Դավիթ Հարությունյանը ԲԴԽ-ին դրել է փակուղու առաջ. ստրուկների հնազանդությունն ու տիրոջ «շուստրիությունը»
Այն իրողությունը, որ Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահը սեր ունի կինոարվեստի հետ և սահմանադրական լուրջ առաքելություն ունեցող կառույցը վերածել է նկարահանման տաղավարի, հանրությունը տեսել ու տեսնում է, բայց որ ԲԴԽ անդամներին էլ կստիպեն կատակերգություն բեմադրել, այն էլ՝ Սահմանադրական դատարանի (ՍԴ) որոշման հիմքով ԲԴԽ որոշման վերանայման թեմայով, կարծես թե վկայում է Հայաստանում իրավաբանության և իրավունքի, ինչպես նաև «իրավաբան» կոչվող մասնագիտության սրընթաց վերացման մասին:
Սահմանադրական դատարանի որոշման հիմքով նախկին դատավոր Դավիթ Հարությունյանի լիազորությունները դադարեցնելու մասին որոշումը նոր հանգամանքով վերանայելու փոխարեն, ինչպես 168.am-ն արդեն իսկ առիթ ունեցել է շեշտադրել, ԲԴԽ-ն իր նախաձեռնությամբ իրականացնում է գործի բողոքարկման վարույթ`փորձելով խուսափել նախկին դատավոր Դավիթ Հարությունյանի նկատմամբ կայացված որոշումը ՍԴ որոշման հիմքով վերանայելու և գործի նոր քննություն իրականացնելու պարտականությունից:
Սահմանադրական դատարանի որոշման նոր հանգամանք լինելն ուղղակի ամրագրված է նույն որոշման եզրափակիչ մասում, իսկ որպես որոշման իրավական հիմնավորում՝ ՍԴ-ն հիշատակել էր նաև եվրոպական կոնվենցիայով երաշխավորված դիմողի արդար դատաքննության իրավունքի խախտման հանգամանքը:
Եվ ահա տեղի-անտեղի ՄԻԵԴ-ի վճիռներ վկայակոչող ԲԴԽ-ն նույն ՄԻԵԴ-ի բազմաթիվ որոշումներով «արդար դատաքննության» վերաբերյալ վճիռներով պարզաբանված կոնվենցիոն իրավունքի բովանդակությունը փոխարկել է պրիմիտիվ, դատարանում կողմին «հարց տալու» իրավունքի ու անհասկանալի ջանասիրությամբ անցել է դրա խախտման վերացմանը:
ԲԴԽ անդամ դատավորներն ու «գիտնական» անդամներն անտրտունջ, ստրկական հնազանդությամբ մասնակցում են մի սցենարի բեմադրությանը, որի հեղինակն առանձնակի ցինիզմով խուսափել է դրան մասնակից լինելու և հետևանքների համար պատասխանատվություն կրելու հետևանքներից` կողքից հետևելով կատակերգության ընթացքին:
Ինչևէ, նախկին դատավորը ԲԴԽ է ուղարկել մի հարցաշար՝ իրավական փակուղի ստեղծելով ԲԴԽ-ում այս հարցը քննող անդամների համար, քանի որ անհասկանալի է, թե ինչ վարույթի շրջանակներում և ում հետ է իրականացվելու ԲԴԽ ուղարկված հարցերի քննարկումն անհասկանալի թեմայի գրավոր քննության պայմաններում: ԲԴԽ-ի գոնե դատավոր անդամները, էլ չենք խոսում դատավոր դառնալու հավակնություն ունեցող գիտնական անդամների մասին, պետք է որ գոնե տեսած լինեն, թե ինչպես է իրականացվում դատավարությունը, և դա հարցազրույց չէ լրատվամիջոցի տաղավարում, հետևաբար՝ նոնսենս է նոր հանգամանքի հիմքով որոշման վերանայման վարույթը վերածել «հարց տալու» իրավունքի խախտման վերականգնման վարույթի:
Դատական ծառայողների նյութական ապահովվածության ողբալի վիճակի ֆոնին ԲԴԽ-ում նիստերի դահլիճի վերանորոգման ծախսերի հետ կապված ԲԴԽ նախագահը մի սրտաճմլիկ գրառում էր արել՝ ասելով.
«Այն դահլիճը, որտեղ «դատում են դատավորներին», պետք է լինի դատական բարձունքին արժանի, ինչպես բոլոր առաջադեմ երկրներում է, որտեղ նման բարձր ատյանների դահլիճները թանգարաններ են հիշեցնում: Խնդրում եմ չասել, որ նախ դատական համակարգը պետք է արդար լինի, նոր արժանանա նման միջավայրի: Գրեթե բոլոր զարգացած երկրներում եղել է հակառակ ուղին: Նախ հանրությունն է գիտակցել դատարանի վեհությունը, հետո է դատավորը վեհ դարձել:
Հայաստանի դատական համակարգը պետք է այս դահլիճի պես վերափոխվի: Դահլիճը պատրաստ է ամբողջությամբ, դատական համակարգը՝ 50-60 տոկոսով: Ներքին շատ պրոցեսներ են արդեն փոխվել: Արդյունքները մարդիկ կզգան մի քանի տարվա մեջ, եթե, իհարկե, ամեն ինչ նորից հետ չգլորվի հին ճահիճը…»:
Ինչ խոսք, գեղեցիկ է ասված, եթե դա գեթ աննշան աղերս ունենար իրականության հետ: Վստահաբար կարելի է ասել, որ դա միջոցների վատնում է եղել, որովհետև անկախ նիստերի դահլիճների դիզայնից՝ ԲԴԽ անդամների մոտ բան չի փոխվել, իսկ հնչեղություն ունեցող քրեական դատավարությունների ուղիղ հեռարձակումները վկայում են, որ եթե սա դատական համակարգի դեպի լավը փոփոխությունն է, ապա ավելի լավ է չշարունակեք և դադարեցնեք արդարադատության այլասերումը, այդ թվում՝ նաև խաթարված ձևերով դատավորների առաջխաղացման ցուցակների վեր ու վար անելը, որովհետև կարող է ավանդույթ դառնալ դատավորներին պատասխանատվության ենթարկելու տարաբնույթ մեխանիզմների ստեղծման եղանակով իրավաբանական բիզնեսում տնտեսական շահերի առաջմղումը` թաքնվելով մեղսակիցների թիկունքում ու արդարության մասին վերացական դատողություններ անելով:
ԲԴԽ-ի տիկտոկեր նախագահին մի անգամ անդրադարձել ենք, ևս մեկ անգամ կանդրադառնանք նոր երևան եկած հանգամանքների հիմքով:
Եվ առհասարակ բավական է խոսել դատական համակարգի հեղինակության բարձրացման մասին. դրանով հեղինակազրկում եք դատական իշխանությունը, որովհետև յուրայիններին և կուսակիցներին դատական համակարգ բերելով՝ ոչ թե համակարգի հեղինակության բարձրացման, այլ դրան տրամագծորեն հակառակ խնդիր է լուծվում:
Ի դեպ, Արմեն Աշոտյանին քաղբանտարկյալ անվանելը չի կարող արդարադատությանն ապօրինի միջամտություն դիտվել, 50-60 տոկոսի մեջ մտնող դատավորին բացատրե՛ք՝ «արդարադատությանը ապօրինի միջամտելը» դատավորին հրահանգներ ու ցուցումներ տալն է, որի վերաբերյալ վերջինս չի ըմբոստացել:
Պետք չէ սահմանադրական դատարանի հետ մրցել, թե ով ավելի շատ ու ավելի շուտ կկազմալուծի պետությունը: