենք, որ Արտաշես Խալաթյանը Ստյոպա Սաֆարյանի կազմակերպության՝ ՄԱՀՀԻ փորձագետ է կամ էր…

«Տվյալ պարագայում մենք գործ ունենք հենց այս հոդվածով նկարագրված հանցակազմի հետ, որովհետև Սահմանադրական դատարանի դատավորների վերաբերյալ տարածվում են թռուցիկներ, փակցվում՝ լուսանկարներ նրանց պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող արտահայտություններով, նրանց անվանում են «իշխանության ծառա», «պետական դավաճան» և նման այլ որակավորումներ են տալիս: Ես ակնկալում եմ, որ իրավապահ համակարգը ընթացք կտա այս գործողություններին՝ քրեական վարույթ կնախաձեռնի: Սա ամենևին չի համարվում խոսքի ազատության դրսևորում, այլ իրականում հանցագործության սահմանները հատող գործողություններ ու վարքագիծ է, որը արդեն ոչ միայն հակաբարոյական, ոչ էթիկական գործողություններ են, այլ հստակ հակաիրավական՝ հանցավոր գործողություններ»,- կարծում է Խալաթյանը:

Իսկ ո՞վ է Արտաշես Խալաթյանը հիմա, ու ի՞նչ կապ ունի ՍԴ-ի հետ: Պարզվում է, որ վերջինս, ով նույն հարցարզույցի մեջ գովերգում է «թավշյա հեղափոխությունը, հիմա էլ Ստյոպա Սաֆարյանի քրոջ՝ ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի օգնականն է ՍԴ-ում:

Այսինքն՝ թեև օրենքով հիմա ՍԴ դատավորի պաշտոնը հայեցողական է ու քաղաքական զսպվածություն չի պարտադրում, սակայն, փաստորեն, ՍԴ-ում քաղաքականացված լինելը ու դրա հրապարակային դրսևորումները սովորական բան են ու նույնիսկ խրախուսվում են: Եվ եթե հաշվի ենք առնում՝ որտեղ են հրապարակվում Սեդա Սաֆարյանի օգնականի հարցազրույցները, ամեն բան իր տեղն է ընկնում:

ՍԴ-ում, փաստորեն, ամեն բան այնքան էլ լավ չէ, որ մնացել են Սաֆարյան ընտանիքի աշխատողների հույսին, բայց դա էլ նրանց ընտրությունն է:

Տեսանյութեր

Լրահոս