Կապի մեջ ենք Ստեփանակերտում մահացած անձի ընտանիքի հետ. Զառա Ամատունի

Հոկտեմբերի 23-ին հայտնի  դարձավ, որ Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում տարեց հայուհի է մահացել։ Նա այն քիչ հայերից է, որն Ադրբեջանի կողմից արցախահայերի բռնի տեղահանությունից հետո որոշել է մնալ Ստեփանակերտում։

Կնոջ մահվան մասին տեղեկատվությունը հայտնել էին ադրբեջանական լրատվամիջոցները՝ շեշտելով, որ կինը մահացել է հոկտեմբերի 20-ի առավոտյան: Ըստ նույն աղբյուրների, կինը մահացել է սուր թոք-սրտային անբավարարությունից թոքի զարկերակի թրոմբոզի պատճառով։

168.am-ի հետ զրույցում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին հաստատեց Ստեփանակերտում հայուհու մահվան մասին լուրը, դրա մասին Կարմիր խաչին տեղեկացրել են համապատասխան իշխանությունները։

«Մենք կապի մեջ ենք գտնվում այդ անձի ընտանիքի անդամների հետ, բնականաբար, որպես մարդասիրական միջնորդ կազմակերպություն՝ պատրաստակամ ենք աջակցել բոլոր հետագա քայլերում, որոնք կպահանջվեն ընտանիքի անդամների կողմից և կհամաձայնեցվեն համապատասխան իշխանությունների հետ»,- նշեց Զառա Ամատունին։

Կարդացեք նաև

Նա նաև փոխանցեց, որ մահացած անձի ընտանիքի անդամների հետ զրույցի մանրամասները կամ նրանց հայտնած տեղեկությունները հրապարակման ենթակա չեն։

«Թե ինչ ցանկությունն են հայտնել այդ անձի ընտանիքի անդամները, այս պահին նպատակահարմար չէ հանրայնացնել»,- եզրափակեց մեր զրուցակիցը։

Հիշեցնենք, որ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը հարձակվեց Արցախի և նրա խաղաղ բնակչության վրա, մի քանի օրերի ընթացքում, ցեղասպանության վտանգի տակ, Ադրբեջանն էթնիկ զտման և բռնի տեղահանության ենթարկեց արցախահայերին։

Նրա գործողությունների հետևանքով Արցախի տարբեր գյուղեր կտրվել էին իրարից, չկար կապի միջոց, ինչի հետևանքով շատ բնակիչներ չէին կարողացել դուրս գալ իրենց գյուղերից։ Այդ ամենի արդյունքում Ադրբեջանը կարողացավ գերեվարել շատ քաղաքացիական անձանց, որոշներին՝ սպանել, իսկ մյուսներին թույլ տալ, որպեսզի լքեն Արցախը։

Այս պահին մի քանի հոգի հայեր են մնացել օկուպացված Արցախում, որոնք այդպես էլ հնարավորություն չեն ունեցել դուրս գալու։ Ինչպես բազմիցս հայտարարել են իրավապաշտպանները, այդ մարդիկ Արցախում գրեթե գերու կարգավիճակում են Ադրբեջանի ձեռքին։

Տեսանյութեր

Լրահոս