Բաժիններ՝

Forbes-ը կազմել է նորագույն ժամանակաշրջանի 8 ամենաթանկարժեք հուղարկավորությունների ցանկը (լուսանկարներ)

Ամերիկյան Forbes պարբերականը կազմել է նորագույն ժամանակաշրջանի 8 ամենաթանկարժեք հուղարկավորությունների ցանկը: Դա կապված է այսօր կայացող Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Մարգարետ Թետչերի հուղարկավորության հետ, որը կարող է արժենալ 6-10 միլիոն ֆունտ-սթելինգ:

Այդ գումարի մի մասը պետք է ծախսվի «երկաթյա լեդիի» կուտակած գումարից, սակայն հիմնական ֆինանսական հարվածը հասցվել է բրիտանացի հարկատուներին, որոնք արդեն իսկ իրենց դժգոհությունն են հայտնել այդ կապակցությամբ:

Նորագույն ժամանակաշրջանի 8 ամենաթանկարժեք հուղարկավորությունները ներկայացնելիս Forbes-ը հաշվի է առել միայն այն ծախսերը, որոնց մասին հայտարարվել է հրապարակավ:

Առաջին տեղում 1989 թվականին Ճապոնիայի նախկին (1926-1989) կայսր Խիրոխիտոյի հուղարկավորությունն է: Այն արժեցել է 9.7 միլիարդ իեն (տվյալ ժամանակվա փոխարժեքով՝ 76.4 միլիոն դոլար, ներկայիս փոխարժեքով՝ 139.3 միլիոն դոլար): Ճապոնիայում թանկարժեք է ոչ միայն ապրելը, այլև՝ հուղարկավորվելը: Ծագող արևի երկրում հուղարկավորության արարողակարգը միջին հաշվով արժենում է ավելի քան 20.000 դոլար: Կայսր Խիրոխիտոյի միայն թաղման թափորը բաղկացած է եղել 70 ավտոմեքենայից, դրա ուղեկցման վրա ծախսվել է 24 միլիոն դոլար:

Խիրոխիտո

Երկրորդ տեղում ԱՄՆ նախկին (1961-1963) նախագահ Ջոն Քենեդիի հուղարկավորությունն է: 1963 թվականին իրականացված հուղարկավորությունն արժեցել է 4 միլիոն դոլար (ժամանակակից գներով՝ մոտ 30 միլիոն դոլար): Խորհրդավոր պայմաններում սպանված Քենեդուն հուղարկավորեցին նոյեմբերի 25-ին, Վաշինգտոնում: Մոտ մեկ միլիոն մարդ կանգնել էր Կապիտոլիումից Սպիտակ տուն ձգվող «հուղարկավորության երթուղու» երկայնքով: Նախագահի հուղարկավորության հեռարձակման օգտին իրենց ստանդարտ ծրագրերն ու գովազդները հեռարձակելուց հրաժարված հեռուստաալիքները կրեցին 40 միլիոն դոլարի վնաս (ներկայիս գներով՝ 300 միլիոն դոլար):

Քենեդի

Երրորդ տեղում Մեծ Բրիտանիայի նախկին (1936-1952) թագուհի Ելիզավետա Բոուզ-Լայոնի հուղարկավորությունն է: Այն տեղի է ունեցել 2002 թվականին և արժեցել է 5.9 միլիոն ֆունտ-սթեռլինգ (տվյալ ժամանակվա փոխարժեքով՝ 9 միլիոն դոլար) կամ էլ 8.2 միլիոն ֆունտ-սթեռլինգ (ներկայիս փոխարժեքով՝ 12.5 միլիոն դոլար): Քանի դեռ վերջնականապես չի հայտարարվել Մարգարետ Թետչերի այսօրվա հուղարկավորության արժեքը, բրիտանացիներն արդարացիորեն կարծում են, որ իրենց պետության ժամանակակից պատմության մեջ ամենաթանկարժեք հուղարկավորությունը 101 տարեկանում մահացած Ելիզավետա Բոուզ-Լայոնի հուղարկավորությունն է: Հենց այդ պատճառով էլ նրա հոգեհանգստի արարողության ժամանակ զանգերը ղողանջեցին 101 անգամ, ինչից հետո Մեծ Բրիտանիան 2 րոպեով թաղվեց լռության մեջ. անգամ չէին թռչում ինքնաթիռները:

Ելիզավետա

Չորրորդ տեղում արքայադուստր Դիանայի հուղարկավորությունն է: 1997 թվականին իրականացված այդ հուղարկավորությունն արժեցել է 5 միլիոն ֆունտ-սթեռլինգ (տվյալ ժամանակվա փոխարժեքով՝ 7.67 միլիոն դոլար) կամ էլ 7.7 միլիոն ֆունտ-սթեռլինգ (ներկայիս փոխարժեքով՝ 11.8 միլիոն դոլար): Դիանայի մահն աղետ դարձավ ոչ միայն պետական, այլև՝ համաշխարհային մասշտաբով: Նրա հուղարկավորության հեռարձակմանը հետևել է ավելի քան 2 միլիարդ մարդ:

Դիանա

Հինգերորդ տեղը զբաղեցրել է Հռոմի նախկին (1978-2005) պապ Հովհաննես Պողոս II-ը: Վերջինիս հուղարկավորել են 2005 թվականին, ինչն արժեցել է 7 միլիոն եվրո (տվյալ ժամանակվա փոխարժեքով՝ 9 միլիոն դոլար): Հովհաննես Պողոս II-ի հուղարկավորությունը դարձավ մարդկության պատմության ընթացքում ամենազանգվածային հուղարկավորություններից մեկը. Վատիկանի Սուրբ Պետրոս հրապարակում անցկացվող սգո պատարագին մասնակցել է 300.000 մարդ: Ընդհանուր առմամբ՝  Հռոմ էր ժամանել 4 միլիոն ուխտավոր՝ կապված Հռոմի պապի մահվան հետ: Այդ թվաքանակը կրկնակի գերազանցել է քաղաքի բնակչությանը:

Հռոմի պապ

Վեցերորդ տեղում Մեծ Բրիտանիայի նախկին (1940-1945, 1951-1955) վարչապետ, սըր Ուինսթոն Չերչիլի հուղարկավորությունն է (1965 թվական): Այն արժեցել է 168.000 ֆունտ-սթեռլինգ (ներկայիս փոխարժեքով՝ 2.7 միլիոն ֆունտ-սթեռլինգ):  Երրորդ հազարամյակի սկզբին BBC-ն հարցախույզ էր անցկացրել բրիտանացիների շրջանում՝ պարզելու համար ազգի մեծագույն ներկայացուցիչներին: Դրա արդյունքում ընտրվել էր 100 մարդ. մեծ տարբերությամբ հաղթել էր Ուինսթոն Չերչիլը: Նրա մահվանից հետո թագուհի Ելիզավետա II-ը կարգադրել է  կազմակերպել պետական հուղարկավորություն:

Չերչիլ

Յոթերորդ տեղում ԱՄՆ նախկին (1981-1989) նախագահ Ռոնալդ Ռեյգանի հուղարկավորությունն է: 2004 թվականին մահացած Ռեյգանի հուղարկավորությունն արժեցել է 2.3 միլիոն դոլար: Ռեյգանը մահացել է 93 տարեկան հասակում՝ դրանով իսկ սահմանելով յուրօրինակ ռեկորդ ԱՄՆ նախագահների շրջանում: Ռեյգանին հուղարկավորել են Կալիֆոռնիայում:

Ռեյգան

Նորագույն պատմության 8 ամենաթանկարժեք հուղարկավորությունների ցանկը եզրափակում է Մայքլ Ջեքսոնի հուղարկավորությունը: 2009 թվականին նրա հուղարկավորության վրա ծախսվել է 1 միլիոն դոլար: Դեռևս 1990-ական թվականների սկզբին Մայքլ Ջեքսոնը կատակել էր, որ եթե լիներ իր կամքով, ապա իր հուղարկավորությունը կվերածեր վիթխարի շոուի: Հուղարկավորության օրը երաժշտին հագցրել էին 35.000 դոլարանոց կոստյում, իսկ դահլիճը զարդարել էին 16.000 դոլար ընդհանուր արժողությամբ ծաղիկներով:

Ջեքսոն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս