Ինչո՞ւ էր 19-րդ դարի առաջին կեսին Երևանում մնացել մոտ 20.000 հայ
Երևանն իր գոյության հազարամյակների ընթացքում անցել է մեծ փորձությունների միջով: Յուրաքանչյուր դարաշրջան իր հետ բերել է նոր մարտահրավերներ, նոր թշնամիներ, նոր կոտորածներ ու ավերածություններ: Սակայն այդ ամենին դիմադրելով՝ Երևանը հասել է 21-րդ դար և համարվում է Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքը:
Այդ ամենի հետ մեկտեղ՝ հարկ է նշել, որ պատմական յուրաքանչյուր բարդ էտապում Երևանը հրի ու սրի է մատնվել թշնամիների կողմից: Երևանն ու քաղաքի շրջակա բնակավայրերը հատկապես ծանր հարվածներ են ստացել 17-18-րդ դարերում:
1736 թվականի Նադիր Շահն Օսմանյան կայսրությունից նվաճում է Հայաստանը և ստեղծում Երևանի խանությունը: Խանությունը ստեղծվում է 1747 թվականին՝ որպես կիսաանկախ իշխանապետություն: Խանության տարածքը կազմում է մոտ 20 հազար կիլոմետր քառակուսի: Խանությունը գործում է մինչև 1827 թվականը՝ ռուս-պարսկական պատերազմը:
Դեռևս Շահ Աբբասի ժամանակաշրջանում՝ 17-րդ դարում, մոտ 300 հազար հայեր բռնի տեղահանվում են իրենց հայրենիքից և տներից: Արդյունքում՝ Երևանում և նրա շրջակայքում բնակություն են հաստատում թյուրքական ցեղերը, քրդերը, պարսիկները և օտարազգի այլ մահմեդականներ, ովքեր կարճ ժամանակում արագ աճելով՝ կարողանում են մեծ թիվ կազմել Երևանի նահանգում:
Երևանի խանության շրջանում քաղաքը ստանում է ծանր հարվածներ: Նախ՝ հարկ է խոսել քաղաքի վատ վիճակի, լքված տարածքների, գյուղերի ու աղքատության մասին: Այդ ամենի մասին արձանագրում էին նաև օտարազգի ճամփորդները, ովքեր գալով Երևան՝ քաղաքի բացառիկության հետ մեկտեղ՝ նշում էին նաև, թե ինչ ծայրահեղ ծանր վիճակի էին հասցրել հայերին արյունարբու մահմեդականները, որոնք առիթը չէին կորցնում հայերին կոտորելու, քաղաքն ավերելու և կենսական պայմանները ծանր վիճակի հասցնելու համար: Այդ շրջանի Երևանի մասին է գրել ֆրանսիացի ճանապարհորդ Ժան Շարդենը.
«Չկա ուրիշ անճոռնի բան, քան Երևանի ու Նախիջևանի խանությունների գյուղերի տեսքը: Հողով ծածկված փոսեր, որոնք տեղավորված են առանց որևէ կարգի և իրարից բաժանվում են աղբի գարշահոտ կույտերով կամ ոչ պակաս գարշահոտ լճակներով: Փոքրիկ ուղիներ, որոնք պտույտներ են անում տներ փոխարինող այդ փոսերի շուրջը կամ կտուրների վրայով՝ ահա գյուղի ընդհանուր տեսարանը: ….Իրենք՝ բնակիչներն ու նրանց ընտանիքներն ապրում են առանձին բաժանմունքներում, ուր հատակի մեջտեղ վառված կրակի մուխը լցնում է ամբողջ սենյակը, մինչև որ դուրս է գալիս կտուրի մեջ բացված ծակով, որ թե երդիկ է և թե լուսամուտ»,- գրել է Շարդենը: (Լեո, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ, Երևան, 1984, էջ 38):
Երևանի խանության, Երևան քաղաքի և խանության գյուղերի ծանր վիճակի մասին փաստում է հայ պատմիչ Լեոն:
Լեոն մանրամասն ներկայացնում է, թե դարեր շարունակ մահմեդականների կոտորածների, բռնի տեղահանման ու վայրագությունների հետևանքով որքան է պակասում Երևանի ու նրա շրջակայքի բնակչության թիվը: Լեոն ներկայացնում է հստակ թվեր, որոնք ցույց են տալիս պատմական ծանր ժամանակաշրջանը.
«19-րդ դարի առաջին քառորդում, երբ պարսկական իշխանությունը դեռ անսասան էր Արաքսի հովտում, Երևանի խանության մեջ կային 521 շեն ու մարդաբնակ և 310 ավերակ գյուղեր, ասել է՝ ավերակ գյուղերը շեն գյուղերի կեսից ավելի թիվն էին կազմում կամ թե յուրաքանչյուր 3 շեն գյուղին գալիս էր մոտավորապես 2 ավերակ գյուղ: Այսպես էր մորթվել երկրի բարօրությունը բռնությունների և վատ վարչության երեսից: ….Այսպես, ամբողջ Ապարանն իր 39 գյուղերով անմարդաբնակ էր: Ավերակ գյուղի մի պատկեր տալիս է մեզ Գուսանին, մի մեծ գյուղ, որ գտնվում էր բնականից առատապես օժտված և ջրառատ մի տեղում, բայց որ 18-րդ դարի վերջերում մարդկանց ահ ազդող մի ավերակ էր, ինչպես նկարագրում է ականատեսը. «Այս ամայացած տեղն այժմ ծածկված է պտղատու ծառերով: Մենք չվստահեցանք մոտ գնալ, վախեցանք, որ այնտեղ կարող էին պատահել թե ավազակներ և թե գազաններ: Վերջիններս գլխավորապես ավելի լինում են պտղաշատ տեղերում: Այս պտուղները ժողովողները միայն գազաններն են»: (Նույն տեղում՝ էջ 34):
Երևանի խանության հետ միասին, Լեոն ներկայացնում է նաև ծանր վիճակը Նախիջևանի խանությունում: Այնտեղ ևս հայերը կազմում էին փոքրամասնություն:
«Կյանքի սպառման, մշակույթի վայրենացման հետևանքով էր, որ Երևանի ամբողջ խանությունն ուներ 70 հազար ազգաբնակություն, որից 50 հազար մահմեդական և միայն 20 հազարը՝ հայ: Այսպիսով, հայությունը 2,5 անգամ փոքրաթիվ էր մահմեդականությունից, իսկ Երևան քաղաքում՝ նույնիսկ երեք անգամ (7300 մահմեդական և 2300 հայ): Նախիջևանի խանության մեջ հայերի փոքրամասնությունն ավելի նվազ էր՝ 5000 հոգի 20 հազար մահմեդականների դիմաց»: (Նույն տեղում՝ էջ 34):
Մահմեդականները՝ հաստատվելով, ապրելով մեր հայրենիքում, կազմելով նաև մեծամասնություն, կարճ ժամանակ անց հայկական բնակավայրերը սկսում են անվանել թուրքական, պարսկական անուններով, որով փորձում են լեզվական գերիշխանություն ևս հաստատել հայերի վրա: Երևանի խանությունում այս ծանր վիճակը շարունակվում է մինչև Երևանի բերդի ազատագրում՝ 1827 թվական: Ռուսական զորքերի կողմից Երևանի բերդի գրավման ժամանակ Երևանի խանությունում հայերի թիվը կազմում էր մոտ 23 հազար:
Զ. Շուշեցի