Հայկականության անտեսանելի խնդիրը․ ցանկապատի կառուցում՝ սահմանազատման փոխարեն
Երեկ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում քննարկվում էր Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը վավերացնելու նախագիծը, որն արդեն իսկ Սահմանադրական դատարանը ճանաչել է որպես Սահմանադրությանը համապատասխանող։
ԱԺ-ի հանձնաժողովում, ապա լիագումար նիստում այս հարցի քննարկումներն օգտակար են այնքանով, որքանով։ Իշխանությունը որոշել է, որ Ադրբեջանի հետ սահմանազատումը Հայաստանի անվտանգության թիվ մեկ երաշխիքն է, և, որ դրան պետք է հասնել ցանկացած գնով, ինչն էլ և տեղի է ունենում գործնականում։ Ինչպես ՍԴ-ի արդեն իսկ տեղի ունեցած, այնպես էլ՝ իշխող ՔՊ-ի կողմից սպասվող վավերացումը, մեծ հաշվով, տեխնիկական գործընթացներ են, որոնք սպասարկում են իշխանության քաղաքական որոշումը։ Ընդդիմությունը՝ հասկանալի և անհասկանալի պատճառներով, դա կանխելու հնարավորություն գործնականում չունի։ Բայց անգամ դա, զարգացումներն ավելի լայն համապատկերում քննարկելու դեպքում, տեխնիկական խնդիր է։
Հայաստանում ու Հայաստանի հետ տեղի է ունենում խորքային գործընթաց, որը, ըստ էության, անխուսափելի պետք է լիներ նման պայմաններում հայտնված ցանկացած պետության համար։ 44-օրյա պատերազմում կրած կործանարար պարտությունից հետո Հայաստանը, ինչպես նման պայմաններում գտնվող ցանկացած երկիր, հայտնվել է խորագույն ճգնաժամում, որը հաղթահարելու համար անխուսափելիորեն անհրաժեշտ է, այդ թվում՝ նախկին փորձառության, գաղափարների, արժեքների, ինստիտուտների, մտածողության, քաղաքականության վերարժևորում, և եթե պետք է՝ փոփոխություն։ Բայց փոխել՝ չի նշանակում վերացնել, մինչդեռ Հայաստանում տեղի ունեցողը լայն իմաստով ոչ թե փոփոխություն է, այլ զրոյացում։
Իսկ դրա հետ հայ-ադրբեջանական սահմանազատումը կապ ունի այնքանով, որ այդ գործընթացը, դրա՝ Հայաստանի շահերը հաշվի չառնող իրականացումը հետևանք է շատ ավելի կարևոր սահմանազատման բացակայության, որը պատերազմից հետո Հայաստանում պետք է տեղի ունենար, բայց տեղի չի ունեցել։
Հայաստանի իշխանությունը գաղափարական, քարոզչական հարթությունում այսօր զբաղված է հայկական ինքնության, արժեքների, գաղափարաբանության լկտի ոտնահարմամբ, որի նպատակը ոչ թե նախկինի ժառանգության վերարժևորումն ու վերափոխումն է, այլ լրիվ նորի առաջացումը։ Խնդիրն ամենևին այն չէ, որ ինքնությունը կամ վերնյութական այլ հասկացություններ անփոփոխելի են, չեն կարող վերատեսության ենթարկվել։ Հակառակը՝ կյանքի ու ժամանակի պահանջով դրանց վերարժևորումը կենսականորեն անհրաժեշտ է։ Բայց դա չի կարող վերաբերել ինքնության բոլոր բաղադրիչներին ու դրա մասը կազմող բոլոր արժեքներին։
Տարբեր ներքին և արտաքին գործոնների ազդեցությամբ ճգնաժամային իրավիճակներում հայտնված երկրների պակաս աշխարհում չկա։ Բայց այդ երկրների այն մասը, որոնց հաջողվել է ճգնաժամը հաղթահարել և դառնալ զարգացող պետություններ, իրենց ինքնության և արժեքների հետ շատ զգուշորեն են վարվել՝ վերափոխել են միայն կարելիները՝ դրանից առաջ հստակորեն արձանագրելով այն արժեքները, գաղափարները կամ ինստիտուտները, որոնք՝ որպես իրենց հասարակությունների հավաքական կոնսենսուս՝ անսակարկելի ու անփոփոխելի են։
Ամերիկացի գիտնական Ջարեդ Դայմոնդն իր հայտնի Upheaval/Ճգնաժամ աշխատությունում՝ ուսումնասիրելով ճգնաժամեր ապրած 6 երկրների փորձը, անդրադառնում է ճգնաժամերի հաղթահարման ճանապարհին այդ երկրների իշխանությունների՝ ինքնությանը վերաբերող հարցերը փոխելու կամ վերանայելու քաղաքականություններին։ Յուրաքանչյուր երկրում դրանք տարբեր դրսևորումներ են ունեցել, բայց որպես բոլորի համար անհրաժեշտ պայման, գիտնականը, ի թիվս ճգնաժամը հաղթահարելու այլ պարտադիր գործոնների, նշում է՝ «ցանկապատի կառուցումը»։
Ցանկապատն այս դեպքում փոխաբերություն է և նշանակում է, որ ազգի անցյալին, պատմությանը, ինքնությանը, արժեքներին, ավանդական ինստիտուտներին վերաբերող որևէ քաղաքականություն իրականացնելուց առաջ նախ պետք է «ցանկապատ կառուցել»՝ դրա ներսում թողնելով անսակարկելի, անքննարկելի արժեքները, և միայն դրանից դուրս գտնվողները ենթարկել «ընտրովի փոփոխության»։ Մի երկրի դեպքում ցանկապատի ներսում լեզուն է, հավատքը, կրոնական ինստիտուտները, մյուսի պարագայում՝ նախնիների պատգամը, դրանց վրա հիմնված հանրային կառույցները, երրորդի համար՝ տարածքի պահպանումը կամ նոր տարածքների նվաճումը, և այդպես շարունակ։ Խնդիրը տվյալ դեպքում այնքան ցանկապատից ներս գտնվող բաղադրիչներն ու քանակը չէ, այլ ցանկապատի առկայությունն ինքնին։
Հաաստանում այսօր տեղի ունեցող գործընթացները ցույց են տալիս, որ իշխանությունը՝ ձեռնամուխ լինելով, ընդհանուր առմամբ, ինքնության փոփոխությանը, ոչ միայն դրանից առաջ որևէ ցանկապատ չի կառուցել ու դրանից ներս չի թողել անսակարկելի, անձեռնմխելի արժեքներ, այլ նույն իշխանության ֆետիշացման լեզվով՝ ասֆալտապատել է բոլոր այն ցանկապատերը, որոնք կարող են պատնեշ դառնալ հայկականության բաղադրիչներից որևէ մեկի անձեռնմխելիության համար։ Նաև, իսկ գուցե առավելապես դա է պատճառը, որ իշխանությունը որևէ արգելք չունի «նոր Հայաստանի», «նոր քաղաքացու» կերտման ճանապարհին, և կախված կոնյունկտուրայից, ոտնձգում է գործնականում բոլոր արժեքները՝ պատմական հիշողությունից մինչև հավատ ու եկեղեցի, ընտանեկան ավանդույթներից մինչև ազգային ոգեղենության բազմաթիվ բաղադրիչներ։
Գործնականում, թերևս, միայն հայոց լեզուն է, որին դեռևս չի հասել իշխանությունը, բայց դատելով մնացյալ արժեքներն ըստ նպատակահարմարության ոչնչացնելու մոլուցքից, բացառված չէ նաև լեզվի դեմ ասպատակությունը, երբ դրա կարիքը կլինի։ Քննարկվող համատեքստում սակայն խնդիրն ինքնության այս կամ այն տարրի, ոտնձգության ենթարկվող այս կամ այն կառույցի բովանդակությունը չէ, այլ իշխանությունների կողմից վերատեսության ենթարկման հայեցակարգային խեղումը՝ ցանկապատի չգոյությունը և անքննելի ու անսակարկելի հասկացությունների բացակայությունը։
Ձևականորեն, իհարկե, այդ խնդիրը փորձ է արվում լուծել «ինքնիշխանությունը, «անկախությունը», «ազատությունը» որպես այդպիսի արժեքներ ներկայացնելով, որոնք, մակերեսային դիտարկման դեպքում, կարելի է համարել որպես ցանկապատից ներս գտնվող արժեքներ։ Իրականում, սակայն, դա խաբկանք է, քանի որ, եթե անգամ ինքնիշխանությունն ու անկախությունը, դրանց գումարած՝ նաև ազատությունն ու երջանկությունը ներկայանում են՝ որպես անսակարկելի արժեքներ, առանց վերը թվարկված արժեքների ու հաստատությունների, իմա՝ առանց ինքնության կամ դրանց սակարկման դեպքում, դրանք դառնում են անիմաստ ու ինքնանպատակ։ Եթե ավելի պարզ՝ ինքնիշխանությունը՝ առանց պատմական հիշողության, կամ անկախությունը՝ առանց ազգային իղձերի ու նպատակների, վերածվում են սոսկ օպերատիվ, կենսագործունեության ապահովման ընդհուպ տեխնիկական միջոցների, որոնք որևէ աղերս չունեն իրական ինքնիշխանության և անկախության բովանդակության հետ։
Հայաստանը գտնվում է չբարձրաձայնվող, արհամարհվող ճգնաժամում։ Դա հաղթահարելու համար, ի թիվս այլ անելիքների, գուցե առաջին հերթին՝ անհրաժեշտ է բազմաթիվ գաղափարների, հատկապես՝ կաղապարների, մտածողության, աշխարհայացքի և էլի շատ հասկացությունների վերարժևորում։ Սակայն դա անելուց առաջ, կենսականորեն կարևոր է «ցանկապատի կառուցումը» կամ ներքին սահմանազատումը, որի դեպքում՝ ամրագրելով անսակարկելի արժեքներն ու կառուցակարգերը, արտաքին սահմանազատումը կարող է սպասարկել ցանկապատից/սահմանից ներս գտնվող ամենայնի շահերի սպասարկմանը, և ոչ թե՝ հակառակը, ինչը տեղի է ունենում այսօր։
Այդ մասին ոչ Սահմանադրական դատարանի, ոչ էլ խորհրդարանական լսումների ժամանակ, բնականաբար, չի քննարկվում։ Այն դեպքում, երբ հենց ներքին ցանկապատի բացակայությունը կամ նորը կառուցելու փոխարեն եղածի զրոյացումն է բացում արտաքին սահմանները բոլորի առաջ՝ նպաստելով բոլորի, առաջին հերթին՝ թշնամիների սեփական «ցանկապատից» ներս գտնվող անսակարկելի արժեքների ամրապնդմանը։
Հայկական իրականության գրոտեսկը նաև այն է, որ այդ՝ ոչ նյութական ցանկապատի կառուցման փոխարեն, իշխանությունն արդեն որերորդ անգամ ամրացրել է Ազգային ժողովի ու մնացած պետական շինությունների ցանկապատերը՝ ամեն անգամ դրանք զոդելիս՝ հալեցնել-սակարկելի դարձնելով այն ամենը, ինչն ամեն օր կոխկրտվում է հայկական պետականության անցանկապատ հարթավայրում։
Հարություն Ավետիսյան