Դա այլ բան չէ, քան մի երկաթե օղակ հայ երկրի շուրջ. Գարեգին Նժդեհի 1924թ. կանխատեսումը՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին

1920 թվականի դեկտեմբերի 25-ին Տաթևի վանքում անցկացվեց համազանգեզուրյան առաջին համագումարը։ Այն որոշում կայացրեց ժամանակավորապես Զանգեզուրը հռչակել անկախ պետություն՝ մինչ կպարզվեր դրա միանալու հնարավորությունը Հայաստանի Հանրապետությանը։

Նորաստեղծ պետության զինվորական ղեկավարը դարձավ Գարեգին Նժդեհը։ 1921 թվականի ապրիլի 26-ին, կրկին Տաթևի վանքում, գումարվեց համազանգեզուրյան երկրորդ համագումարը, որի ընթացքում երկրամասը վերանվանվեց Լեռնահայաստան։

Նժդեհը նշանակվեց վարչապետ և արժանացավ «Խուստուփյան արծիվ» շքանշանին։ Համագումարի 95 անդամներից կազմվեց Լեռնահայաստանի խորհրդարանը։ Հետագայում Լեռնահայաստանը վերանվանվեց Հայաստանի Հանրապետություն, որի վարչապետ նշանակվեց Սիմոն Վրացյանը։ Սյունիքի պայքարը հայերի համար ազգային-ազատագրական շարժման արտահայտություն էր՝ ուղղված այն վտանգի դեմ, որ տարածաշրջանը կարող էր կցվել Ադրբեջանին։ Գարեգին Նժդեհի ղեկավարությամբ մղած հերոսական պայքարը մեծ պատմական արժեք ունի։ Հենց այդ դիմադրության շնորհիվ է, որ Սյունիքն այսօր մաս է կազմում Հայաստանի Հանրապետության։

Կարդացեք նաև

1924 թվականին Կահիրեի «Հուսաբեր» տպարանում տպագրվում է Գարեգին Նժդեհի «Էջեր իմ օրագրեն» կոթողային աշխատությունը: Գրքի «Մեր ապագան վտանգված» գլխում Նժդեհը ներկայացնում է ապագայում մեր առջև ծառացած խնդիրները, թե ի՞նչ մարտահրավերների առաջ ենք կանգնելու: Նժդեհը դիվանագիտական, ռազմական ու քաղաքական հանճարեղ տրամաբանությամբ ներկայացնում է այն ամենը, ինչի առաջ կանգնեցինք 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո և կանգնած ենք հիմա: Նժդեհը ներկայացնում է մերօրյա իրողությունները.

«Հանրածանոթ իրողություն է, որ ռուսական տիրապետությունից ազատվելու ցանկությամբ թաթար Ադրբեջանը երազել է և պիտի երազի մի օր տաջիկներին տեսնելու Անդրկովկասում: Ծանոթ իրողություն է և այն, որ Տաջկաստանը փորձել է և պիտի փորձի մի օր Ադրբեջանի և Դաղստանի իսլամությունը, ինչպես և Անդրկովկասի բնական ամրությունները դարձնելու պատնեշ Ռուսաստանի դեմ:

Ասել է՝ մեզ, մեր ժողովրդին վիճակված է մի օր կենաց ու մահու կռիվ մղելու համիսլամ երկրների՝ մեր վրայով իրար միանալու դեմ: Դժվարի՜ն պայքար: Բացեք քարտեզը և ձեր տեսողությունը սևեռեք այն փոքրիկ տարածության վրա, որը կազմում է այսօրվա Հայաստանը, Արարատյան դաշտի մի մասը և Սյունյաց երկիրը: Աչքի անցկացրեք այն գիծը, որը նրա արդի սահմաններն է կազմում: Տաջիկները Իգդիրում՝ Էջմիածնի պատերի տակ:

 

 

Թաթարը Շարուրում՝ Երևանի պատերի տակ: Նույնը Նախիջևան-Օրդուբադում՝ դարանամուտ Սյունիքի թիկունքում: Արևելքից էլ Ադրբեջանը: Տեսնո՞ւմ եք, դա այլ բան չէ, քան մի երկաթե օղակ հայ երկրի շուրջը: Կա մեր երկրի և ժողովրդի ինքնապաշտպանությունը դժվարացնող և մի այլ պարագա: Դիմեք քարտեզին, նա կպարզի ձեզ և այդ դժբախտ պարագան: Վտանգի դեպքում թշնամին ժամերի ընթացքում կբաժանե Ալեքսանդրապոլը Երևանից, իսկ վերջինը՝ Սյունիքից: Քարտեզը ցույց կտա ձեզ և հետևյալը,-մահմեդականության Արաքսի ափով Ադրբեջանին միանալու համար հարկավոր է 2-3 ժամ:

Նույնը մի այլ գծով՝ Սիսիանի վրայով կարող է միանալ Ադրբեջանին գրեթե նույնքան ժամանակի ընթացքում: Նույնը ժամերի ընթացքում կարող է անել և Կապանի վրայով: Սեղմ ասած արևելքի և արևմուտքի մահմեդականությունը ժամերի ընթացքում առնվազն յոթը տեղով կարող է զատել իրարից հայկական գավառակները և միանալ, իհարկե, հայ ժողովրդի վրայով»: (Գարեգին Նժդեհ «Էջեր իմ օրագրեն», Կահիրե, 1924, էջ 12-14):

Ներկայացնելով ապագայի մարտահրավերները, Նժդեհը ցույց է տալիս նաև, թե ինչպե՞ս պիտի պայքարենք այդ ամենի դեմ, ի՞նչ միջոցներով:

«Եթե Հայաստանի աշխարհագրական դժբախտ դիրքի և նրա փոքրիկ ծավալի հետ հաշվի առնեք նաև մեր ժողովրդի քանակը, նրա հատվածականությունը, նրա քաղաքական իդեալը, նրա և իր իսլամ փոխաբերությանց առանձնահատկությունը՝ ձեզ համար իր բովանդակ սպառազինությամբ կպարզվի մեր ժողովրդի վտանգված ապագան:

Ծանոթ վիճակի մեջ հայ ժողովուրդը իր արդի հոգեկան կառուցվածքով կարող է իր գոյությունը հրաշքով պահել: Այդ դրության մեջ վտանգված է նրա ապագան: Բայց և այնպես նա ուզում է ապրել որպես ազգ և պիտի՛ ապրի:

Բայց ինչպե՞ս, ի՞նչ տվյալներով: Չկորչելու համար, մեր դարը և մեր աշխարհագրական դիրքն ու ծանոթ դժբախտ պայմանները, որոնց մեջ ապրում է մեր ժողովուրդը, պահանջում են լինել ուժեղ, էլի՛ ուժեղ և մի՛շտ ուժեղ: Ապրե՞լ ենք ուզում՝ լինենք ուժեղ ազգովին»: (Նույն տեղում, էջ 14):

Տեսնելով մերօրյա իրողությունները, ցավալիորեն պետք է նշել, որ այս դեպքում Հայաստանի և հայ ազգի փրկության միակ ելքը մնացել է Նժդեհի առաջ քաշած այս տարբերակը.

«Ծանոթ վիճակի մեջ հայ ժողովուրդը իր արդի հոգեկան կառուցվածքով կարող է իր գոյությունը հրաշքով պահել»:

Եվ մենք շարունակում ենք ապրել հրաշքին սպասելով և հավատալով…

Զ. Շուշեցի

Տեսանյութեր

Լրահոս