Ստամբուլում «3+3»-ը կքննարկի Հայաստան-Ադրբեջան ապաշրջափակման թեման ու դրա շուրջ ՌԴ-ՀՀ-Իրան տարաձայնությունները․ վերլուծաբան

Վաղը Ստամբուլում կկայանա ռեգիոնալ «3+3» խորհրդատվական հարթակի հերթական հանդիպումը։ ՀՀ ԱԳՆ-ն նախօրեին հաստատեց, որ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը մասնակցելու է հանդիպմանը, որը կայանալու է հոկտեմբերի 18-ին Ստամբուլում։ Այս հանդիպման մասին վերջին ամիսներին ազդարարել էր թե ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանին, թե ՌԴ փոխարտգործնախարարը։

«3+3» խորհրդակցական հարթակի առաջին նիստն անցկացվել է 2021 թվականի դեկտեմբերին։ Այդ ժամանակ նիստին մասնակցել էին Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների տեղակալները։ Վրաստանը հրաժարվել էր մասնակցել հանդիպմանը։ Հարթակի երկրորդ նիստը (արտգործնախարարների մակարդակով) կայացել է 2023 թվականի հոկտեմբերին Իրանի մայրաքաղաք Թեհրանում։ Վրաստանը չի մասնակցել նաև հարթակի երկրորդ նիստին։ Սակայն ռեգիոնալ երկրները հուսով են, որ Վրաստանն այնուամենայնիվ կմիանա հնգյակին։

Նախօրեին ամենշաբաթյա բրիֆինգի ընթացքում, անդրադառնալով Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի քաղաքականությանը, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասաց, որ ԵՄ-ն ու ՆԱՏՕ-ն Հարավային Կովկասում են արդեն կործանարար քաղաքականություն վարում։

«Որտեղ էլ հայտնվում է այդ ագրեսիվ դաշինքը, գծվում են նոր բաժանարար գծեր, պարտադրվում է առճակատման օրակարգ, և ամենակոպիտ ձևով տեղի է ունենում միջամտություն ինքնիշխան երկրների ներքին գործերին»,- շեշտել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Կարդացեք նաև

Ըստ Զախարովայի՝ ռուսական կողմը ելնում է նրանից, որ այս տարածաշրջանում որոշումները պետք է ընդունեն տարածաշրջանի երկրները։

«Ուրբաթ անցկացվելիք ձևաչափով հանդիպումը Թուրքիայում` դրա հնարավորության հիանալի հաստատումն է։ Կան նաև համապատասխան երկկողմ և բազմակողմ մեխանիզմներ։ Այդ ամենը պետք է տեղի ունենա առանց արտաքին միջամտության։ Այս դիրքորոշումը մենք փոխանցում ենք և՛ Բաքվին, և՛ Երևանին։ Ինձ թվում է՝ մեզ լսում են ու հասկանում։ Ուրիշ բան, որ, իհարկե, ես քաջ գիտակցում եմ, որ բավականին դժվար է հակաճառել Արևմուտքին, եթե դու գոնե մեկ անգամ ցույց ես տվել զիջողականությունդ և անկախությունդ դրել խաղադրույքի վրա»,- հավելել էր նա։

ՌԴ-ն, Թուրքիան, Իրանը «3+3» հարթակի ձևաչափը դիտարկում է՝ որպես Հարավային Կովկասում կայուն խաղաղության և կայունության հասնելու տարածաշրջանային խմբերի ջանքերը համակարգելու արդյունավետ մեխանիզմ, ինչպես նաև առևտրատնտեսական, տրանսպորտի, լոգիստիկայի, մշակութային և հումանիտար ոլորտներում փոխշահավետ համագործակցությունը խթանելու հնարավորություն։

168.am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Կոնստանտին Սիմոնովն ասաց, որ ռեգիոնալ հարթակի այս հանդիպումը տեղի է ունենում այնպիսի ժամանակահատվածում, երբ մասնակից բոլոր երկրները հասկանում են, որ ռեգիոնալ այս հարթակում համագործակցությանն այլընտրանք չկա։

Բացի այդ, նրա խոսքով, հասունացել են հարցեր, որոնք պետք է քննարկվեն այս ձևաչափով։ Ըստ Սիմոնովի՝ ի թիվս այլ հարցերի, միանշանակորեն քննարկվելու է ռեգիոնալ ապաշրջափակման թեման։

«Սա լավ հնարավորություն է, որպեսզի բոլորը մեկ տեղում միասին շարունակեն քննարկումները։ Ինչպես գիտենք, Իրանը դեմ է այնպիսի ճանապարհների, որոնք խախտում են երկրների տարածքային ամբողջականությունը, ՌԴ-ն իր հերթին՝ առաջ է մղում եռակողմ հայտարարությամբ նախատեսված ճանապարհը, Ադրբեջանը խոսում էր միջանցքի մասին, ներկայումս պահանջում է ճանապարհը, սակայն ակտիվ չի կիրառում «միջանցք» եզրույթը, Հայաստանը դեմ է միջանցքին, ինչպես նաև ռուս սահմանապահների ներկայությանը հնարավոր ճանապարհի վրա՝ առաջարկելով այլ մեխանիզմ։ Կարծում եմ, այս դիրքորոշումները բանակցելու հնարավորություն են տալիս, ռեգիոնալ կոնսենսուս պետք է ձևավորվի։ Ուստի այս ձևաչափը լավ հնարավորություն է տալիս քննարկելու այս բարդ հարցերը՝ մոտեցնելով դիրքորոշումները, հատկապես, երբ ռեգիոնալ մեծ երկրները հասկանում են, որ Արևմուտքը չպետք է մասնակցի այս ամենին։ Եվ այս հարթակն ուղղված է հենց այդ նպատակին, որպեսզի ռեգիոնալ հարցերը ռեգիոնալ տիրույթում լուծվեն կոնսենսուսով և հնարավորություն չտան Արևմուտքին ներթափանցելու ռեգիոն»,- նման կարծիք հայտնեց Կոնստանտին Սիմոնովը։

Վերլուծաբանը գտնում է, որ այս հարթակում քննարկումները շարունակվելու են։

«Մենք գիտենք, որ առանձին՝ երկկողմ ձևաչափերով ապաշրջափակման թեման քննարկվում է վերջերս ՌԴ-Իրան, ՌԴ-Ադրբեջան, ՌԴ-Հայաստան, ՀՀ-Իրան ձևաչափերում, ուստի ժամանակն է, որպեսզի այս ամենն ամփոփվի մեկ որոշմամբ»,- նման կարծիք հայտնեց Սիմոնովը։

Նա չի գտնում, որ այստեղ վերջնական որոշումներ պետք է կայացվեն, սակայն այս հարթակը տալիս է հնարավորություն քննարկելու, որոշակի ամփոփումներ անելու։

«Սա պարզապես հեշտացնելու է վերջնական որոշումների կայացումը, ինչպես նաև մեղմելու է առկա տարաձայնությունները։ Ինչպես կանխատեսում էինք, ժամանակի ընթացքում այս հարթակն ամրապնդվելու, ընդլայնելու է իր խորհրդատվական մանդատը։ Կարծում եմ՝ Վրաստանում սպասվող ընտրություններից և Վրաստանի որոշումներից այս հարթակի ուղղությամբ ևս շատ բան է կախված»,- ասաց նա։

Նրա կարծիքով, կքննարկվի նաև Արևմուտքի՝ ԵՄ-ի, ՆԱՏՕ-ի ակտիվությունը, ներկայությունը Հարավային Կովկասում թուլացնելու հարցը։

«Այս հարցի շուրջ մեծամասնությունը, բացի Երևանից, ունեն կոնսենսուս, ուստի այս հարցը, այդ թվում՝ ԵՄ դիտորդների ներկայությունը ՀՀ-ում, միանշանակորեն կքննարկվի»,- նկատեց Կոնստանտին Սիմոնովը։

Տեսանյութեր

Լրահոս